Ով ում ծնկի բերեց. ՇՊՀ թնջուկը մեծանում է

Ով ում ծնկի բերեց. ՇՊՀ թնջուկը մեծանում է
**Նոր ռեկտոր, տարաձայնություններ եւ կադրային ջարդ**





Մեկ տարուց ավել է՝ Գյումրու մանկավարժական ինստիտուտի կառավարումն ստանձնեց Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի ղեկավար Սահակ Մինասյանը՝ թողնելով Շիրակի մարզպետարանի կրթության եւ սպորտի բաժնի վարչության պետի պաշտոնը : Հանրապետական ռեկտորի կառավարման 100 օրը դեռ չէր լրացել, երբ բուհի պրոֆեսորադասախոսական կազմը ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանին նամակ էր հասցեագրել՝ հայտնելով իրենց դժգոհությունը, որ բուհի մագիստրատուրայի ընդունելության քննություններին դասախոսներից եւ դեկաններից ոչ ոք չի մասնակցել՝ [բացառությամբ ռեկտորի](https://www.hraparak.am/posts/591f952de3d84d0d37fc4e17): ՀՀ վարչապետի հանձնարարականով վերահսկողության ծառայողության 5-6 աշխատակից այցելեց Գյումրու մանկավարժական ինստիտուտ՝ դիտարկում անցկացնելու: Ու թեև Հանրապետական ռեկտորը ջրից չոր դուրս եկավ, նամակն անհետևանք չմնաց: Որոշ ժամանակ անց նոր ռեկտորն անցավ կադրային ջարդի՝ մասնավորապես փորձ անելով ազատվել նախկին ռեկտոր Վարդևան Գրիգորյանի [կադրերից:](https://www.hraparak.am/posts/591f929ce3d84d0d37fc0cc4/%D5%AB%D5%B6%D5%B1-%D6%84%D5%A1%D5%B2%D5%A1%D6%84%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%AB%D6%81-%D5%A4%D5%B8%D6%82%D6%80%D5%BD-%D5%A4%D5%AA%D5%BE%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B4%D5%A2-%D5%A5%D5%B6-%D5%BF%D5%A5%D5%BD%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4-%D5%BD%D5%A1%D5%B0%D5%A1%D5%AF-%D5%B4%D5%AB%D5%B6%D5%A1%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6) Մինչ աշխատանքից ազատվողներն իրենց բողոքն էին արտահայտում, նորանշանակ ռեկտորը հայտարարում էր՝ «Բուհը բարեփոխումների է գնում, կառուցվածք է փոխվում՝ ժամանակի, ոգու թելադրանքով»:





**Սահակ Մինասյանը հռչակվեց մայր բուհի ռեկտոր**





Որոշում կար Սահակ Մինասյանին դարձնել Շիրակի մարզի մայր բուհի ռեկտոր: ՀՀԿ մարզային կառույցի ղեկավարն առանց այդ էլ շատ զոհողությունների էր գնացել հանուն հարազատ կուսակցության: Սահակ Մինասյանը զիջեց Գյումրու քաղաքապետի պաշտոնը, որին ի սկզբանե հավակնում էր, հետո հրաժարվեց խորհրդարանական ընտրություններից: Երբ ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն կոալիցա կազմեցին, կրթության նախարարի պորտֆելը բաժին հասավ դաշնակցականներին, եկավ հատուցման պահը: 2016թ-ի սեպտեմբերի 22-ին կառավարության որոշմամբ Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը վերակազմավորվեց «Շիրակի մարզի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի:Դեկտեմբերի 2-ին այն արդեն իրավաբանական[ գրանցում ստացավ:](https://www.hraparak.am/posts/591f93f5e3d84d0d37fc40d0) Ամիսներ անց դռնփակ նիստով տեղի ունեցավ Շիրակի Միքայել Նալբանդյանի անվան պետական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթ։ Հոգաբարձուների խորհուրդը՝ նախկին մարզպետ, Հանրապետական Ֆելիքս Ցոլակյանի նախագահությամբ, միաձայն ռեկտոր ընտրեց Սահակ Մինասյանին։ Նշենք, որ ինստիտուտը համալսարանի վերափոխվելով՝ ընդլայնվեց նաև ռեկտորի գործառույթներն ու լիազորությունները: Ստանձնելով հիմնադրամի ղեկավարումը՝ ռեկտորը խոստովանեց, որ հիմնադրամները շատ ավելի ազատ են իրենց ֆինանսական քաղաքականության մեջ:





**Դասախոսական եւ ուսանողական կազմի ընդվզում**



Նոր ուսումնական տարին բուհում մեկնարկեց դժգոհության ալիքով: Կայծը տվեցին երկու դասախոսները: Քաղաքագետ Գագիկ Համբարյանն ու Հովհաննես Խորիկյանը [բաց նամակ](https://www.hraparak.am/posts/59f91a61c30db40b2cb80f81/%D5%B6%D5%B8%D6%80-%D5%AB%D5%B6%D5%BF%D6%80%D5%AB%D5%A3%D5%B6%D5%A5%D6%80-%D5%B7%D5%AB%D6%80%D5%A1%D5%AF%D5%AB-%D5%BA%D5%A5%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%AC%D5%BD%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4-%D5%AF%D6%80%D6%84%D5%A5%D6%80%D5%A8-%D5%B9%D5%A5%D5%B6-%D5%B0%D5%A1%D5%B6%D5%A4%D5%A1%D6%80%D5%BF%D5%BE%D5%B8%D6%82%D5%B4:) հղեցին ՀՀ նախագահին ու վարչապետին:

Դասախոսների հավաստմամբ՝ բուհում անկառավարելի մթնոլորտ է: Նախկին ռեկտորից մնացած 500 միլիոն դրամն այլևս չկա , բյուջեն ճեղքվածք է տվել: Կատարվում է հսկայածավալ շինարարություն, որի անհրաժեշտությունը համալսարանը չունի: Համալսարանի գրադարանային ֆոնդը անխնա ոչնչացվել է, գրքերը համարվեցին առողջության համար վտանգավոր, գրապահոցները գրքերից ազատվեցին, որպեսզի գրախանութ դառնան: Համալսարանի բուֆետի հիմնանորոգումը համալսարանի բյուջեի համար արժեցել է 25 000 000-ից ավելի գումար: Մի շարք նմանատիպ ապօրինություններ, որոնք ի շահ ռեկտորի են կատարվել: Նամակի հրապարակումից հետո ռեկտորը հաշվեհարդար տեսավ նամակագիրներից մեկի՝ Հովհաննես Խորիկյանի հետ՝ ազատելով փիլիսոփայության ամբիոնի վարիչի պաշտոնից: Հաջորդ օրը ոտքի ելավ բուհի ուսանողությունը: Ուսանողների պահանջը մի քանիսն էր՝ վերանայել ուսումնական պլանը, առաջադեմ ուսանողների համար զեղչել վարձավճարները եւ աշխատանքի վերականգնել[ փիլիսոփայության ամբիոնի վարիչին](https://www.hraparak.am/posts/59f91a5fc30db40b2cb80f4b/%D5%AF%D6%80%D5%A9%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%B6%D5%A1%D5%AD%D5%A1%D6%80%D5%A1%D6%80%D5%A8-%D5%A3%D5%B5%D5%B8%D6%82%D5%B4%D6%80%D5%AB-%D5%A7-%D5%B7%D5%BF%D5%A1%D5%BA%D5%B8%D6%82%D5%B4-%D5%B7%D5%AB%D6%80%D5%A1%D5%AF%D5%AB-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%AC%D5%BD%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4-%D5%AC%D5%A1%D6%80%D5%BE%D5%A1%D5%AE-%D5%AB%D6%80%D5%A1%D5%BE%D5%AB%D5%B3%D5%A1%D5%AF-%D5%A7): Այս ամբողջ ընթացքում բուհի ռեկտորը լուռ էր: Միայն պտտվող խոսակցությունների համաձայն՝ նա չափազանց ինքնավստահ էր, քանի որ թիկունքին ՀՀԿ պատգամավոր Արման Սահակյանն է: Պատգամավորն անձամբ որևէ մեկնաբանությամբ հանդես չեկավ, նրա գրասենյակից միայն թեթև հաղորդեցին, որ բուհում կատարվող իրադարձությունները պատգամավորի անվան հետ բացարձակ կապ չունեն:





Ի վերջո իրավիճակը վերահսկելու նպատակով Գյումրի այցելեց կրթության եւ գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:Նախարարը լսեց երկու կողմերին էլ և խոստացավ, որ առաջիկայում կլինեն ստուգումներ: Խնդիրների հայտնաբերման պարագայում դրանք կլուծվեն հօգուտ ՇՊՀ ուսանողների: Ի դեպ, արդյունքներն արդեն ամփոփվել են եւ ուղարկվել բուհ: Բուհի ռեկտորը խոստացել է առաջիկայում անդրադառնալ դրանց:





**Կրթության նախարարը՝ նախկին եւ ներկա ռեկտորների արանքում**





Նախարար Լևոն Մկրտչյանի այցից հետո Շիրակի համալսարանի ռեկտորը որոշակի փոխզիջումների գնաց: Գիտխորհրդի նիստ հրավիրեց, ուսումնական պլանը վերանայելու առաջարկ արեց, հանդիպեց ուսանողների հետ՝ խոստումներ տվեց: Գյումրիում կարծիք ձևավորվեց, թե նամակագիր երկու դասախոսներին հաջողվեց ծնկի բերել ՀՀԿ կառույցի ղեկավարին: Նրանց թիկունքին հավանաբար հզոր ուժ է կանգնած՝ նախագահականից մեկը, որի հրահանգով ձեռքերը լվանում է Արման Սահակյանը՝ այլևս բուհի գործերին չխառնվելու որոշումով: Խոսակցություններ պտտվեցին, թե ռեկտորի պաշտոնին հավակնում է պռոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը՝ պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քույրը: Պատգամավորի քույրը սակայն հերքեց տեղեկությունը: Շահարկվեց նաև ԲՀԿ պատգամավոր Վարդևան Գրիգորյանի անունը:Նախկին ռեկտորին զայրացրեց հատկապես կրթության նախարարի դիրքորոշումը եւ որոշեց պարզաբանում տալ: Երեկ՝ Նոյեմբերի 9-ին, ԱԺ-ում հրավիրված մամուլի ասուլիսին Վարդևան Գրիգորյանը խոսքն ուղղեց կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին՝ հորդորելով, որ մեկին անհիմն պաշտպանելով՝ մյուսին անհիմն չմեղադրի: Նշենք, որ Լևոն Մկրտչյանը հայտարարել էր, թե բուհում տարիներով կուտակված խնդիրներ կան, որոնք լուծում չեն ստացել:Օրինակ դեկանների և ամբիոնների վարիչների ընտրություն ընդհանրապես չի եղել բուհում: Վերջին տարիներին ընդհանրապես դասախոսների ընտրություն չի եղել եւ այլն: Նախկին ռեկտորն այս մեղադրանքների հետ համաձայն չէ: Այնուամենայնիվ,ընդգծեց, որ նախարարի հայտարարություններում քաղաքական ենթատեքստ չի տեսնում:





**Լարված իրավիճակի պատճառով աշխատանքից ազատվեց պրոռեկտորը**





Պրոռեկտորի աշխատանքից ազատման մասին լուրն այսօր հայտնեց դասախոս Գ. Համբարյանը՝ հետևյալը գրառումն անելով իր ֆեյսբուքյան էջում: «Տեղի ունեցավ այն, ինչին մենք սպասում էինք… Ռեկտոր Սահակ Մինասյանին պետք էր քավության նոխազ, որի վրա պետք է բարդեր իր իսկ կատարած հանցագործությունները և ապօրինությունները… Պարկեշտ և ոչ կոնֆլիկտային Բագրատ Պողոսյանը ամենահարմար թեկնածուն էր, որի վրա ռեկտոր Մինասյանը կփորձի բարդել ԿԳ նախարարի կողմից բարձրաձայնած 9-10 «թերությունները»… Սակայն բուհում և հենց նույն նախարարն էլ գիտեն, որ այդ և շատ այլ ապօրինությունների հեղինակը հենց նույն ռեկտոր Սահակ Մինասյանն է…»:Ավելի ուշ Շիրակի պետական համալսարանը պաշտոնական հաղորդագրություն տարածեց Բագրատ Պողոսյանի անունից, որում ասվում է.

«Տեղեկացնում եմ, որ իմ աշխատանքից ազատվելու մասին հրապարակումները չեն համապատասխանում իրականությանը: Պրոռեկտորի պաշտոնից ազատվելու որոշումը կայացրել եմ ես, այդ մասին դեռևս ուսումնական տարեսկզբին բազմիցս խնդրել եմ ռեկտորին: Ցանկանում եմ առավել շատ ժամանակ տրամադրել գիտական գործունեությանը, մասնակցել միջազգային ծրագրերի: Իսկ ֆակուլտետի դեկանի պաշտոնին համաձայնվել եմ, քանի որ վերջինս համեմատաբար թեթև ծանրաբեռնված աշխատանք է: Բացի այդ հնարավորություն կունենամ ուսանողների հետ ծավալել գիտամանկավարժական աշխատանք»: Ռեկտոր Սահակ Մինասյանը հրաժարվեց զրուցել այս թեմայի շուրջ՝ ասելով, որ հայտարարությունում ամենը ասված է: Ի դեպ, ռեկտորի որոշմամբ պռոռեկտոր է նշանակվել բնագիտամաթեմատիակակն ֆակուլտետի դեկանը՝ Երվանդ Սերոբյանը: Մեզ հաջողվեց զրուցել դասախոսներից մի քանիսի հետ, ովքեր պռռոռեկտորի անակնկալ որոշումից ապշած են եւ վստահ են, որ նա իր կամքով ազատման դիմում չէր գրի:





Թե ինչ հանգուցալուծում է ստանալու Շիրակի համալսարանում առաջացած այս թնջուկը, դեռևս անորոշ է: Սակայն հստակ է, որ լարվածությունը գնալով աճում է: Իսկ ահա օրերս մեր խմբագրության էլեկտրոնային փոստին ուղարկված նամակներից մեկի հեղինակը կարծիք է հայտնում Շիրակի համալսարանի իրավիճակի հետ կապված : « Հավանե հարկանե կարծիքներ են հայտնում մարդիկ՝ ովքեր նույնիսկ չգիտեն սույն հաստատության տեղը, կարևորը՝ մեկամյա ռեկտորին քլնգելն է, կարևորը՝ այսպես կոչված «արդարության մարտիկներին» թիկունք կանգնելն է և կարևորը՝ նախկինների դուդուկ դառնալու մարմաջն է: Հոգ չէ, թե սույն բուհում տասնհինգ տարի այլանդակություններ ու ապօրինություններ են կատարվել մինչ Ս.Մինասյանը և ոչ ոք հիշյալ «արդարության մարտիկների» պաշտպաններից ծպտուն չի հանել »: Նամակագիրը բուհի որոշ դասախոսների անձնականի եւ անցյալի հետ կապված փորձել է նաև տեղեկություններ հաղորդել, ինչը հասկանալի պատճառներով հարկ չենք համարում հրապարակել: Նամակի բովանդակության հետ կապված փորձեցինք ճշտումներ անել դասախոս Գագիկ Համբարյանից: «Ես ճանաչում եմ նամակի հեղինակին եւ այս պահին որևէ մեկնաբանություն չեմ պատրաստվում անել, միայն կասեմ, որ կեղծ ֆեյքերին չեմ պատասխանում, քանի որ նա համացանցում կեղծ ֆեյքով է հանդես գալիս եւ փորձում վարկաբեկել մարդկանց»:





**Արևիկ Հակոբյան**