Չնեղացնել, բայց նաեւ պահանջել

Չնեղացնել, բայց նաեւ պահանջել
Հունիս ամսին, նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Վլադիմիր Օհանյանը եւ երգահան Դավիթ Ամալյանը, լիազորությունների 6 տարվա ժամկետով, նշանակվեցին հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամներ:



Մեզ հետ զրույցում **Դավիթ Ամալյանն** ասաց, որ հասցրել է ոչ միայն ներգրավվել աշխատանքային պրոցեսի մեջ, այլեւ ընթացքում ծանոթացել եւ դեռ շարունակում է ծանոթանալ խնդիրներին, իսկ դրա համար շաբաթն առնվազն 2-3 անգամ նիստեր են հրավիրում։ Ի դեպ, մեր զրույցի պահին էլ Դավիթ Ամալյանը նիստի էր։ «Շատ լավ մթնոլորտ է, բոլորն անաչառ եւ լավ մարդիկ են, մինչեւ իմ գալն էլ ես գրեթե շատերին գիտեի։ Հիմա ընթացիկ աշխատանքներ են, ցավոք, օրենքով մենք որեւէ միջամտություն անելու իրավունք չունենք եթերի գեղարվեստական մասին, բայց տեխնիկական եւ մնացած հարցերում, որտեղ հնարավորություն կա, փորձում ենք անաչառ լինել՝ չնեղացնել հեռուստաընկերություններին, բայց նաեւ պահանջել այն, ինչ պետք է»։



Ի՞նչ խնդիրներ կառանձնացնի հեռուստառադիոհեռարձակման ոլորտում։ Ամալյանն ասաց․ «Իմ կողմից հիմա մի քիչ դիլետանտություն կլինի որեւէ խնդրի մասին խոսելը, ուղղակի կուզեի, որ մենք ստեղծագործական մասով միջամտություն անելու իրավունք ունենայինք։ Ինքներս էլ հասկանում ենք, որ եթերում շատ բաներ կան, որին դեմ ենք, ուղղակի դրանց միջամտելու իրավունքը չունենք։ Ճիշտ է՝ օրենքով չի հասնում, բայց երբեմն, երբ «դանակը ոսկորին» է հասնում, կարող ենք որեւէ հեռուստաալիքի դիմել եւ ասել, ենթադրենք՝ այս սերիալը կամ այն տհաճ տեսահոլովակը եթեր մի տվեք։ Այսինքն՝ ինչ-որ բաների մարդկային առումով, այնուամենայնիվ, միջամտում ենք, բայց էլի եմ ասում՝ օրենքով դա մեզ վերապահված չէ, որովհետեւ իրենց մասնավոր սեփականությունն է»։