Ինձ համարում են դրածո, ինչ ասես՝ չեն գրում

Ինձ համարում են դրածո, ինչ ասես՝ չեն գրում

Վեցերորդ գումարման Ազգային ժողովի նորեկ պատգամավոր Անդրանիկ Հարությունյանը, որը ռեյտինգայինով պատգամավոր է դարձել Կոտայքի մարզից, «Գազպրոմ Արմենիա» ընկերության բարձրաստիճան պաշտոնյաներից էր, վարչապետի մտերիմը։ Նա մինչ օրս ելույթ չի ունեցել, հարց չի բարձրացրել, քանի որ, ինչպես ինքն է ասում, դեռ ծանոթանում է գործին։ Իսկ երեկ պատգամավորն ուշի-ուշով հետեւում էր բյուջեի քննարկումներին, որոնք մեկնարկել են մշտական հանձնաժողովներում։



- Պարոն Հարությունյան, Ձեր կարծիքով, բյուջեի նախագիծն ինչպե՞ս է ազդելու ժողովրդի կենսամակարդակի վրա՝ աշխատավարձերի, կենսաթոշակների բարձրացում չի նախատեսվում։ Ընդդիմադիրները 2018-ի բյուջեն հասցրել են որակել «յոլա գնալու» եւ մի բան էլ ավելի վատ բյուջե, մինչդեռ Կարեն Կարապետյանը, վարչապետ դառնալով՝ տեսանելի փոփոխություններ էր խոստանում։
- Ես որքանով հասցրել եմ ծանոթանալ, սա բավական բալանսավորված բյուջե է, ավելի բալանսավորված է, քան յոլա գնալու։ Ես ինչքանով պատկերացնում եմ, փուլերի են բաժանել, այս փուլում մենք գնում ենք բալանսավորման ուղղությամբ, այսինքն՝ ծախսերի ճշգրտում, դրանից հետո նոր կլինի տնտեսական աճ, մենք կունենանք թե՛ միջին եւ նվազագույն աշխատավարձերի, թե՛ կենսաթոշակների աճ։



- Եկող տարվա բյուջեով 4.2 տոկոս տնտեսական աճ է կառավարությունը նախատեսում, մինչդեռ Արժույթի միջազգային հիմնադրամի հաշվարկներով՝ այդ աճը հազիվ 2.9 տոկոսին մոտ լինի․ ինչո՞վ կբացատրեք կառավարության մոտեցումը։
- Չփորձեմ խորանալ այդ հարցերի մեջ, որովհետեւ մասնագիտությամբ տնտեսագետ չեմ։



- Արդեն երկրորդ տարին է՝ կառավարությունն աշխատավարձերի, կենսաթոշակների բարձրացում չի նախատեսում, չե՞ք կարծում, որ օրեցօր թափ առնող գնաճը սոցիալական բունտի կհանգեցնի։
- Չէ, այդպես չէ։ Եկեք պատկերացնենք․ հիմա դնենք՝ թոշակ բարձրացնենք՝ նորից ավելացնելով պարտքը։ Այս բյուջեն նախատեսում է, որ գնում ենք դեպի կապիտալ ներդրումներ, ունենում ենք ՀՆԱ-ի աճ, որն իր հերթին բերում է բյուջեի եկամուտների աճ, հետեւաբար, հանգիստ կարողանում ենք նվազագույնը հինգ հազար դրամով ավելացնել կենսաթոշակները։



- «Ծառուկյան դաշինքի» պատգամավոր Միքայել Մելքումյանը կապիտալ ներդրումների մասով նկատեց ռիսկայնությունը եւ կոռուպցիայի գործոնը՝ ասելով, որ, միանշանակ, չենք կարող աճ արձանագրել։
- Դրանց մասին չեմ ուզում խոսել, բայց գոնե եթե ներդրումներ լինեն տնտեսության մեջ, բոլորովին այլ վիճակ կլինի։



- Պարոն Հարությունյան, վարչապետն այս տարվա կտրվածքով էլ 850 մլն․-ի ներդրումներ էր խոստանում, որը դեռեւս չի կատարվել։
- Ես հուսով եմ, որ կառավարությունն ինչ ստանձնել է, այն էլ կատարելու է, օրինակ՝ մենք էսօր ավելի շատ աճ ունենք, քան իրենք ծրագրել էին՝ 3.5 տոկոս, դրա համար ես մեծ հույսեր ունեմ, որ այդ ներդրումները կլինեն։



- Ներդրումների ակումբի միակ ներդրում կատարած գործարարը Սամվել Կարապետյանն է, անվստահությո՞ւն կա Կարեն Կարապետյանի հետ կապված, թե՞ Հայաստանում բիզնես միջավայրը բարենպաստ չէ։
- Ես այդ ակումբին ծանոթ չեմ, բայց որ գիտեմ՝ կառավարությունը պատրաստակամ է, որ ներդրումներ կատարվեն, դա հաստատ է։ Օրենսդրական դաշտում կատարվող վերջին փոփոխություններն էլ այդ պատրաստակամության մասին են հուշում, օրինակ՝ ավելացված արժեքի հարկից ազատվելու են հաստոցներ, մեքենաներ ներկրող ընկերությունները։ Այսինքն՝ կառավարության քայլերը վստահություն են ներշնչում դաշտն առավել բարենպաստ դարձնելու ուղղությամբ։



- Պարոն Հարությունյան, Դուք խորհրդարանի նորեկներից եք, Ձեր ձայնը դեռ չենք լսել, որոշել եք համալրե՞լ չխոսկանների շարքը, թե՞ ամեն ինչ դեռ առջեւում է։ Օրինակ՝ երկրում կամ Ձեր մարզում՝ Կոտայքում, չկա՞ն խնդրահարույց հարցեր, որոնք չեք բարձրաձայնում։
- Մենակ մեր հանձնաժողովը՝ պետաիրավականը, հիսունից ավելի օրինագծեր է վերջերս անցկացրել, անձամբ ես մոտ շրջանում հանդես կգամ նախագծերով, որոնք ինքս եմ հեղինակել։ Դրանք ավելի շատ դատական ոլորտներին կվերաբերեն։
Ինչ վերաբերում է իմ ոչ ակտիվությանը, գիտեք, ոնց որ ասացիք՝ նորեկ եմ, հետեւաբար, չեմ ուզում շատ խելացի երեւամ, դրա համար ես իմ համար բաժանել եմ՝ գործին ծանոթանալ-հասկանալ, դրա համար սահմանել եմ վեց ամիս, դրանից հետո կամաց-կամաց գործի մեջ մտնեմ։



- Ի՞նչը Ձեզ դուր չի գալիս այդ ոլորտում, ի՞նչ եք պատրաստվում փոխել։
- Այդ մասին կխոսեմ առաջիկայում։



- Դուք Կոտայքի մարզից եք պատգամավոր ընտրվել, կասե՞ք, թե Ձեր տարածաշրջանի խնդիրները որոնք են, ինչ չեն հաջողել անել նախկին պատգամավորները, որը պետք է Դուք անեք։
- Հիմնականում սոցիալական խնդիրներն են։ Քաղաքացուն ավել բան պետք չէ, ինքը հա՛մ ուշադրությունից է կուշտ, հա՛մ էս լավ խոսքերից ու խոստումներից։ Մարդը պետք է առավոտյան տնից դուրս գա ու գնա աշխատանքի, վերադառնա տուն, իսկ առանց ներդրումների, առանց տնտեսական զարգացման դա հնարավոր չէ։



- Փաստորեն, Կոտայքում էլ է սրված այդ խնդիրը՝ հաշվի առնելով Ծառուկյանի գործոնը, որը, այսպես ասած՝ նայողն է այդ մարզի։
- Ինչպես բոլոր մարզերում, մեզ մոտ էլ, այո, կա նման խնդիր։ Ես չգիտեմ՝ Դուք ինչը նկատի ունեք, բայց մենք Աբովյանում ունեցել ենք «Սիրիուս» գործարանը, որն էսօր պարապուրդի է մատնված, չկա ուղղակի այդ գործարանը, ու գրեթե անհավանական է, որ էդ գործարանն աշխատի։ Գոնե մենք էդ բացն ունենք, հասկանո՞ւմ եք։



- Կարեն Կարապետյա՞ն, թե՞ Սերժ Սարգսյան․ քաղաքական շրջանակները շարունակում են կանխատեսել, թե 2018-ից հետո ով է լինելու վարչապետը։
- Ճիշտն ասած՝ էդ մասին խորը չեմ մտածում, թիմում էլ դեռ քննարկում չի եղել։



- Դուք կիսո՞ւմ եք որոշ ՀՀԿ-ականների կարծիքը, որ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է։
- Ի՞նչ է նշանակում՝ մարդն… ինքն էդ ժամանակահատվածի համար ունեցել է անփոխարինելի դերակատարություն՝ անվտանգության առումով, պատերազմի ժամանակ։ Կան ժամանակահատվածներ, որ յուրաքանչյուր մարդու դերն անփոխարինելի է, այդ թվում՝ նախագահի։



- Հիմա եթե Սերժ Սարգսյանը 2018-ից հետո վարչապետ չդառնա, չի՞ լինի։
- Բերեք ես կարծիք չհայտնեմ, իմը կողմնակալ է լինելու, սպասենք կուսակցության որոշմանը։



- Ինչո՞ւ կողմնակալ, որովհետեւ Դուք վարչապետի թիմից եք, եւ ՀՀԿ-ում միատա՞րր չէ թիմը։
- Դրանք սոսկ կարծիքներ են, ինձ համարում են դրածո, ինչ ասես՝ չեն գրում, ես չեմ պատկերացնում՝ մարդը ոնց կարա դրածո… մարդուն ոնց կարան դնեն պատգամավոր, սկզբից ցավոտ էի տանում, բայց հիմա՝ ոչ։



- Բոլոր դեպքերում, Դուք Կարեն Կարապետյանի մտերիմն եք, եւ նա՛ Ձեզ ասպարեզ բերեց։
- Ինչո՞վ է պայմանավորված՝ կասե՞ք դա։



- Դո՛ւք պետք է ասեք։
- Իհարկե, ես վարչապետի թիմի անդամ եմ այնքան, որքան նախագահի թիմի անդամ եմ, վարչապետը մեր կուսակցության առաջին փոխնախագահն է, նախագահն էլ՝ նախագահը, ես էլ էդ թիմի անդամ եմ ու վստահեցնում եմ, որ տարաձայնություններ, մրցակցություն թիմում չկան, այլապես ես եկած-չեկած՝ կհելնեի-կվազեի, ցույց կտայի ինչ-որ բաներ, բայց՝ չէ, ամեն մեկն իր դերակատարումն ունի։



- Հիմա Դուք 2018-ից հետո Կարեն Կարապետյանին ո՞ր պաշտոնում եք տեսնում։
- Թիմը ոնց կորոշի։



- Զինապարտության մասին օրենքում փոփոխությունը, որով հանվում է տարկետման իրավունքը, բուռ քննարկման ենթարկվեց․ ո՞րն է Ձեր կարծիքը։
- Ես կարծում եմ, որ այդ իրավունքը պետք է հավասար տարածվի, կա՛մ պետք է բոլորն օգտվեն, կա՛մ բոլորը ծառայեն։ Բերված օրենքը հենց այդպիսին է։ Դա ոչ մի ձեւ վնաս չի տալու գիտությանը։ Ես ինքս տարկետումից օգտվել եմ, չեմ ծառայել, ինստիտուտ, համալսարան, հետո երկու երեխա։ Իմ տղան չի օգտվել, որովհետեւ իրավաբանականի ուսանող էր, գնաց բանակ ծառայեց, հետ եկավ, հիմա նոր երրորդ կուրս է։ Բայց ինչի՞ համար կարաք ասեք խտրական վերաբերմունք պիտի լինի՝ ընդունենք պայմանական միջազգայինում սովորողը կարա տարկետումից օգտվի, իմ տղան՝ ոչ։ Իմ հայրն էլ գերազանց իրավաբան է եղել, ծառայել ու նոր եկել շարունակել է։



- Իսկ որտե՞ղ է ծառայել Ձեր տղան, հաստատ՝ ոչ առաջնագծում, չէ՞։
- Հարցում արեք, ՊՆ ուղարկեք։



Լուսինե
ՇԱՀՎԵՐԴՅԱՆ