Իդեալական կլիներ, եթե պրոֆեսիոնալ դեսպան նշանակվեր

Իդեալական կլիներ, եթե պրոֆեսիոնալ դեսպան նշանակվեր

Վերջապես Վրաստանում Հայաստանի նոր դեսպան ունենք։ Նա այդքան չարչրկված Սերգեյ Մինասյանը չէ, ում Վրաստանի իշխանություններն այդպես էլ չընդունեցին՝ ռուսամետ լինելու պատճառաբանությամբ։ Մենք գրել էինք, որ հնարավոր է դեսպան նշանակվի նախկին պատգամավոր Ռուբեն Սադոյանը (Կենտրոնի թաղապետ Արա Սադոյանի եղբայրը), ով Գագիկ Բեգլարյանի մտերիմն է։ Հենց Բեգլարյանն էր, մեր տեղեկություններով, լոբբինգ արել Սադոյանի համար, որ նրան դեսպան նշանակեն, իր որդին էլ Սադոյանի եղբոր փոխարեն վարչական շրջանի ղեկավար նշանակվի․ այժմ տեղակալն է։ Սերժ Սարգսյանի հրամանով Յուրի Վարդանյանն ազատվեց դեսպանի պաշտոնից, նրա փոխարեն նշանակվեց Ռուբեն Սադոյանը։ Թե ինչ կապ ունի Սադոյանը դիվանագիտության հետ, սոցցանցերում երեկ ողջ օրը չէին կարողանում հասկանալ։ Վրաստանի հետ որեւէ քաղաքական առնչություն նրա կենսագրականում չկա, արտաքին քաղաքականության հետ էլ առանձնապես չի առնչվել, բայց չի բացառվում, որ կարող է շատ ավելի լավ դեսպան լինել, քան ԱԳՆ-ում կյանք մաշած դիվանագետները։ Մանավանդ հայ-վրացական հարաբերություններում, Ջավախքում շատ լուրջ խնդիրներ կան կուտակված։ Ամեն դեպքում, շատերը կարծում են, որ եթե «շտանգիստին» կարելի է դեսպան նշանակել, ապա ԱԺ նախկին պատգամավոր Սադոյանին կարելի է ու կարելի։



ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ջավախքցի Շիրակ Թորոսյանն այս կապակցությամբ ասաց, որ Ռուբեն Սադոյանին ինքը վաղուց է ճանաչում՝ շատ պատրաստված, խոհեմ, խելացի անձնավորություն է։ «Եվ կարծում եմ՝ կկարողանա հայ-վրացական հարաբերությունները բարձր մակարդակի վրա պահել։ Իհարկե, իդեալական կլիներ, եթե պրոֆեսիոնալ դիվանագետ նշանակվեր, որովհետեւ, ամեն դեպքում, դիվանագիտությունը մի արվեստ է, որտեղ արհեստավարժությունն իր տեղն ունի։ Բայց, ամեն դեպքում, ես հույս ունեմ, որ պարոն Սադոյանն իսկապես կկարողանա անել այն, ինչ իրենից ակնկալվում է»,- ասաց Թորոսյանը։



- Տարօրինա՞կ չէր նրա նշանակումը, նա ի՞նչ կապ ունի արտաքին քաղաքականության կամ Վրաստանի ու Ջավախքի հետ։
- Երբ մենք նայում ենք դիվանագետներին, եւ, ընդհանրապես, ամբողջ աշխարհում դա ընդունված է, դեսպանի պաշտոնում նշանակվում են հաճախ ոչ պրոֆեսիոնալներ՝ հաշվի առնելով մարդու ունեցած դերը, դիրքը հասարակության մեջ, անցած ճանապարհը։ Կրկնում եմ՝ իդեալական կլիներ, եթե պրոֆեսիոնալ դեսպան նշանակվեր։ Բայց, ամեն դեպքում, Սադոյանի մտավոր, ինտելեկտուալ հնարավորությունները մեզ թույլ են տալիս հուսալու, որ նա կկարողանա իր առջեւ դրված խնդիրները հաջողությամբ լուծել։
Ընդհանրապես, ցանկացած նշանակումից առաջ եւ հետո առաջին տեղում միշտ հույս փայփայելն է, որովհետեւ ոչ ոք չգիտի, թե ոնց կստացվի կամ ինչ չափով կստացվի։ Դրա համար, բոլոր դեպքերում, մարդիկ միշտ հուսադրված են որեւէ քայլ կատարում, եւ մենք կսպասենք արդյունքներին։



- Երբ Յուրի Վարդանյանը նշանակվեց դեսպան, դա շատ քննադատվեց, եւ Սերժ Սարգսյանի այդ որոշումը տարակուսանքի տեղիք տվեց։ Հիմա, փաստորեն, Սերժ Սարգսյանը գերազանցեց ինքն իրեն։
- Դիվանագետի նշանակումը որեւէ կերպ տարօրինակ չի համարվում, եթե մարդն անցած ճանապարհ ունի, եւ դա արդեն քաղաքական որոշման արդյունք է։ Մենք բազմաթիվ դեպքեր ունենք, երբ մարդը նշանակվում է դեսպան՝ իր անցած ճանապարհով, հասարակության մեջ ունեցած իր դիրքով։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ