Դավիթ Հարությունյանը չի ժխտում, որ ՀՀԿ-ի զգալի մասը դեմ է արտահայտվել օրենքին

Դավիթ Հարությունյանը չի ժխտում, որ ՀՀԿ-ի զգալի մասը դեմ է արտահայտվել օրենքին

Մամուլում երկու օր է` գրվում է, որ ՀՀԿ-ականները դեմ են ընտանեկան բռնության դեմ օրենքին, որը շրջանառտության մեջ էդրել արդարադատության նախարարությանը։ Հանրապետականներն անգամ երդվել են դեմ քվեարկել, եթե օրենքն այս տեսքով մտնի խորհրդարան։ Այդ կապակցությամբ բուռն քննարկումներ են եղել ՀՀԿ նիստում։ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը չժխտեց, որ ՀՀԿ-ում մի զգալի մաս դեմ է արտահայտվել օրենքի նախագծին։ Բայց և ասաց, որ նախագծի պրոբլեմատիկ դրույթներն էապես չեն փոխվելու։



«Ես կարծում եմ՝ էապես դրույթները չեն փոխվելու, նրանք հստակեցվելու են, որպեսզի մտահոգությունները իմ գործընկերների, այդ թվում՝ ՀՀԿ-ական, փարատվեն։ Այնպես որ, օրենքի նախագծի վրա որոշակի աշխատանք կատարվում է, որպեսզի փարատվեն կասկածները, որ օրենքը ոչ ողջամտորեն չմեկնաբանվի»,-ասաց նա՝ նշելով, որ դա շատ լավ է, որ ՀՀԿ-ում բոլորը չէ, որ բացարձակ կողմ են, ինչը ստեղծում է քննարկման առողջ միջավայր։



Այնդուհանդերձ, քննարկումների ժամանակ եղե՞լ են խոստումներ, որ եթե չփոխվի իրենց ուզած ձևով, դեմ կքվեարկեն, նախարարն ասաց․ «Ճիշտն ասած՝ ուղղակի այդ բառով, որ մեկը խոստանա, ես նման բան չեմ հիշում, բայց ասում էին, որ եթե այս ձևակերպումը մնա, ես չեմ կարող քվեարկել կողմ, բայց դա սովորական մտքերի փոխանակման շրջանակներում է եղել։ Զգալի մասը ուներ մտահոգություն, որը պետք է փարատվի»։



Hraparak.am-ը նկատեց, որ տեսակետ կա, թե սա ԵՄ-ի պահանջն է, և որ այս օրենքն ընդունվի, հակառակ դեպքում հնարավոր է՝ ինչ-որ հարթության մեջ վատանան ՀՀ-ԵՄ հարաբերությունները։



Դավիթ Հարությունյանն այստեղ հիշեցրեց Ստամբուլյան կոնվենցիայի մասին, որը ստորագրել են Եվրոպայի խորհրդի բոլոր անդամները, բացի երեքից՝ Հայաստան, Ռուսաստան, Ադրբեջան։



«Ինչ վերաբերում է Եվրոպայի ընդհանուր մոտեցմանը, ես կարծում եմ, որ արդեն բազմիցս նշել եմ, որ պայքարը՝ ընտանեկան բռնության դեմ, ոչ թե եվրոպական երևույթ է, այլ համաշխարհային երևույթ է, և դա չի սահմանափակվում զուտ Եվրոպայով։ Բացի այդ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մշակել է նախադեպային իրավունք, համաձայն որի, երկրները պատասխանատու են, անկախ նրանից՝ կընդունենք մենք նման օրենք, թե ոչ, կստորագրենք Ստամմբուլյան կոնվենցիան, թե ոչ, անկախ ամենից՝ ընտանեկան բռնության դեպքերը, որոնց պարագայում երկիրը չի կատարել իր պարտականությունը՝ պաշտպանելու զոհին, այդ երկրները պատասխանատու են և պարտավոր են կատարել դատարանի որոշումները»,-ասաց Դավիթ Հարությունյանը։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ