Ինչո՞ւ են ազատվել Չարենցավանի եւ Ալավերդու ոստիկանապետերը

Ինչո՞ւ են ազատվել Չարենցավանի եւ Ալավերդու ոստիկանապետերը

Սերժ Սարգսյանի՝ ոստիկանության կոլեգիայի նիստին մասնակցելուց ու աղմկահարույց ելույթ ունենալուց հետո ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ձեռնամուխ եղավ կադրային փոփոխությունների։ Թե որքանով կապ ունի Սարգսյանի ելույթը Գասպարյանի որոշումների հետ, ոստիկանությունից չեն մեկնաբանում՝ հիշեցնելով ստանդարտ ու ոչինչ չասող տեքստերը․ ոստիկանական համակարգում միշտ են կադրային տեղաշարժեր լինում։



Նախ՝ հոկտեմբերի 26-ին պաշտոնից ազատվեց ու թոշակի գնաց Չարենցավանի ոստիկանապետ Սամվել Տոնոյանը։ Նրա փոխարեն նշանակվեց Սեւանի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանը։ Երեկ էլ Վովա Գասպարյանն աշխատանքից ազատեց Լոռու մարզի Ալավերդի քաղաքի ոստիկանապետ Վահագն Մոսինյանին եւ նրա տեղակալին։



Պատճառը, մեր տեղեկություններով, Թուֆենկյանի մոտ ալավերդցիների մասնակցությամբ տեղի ունեցած կրակոցներն ու սպանությունն էր, որի գործով կասկածյալները հայտնաբերվել են արդեն, նրանցից երկուսը՝ Վրաստանում։ Բայց միայն սա չէր, Ալավերդին ինքն իրենով կրիմինալ քաղաք է, նույն՝ Թուֆենկյանի մոտ սպանությանը նախորդել են բազմաթիվ այլ սպանություններ հենց Ալավերդում, որոնք վենդետաների շարքից են եղել։ Եվ տեղի ոստիկանությանը չի հաջողվել դրանց դեմն առնել։ Վովա Գասպարյանը Վահագն Մոսինյանին այս պաշտոնում Արտակ Գուրջունյանով փոխարինելով՝ թերեւս հույս ունի կարգավորել կրիմինալ իրավիճակն այս տարածաշրջանում։



Չարենցավանի ոստիկանապետ Սամվել Տոնոյանի ազատումը եւս, մեր տեղեկություններով, պայմանավորված է թույլ տրված բացթողումներով ու թերացումներով։ Չնայած նշվում է, որ 56-ամյա Տոնոյանն ազատվել է աշխատանքից «երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու պատճառով»։ Թե 60 տարին չլրացած ոստիկանապետի ի՞նչ թոշակի անցնելու ժամանակն էր։ Սամվել Տոնոյանը, իհարկե, երկարամյա ծառայող էր այս համակարգում, տարբեր պաշտոններ է զբաղեցրել Չարենցավանի բաժնում, մինչեւ որ հասել է ոստիկանապետի պաշտոնին։ Իսկ ոստիկանապետ նշանակվել է բավականին աղմկահարույց մի դեպքից հետո, ինչն այդ ժամանակ վրդովմունք էր առաջացրել մարդկանց մոտ, եւ երկար ժամանակ բողոքի ակցիաներ էին կազմակերպվում այդ առնչությամբ։ Խոսքը Վահան Խալաֆյանի սպանության մասին է, որը հենց ոստիկանությունում գտնվելու ժամանակ է սպանվել։



Տոնոյանն այդ ժամանակ Չարենցավանի ոստիկանապետի օպերգծով տեղակալն էր, եւ նրա հասցեին եւս մեղադրանքներ էին հնչում Խալաֆյանի մահվան մեջ հնարավոր դերակատարման առնչությամբ։ Բայց նա անցել է գործով որպես վկա, փոխարենը մեղադրանքներ են առաջադրվել Չարենցավանի ոստիկանության մի խումբ այլ աշխատակիցների, որոնց մի մասը դատապարտվեց, մի մասն էլ հետո ազատվեց պատժից։ Հիշեցնենք, որ հարուցված քրեական գործի շրջանակներում հաստատվել էին ոստիկանության բաժնում բերման ենթարկված 6 քաղաքացիների նկատմամբ բռնությունների փաստերը, որի արդյունքում այդ վեցից մեկին՝ Վահան Խալաֆյանին, գտել էին մահացած։ Այդ դեպքից երկու տարի անց՝ 2012-ի ապրիլին, Տոնոյանը Վլադիմիր Գասպարյանի հրամանով նշանակվեց Չարենցավանի ոստիկանապետ։



Նրանից Չարենցավանի բնակչությունն առանձնապես դժգոհ չէր, համենայնդեպս, նա լավ տիրապետում էր քաղաքին, բոլորին հատ-հատ ճանաչում էր, ամեն ծակուծուկը գիտեր։ Բայց վերջին տարիներին Չարենցավանում մի շարք գողություններ տեղի ունեցան, որոնք կա՛մ չբացահայտվեցին, կա՛մ էլ, ասում են, ոստիկանությունը քաղաքացիների հաղորդումներին ընթացք չէր տալիս։ Օրինակ՝ մի շրջան եղավ, երբ գրեթե ամեն օր ավտոմեքենաներից գազաբալոնների ու այլ արժեքավոր մասերի, նաեւ բնակարանային գողություններ էին լինում, եւ ոչ բոլորն էին բացահայտվում։ Վերջերս էլ մենք գրել էինք, որ Չարենցավանին կից Արջաձոր համայնքում 18 գլուխ անասուն են գողացել։ Դեպքից մոտ մեկ ամիս է անցել, բայց որեւէ դրական տեղաշարժ չկա։ Հետեւաբար, ասում են, հենց այս ցուցանիշներն են եղել պատճառը, որ Վովա Գասպարյանը որոշել է Տոնոյանին ազատել աշխատանքից ու նրան փոխարինել Սեւանի ոստիկանապետով։ Տոնոյանը հազիվ թե այլ աշխատանքի անցնի ոստիկանությունում, նրան կադրերի ռեզերվ էլ չեն ուղարկել։ Թեպետ՝ առանց եկամտի աղբյուրի, հաստատ, չի մնա, քանզի այս ընթացքում հասցրել է Չարենցավանում մի շարք տարածքների ու առեւտրային օբյեկտների տեր դառնալ։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ