Կարող եմ ժամերով խոսել համակարգի թերությունների մասին

Կարող եմ ժամերով խոսել համակարգի թերությունների մասին

Նոյեմբերի 24-ին կստորագրվի ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Այս չարչրկված, տարած-հետ բերած համաձայնագրին Հայաստանը երկար է սպասել։ Բայց, ինչպես ցույց են տալիս համաձայնագրի բովանդակությունն ու դրա մեկնաբանությունները, երկար սպասված այս փաստաթղթից պետք չէ մեծ սպասելիքներ ունենալ։ Ի վերջո, այս համաձայնագիրը չունի այն ասոցացման համաձայնագրի հմայքը, որը մի գիշերում հօդս ցնդեց ԵԱՏՄ-ին անդամակցելու պատճառով։ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանից հետաքրքրվեցինք, թե ինչ բարեփոխումներ են այս փաստաթղթով նախատեսվում արդարադատության ոլորտում, այդ թվում եւ՝ ՔԿՀ-ների մասով։



«Մեր բարեփոխումները մենք ուրվագծել ենք՝ անկախ այդ փաստաթղթից։ Այդ փաստաթուղթն ընդամենը մեզ աջակցելու է, որպեսզի մենք գնանք առաջ։ Առաջին հերթին խոսքը վերաբերում է դատական իշխանությանը եւ արդարադատության ոլորտին՝ որպես այդպիսին։ Օրինակ՝ Դատական օրենսգիքը, որն արդեն ներկայացված է հանրության դատին եւ շուտով կներկայացվի նաեւ խորհրդարան, եւս արտացոլում է մեր առաջնահերթությունները։ Բայց դրանք զուտ օրենքով ամրագրելը երբեւէ չի կարող համարվել բավարար, որովհետեւ անհրաժեշտ է համապատասխան կարողությունների ստեղծում։ Մեր համագործակցությունը ԵՄ-ի հետ հնարավորություն կընձեռի, որ մեր եվրոպացի գործընկերները եւս մասնակից դառնան այդ կարողությունների ստեղծմանը»,- բացատրեց Դավիթ Հարությունյանը։



- Այդ կարողությունների ստեղծումն ինչ-որ դրույթներով ամրագրվա՞ծ է համաձայնագրում, որոնք նաեւ պարտավորություններ կառաջացնեն երկուստեք։



- Չէ, նրանք պարտավորություն չեն, նրանք բխում են համաձայնագրի ընդհանուր կոնտեքստից, իսկ դրա հիման վրա արդեն մշակվում են ծրագրերը։



- Այսպես ասեմ՝ կա՞ ինչ-որ խոստում կամ պայմանավորվածություն, որ համաձայնագրի ստորագրումով դրամաշնորհներ կտրամադրվեն Հայաստանին, ֆինանսական որեւէ աջակցություն՝ կոնկրետ ծրագրերի։



- Ոչ, չկան։ Դրանք խոստումներ չեն, այսինքն՝ դա աշխատանքի ոճ է, դրա համար պետք չէ խոստանալ, պետք է ընդամենը աշխատել։ Եվ սկզբունքորեն մենք դրանով ցույց ենք տալիս, թե ինչ արժեքներ ենք դավանում եւ ուր ենք գնում։



- Այդ դեպքում ռեալ ի՞նչ սպասենք համաձայնագրից։



- Ռեալ սպասենք շատ լուրջ եւ համատեղ աշխատանք։



- Մասնավորապես, ՔԿՀ-ներում պայմանների բարելավման, արդիականացման որեւէ ծրագիր կարո՞ղ է իրականացվել համաձայնագրի հիման վրա։



- Ոչ, դա դրա հետ կապված չէ։ Քրեակատարողական հաստատությունները բարեփոխում ենք հիմնականում մենք մեր ուժերով, թեեւ Եվրամիությունը որոշակի աջակցություն ցուցաբերեց, եւ մենք զուտ քրեակատարողական հաստատությունում գտնվող բուժծառայության հետ կապված՝ ունեցանք որոշակի սարքավորումների հարցում աջակցություն, ինչպես նաեւ կարողացանք աջակցություն ստանալ քրեակատարողական ծառայողներին առողջապահական մասնագիտական դասընթացների մասնակցության մասով։



- Օրերս քննարկում եղավ, որտեղ ՔԿՀ-ներում մոնիտորինգ իրականացնող խումբը ներկայացրեց այն անմխիթար պայմանները, որում գտնվում են դատապարտյալները։



- Դրա վերաբերյալ մեր արձագանքը կա մեր պաշտոնական կայքում։ Թերություններ բազմաթիվ կան, կարծում եմ՝ որոշ դեպքերում դիագնոստիկան այդքան էլ ճիշտ չէ արված, որոշ դեպքում մամուլը, ցավոք սրտի, սխալ մեկնաբանեց դիտորդական խմբի խոսքերը։ Ամեն դեպքում, մեր արձագանքը ներկայացված է, բայց դա ամենեւին չի նշանակում, որ թերություններ չկան։ Կարող եմ ժամերով խոսել համակարգի թերությունների մասին։



- Ի դեպ, շատ է խոսվում, որ ՔԿՀ պետերը միշտ խնդիրներ են ունենում արդարադատության նախարարների, այդ թվում՝ Ձեզ հետ։



- Պետք է նշեմ, որ ես ՔԿՀ պետերից անձամբ ճանաչում եմ երեւի երեքին կամ չորսին, որոնք համակարգում աշխատել են դեռեւս նախորդ տարիներին՝ ղեկավար պաշտոններում։ Մի զգալի մասին անգամ դեմքով չեմ ճանաչում, առիթ չեմ ունեցել անգամ հանդիպելու, որովհետեւ իմ անմիջական գործը չէ կառավարել քրեակատարողական հիմնարկները։



- Ամեն դեպքում, նախարարը հաճախ չի կարողանում իր լծակները լիարժեք կիրառել նրանց նկատմամբ, նրանք կարծես չեն ենթարկվում նախարարին։



- Առանց մեկնաբանության։



- Դուք այդքան զորե՞ղ եք, ունե՞ք բավարար կամք՝ ի պաշտոնե ազդելու ՔԿՀ պետերի վրա, որտեղ լրիվ այլ բարքեր են գործում։



- Այլ բարքերը շատ հաճախ պայմանավորված են բազում այլ պատճառներով, որոնց ուղղությամբ մենք հիմա փորձում ենք քայլեր կատարել։ Ինչ վերաբերում է արդարադատության նախարարի լիազորություններին, վստահեցնում եմ Ձեզ, չկա օրենքով նախատեսված որեւէ լիազորություն, որն արդարադատության նախարարն ի վիճակի չլինի կյանքի կոչել։



- Այդ դեպքում ինչո՞ւ չեն լուծվում այդ բազում խնդիրները ՔԿՀ-ներում։



- Այդ խնդիրները պայմանավորված են բազում հանգամանքներով։



- Կոռուպցիայի պատճառը ՔԿՀ-ներում ո՞րն է՝ ցածր աշխատավա՞րձը միայն, որ կալանավորներից մեծ փողեր են առնում։



- Տեսեք, պատճառները, ինչպես նշեցի, բազմաթիվ են, եթե Դուք հարցնեիք՝ կարո՞ղ եմ արդյոք ես ուրվագծել քրեակատարողական հաստատություն, որը զերծ է բազմաթիվ նման երեւույթներից, ապա՝ այո, բայց դա պահանջելու է վիթխարի ռեսուրսներ, որոշ դեպքերում՝ միանգամյա, որոշ դեպքերում՝ ընթացիկ։ Այսինքն՝ մեզ պետք են նոր քրեակատարողական հաստատություններ՝ անվտանգության բոլոր նորմերին համապատասխանող։ Մեզ պետք է անցում կատարել հիմնականում խցային տիպի հաստատություններին՝ պահպանելով հնարավոր տարանջատումը ռեժիմների։ Բայց դա հեքիաթի է նմանվում, որովհետեւ մենք միանգամից այդքան մեծ ռեսուրսներ չենք կարող ներդնել։ Տարեցտարի ինչ-որ քայլեր կատարո՞ւմ ենք, այո, եւ «Արմավիր» ՔԿՀ-ն հենց դրա արդյունքն էր։ Ինչ վերաբերում է աշխատավարձերին՝ այո, համակարգում շատ ցածր են, եւ ընթացքում պետք է դրանք վերանայվեն։



- Այսինքն՝ քանի դեռ ֆինանսական խնդիրները լուծված չեն, հույս չունենա՞նք, որ կոռուպցիայի դեմ արմատական պայքար կտարվի։



- Չէ, որոշ քայլեր, ամեն դեպքում, կատարվում են, օրինակ՝ բժշկական ծառայությունը, ներկայացրել ենք հայեցակարգը, ենթադրում ենք, որ կհանեն քրեակատարողական ծառայության տակից, դա էլ իր դերակատարումը կունենա։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ