Վարչապետի «50 երանգները»՝ մեկ ասուլիսում (ֆոտոշարք)

Վարչապետի «50 երանգները»՝ մեկ ասուլիսում (ֆոտոշարք)

Ասուլիսի մեկնարկից ուղիղ 32 րոպե անց վարչապետ Կարեն Կարապետյանը հանեց պիջակը, կախեց աթոռից ու լրագրողների հետ շփումը շարունակեց սևին խփող ժիլետով։ Իսկ մինչ այդ, նա ուղիղ 30 րոպե լուրջ դեմքով, պիջակը հագին, գրեթե առանց էմոցիաների ընթերցեց այն հաշվետվությունը, որից պետք է հասարակությունը եզրակացնի՝ որքանով է արդյունավետ աշխատել ինքը և որքանով է լավացել մեր կյանքը նրա կառավարման օրոք։ Թող եզրակացնի։ Լրագրողների հետ հարցուպատասխանն անցավ առանց նախկին «դրայվի»։ Ըստ երևույթին՝ վարչապետի մամուլի ծառայությունը լավ էր նախապատրաստել նրան լրագրողների հետ հանդիպմանը։ Ամեն ինչ արել էին, որ անցներ առանց կիքսերի։ Շուշոն էլ չկար, որ վարչապետը նրա խորհուրդների կարիքը զգար, հետո էլ հարցներ՝ «լավ ասի չէ՞, Շուշո»։ Հիմա Արամ Արարատյանն էր կողքը նստած, ով այս կամ այն հումորային ռեպլիկից հետո երբեմն-երբեմն քթի տակ մեղմ ժպտալով, լրագրողների հարցերն էր հերթագրում։ Միայն մեկ անգամ վարչապետը նրան դիմեց՝ հորդորելով հերթագրել վերջին շարքում նստած մի աղջկա, որը երկար ժամանակ ձեռք էր բարձրացրել։



Ամեն ինչ առավել քան պաշտոնական էր՝ նախորդի համեմատ։ Այնքան պաշտոնական, որ Կարեն Կարապետյանն իրեն հարց ուղղող իգական սեռի լրագրողներից ճշտում էր՝ «ինչպե՞ս դիմեմ Ձեզ», հետո, իմանալով լրագրողի անունը, բոլորին դիմում էր տիկինով։



Կեսից վարչապետը թարգեց նաև այս դիմելաձևը՝ նախընտրելով թերևս չխառնել թացը չորի հետ։ Նախկին Կարեն Կարապետյանից քիչ բան էր մնացել՝ ժիլետը, աթոռի թիկնակին գցած պիջակն ու էմոցիոնալ ժեստիկուլյացիան, որի տարբեր դրսևորումներն էլ փորձել ենք ֆիքսել մեր տեսախցիկով։ Անգամ փողկապն էր զրկվել «դրայվից»․ նախորդ ասուլիսին և ոչ միայն, նա նախշազարդ, կրեատիվ փողկապներով էր լինում, որի ամեն մի նախշը ավտոմրցարշավի ոլորապտույտ մրցուղի էր հիշեցնում։ Այսօր նա դասական ոճի հարթ ու միագույն փողկապով էր։ Փոխվել էր նաև հարցերին պատասխանելու ոճը։ Այս անգամ ավելի պակաս նյարդային էր, պատասխանում էր շատ ավելի հանդարտ, առանց մեկբառանոց ձևակերպումների՝ այո, ոչ, չգիտեմ, հնարավոր է։ Բայց այնպես չէր, թե բոլոր հարցերին տալիս էր սպառիչ պատասխան։ Կարևոր քաղաքական հարցերին վարչապետը կրկին խուսափեց ուղիղ պատասխան տալուց՝ պահպանելով անորոշությունն ու ինտրիգը Սերժ Սարգսյանի հետ պայմանավորվածությունների, 2018-ից հետո իր կարգավիճակի մասին։



Կարեն Կարապետյանի՝ մեկուկես ժամ տևած ասուլիսի «50 երանգները» ներկայացնում ենք Hraparak.am-ի ֆոտոշարքում։




Վահե ՄԱԿԱՐՅԱՆ