Լուրջ ուշադրություն է դարձվելու արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչին

Լուրջ ուշադրություն է դարձվելու արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչին

Ազգային ժողովում շարունակվում են ՀՀ 2018 թվականի բյուջեի նախագծի քննարկումները։ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հետ համատեղ նիստում արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը ներկայացրեց 2018թ. Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները: Նրա խոսքով՝ արտաքին քաղաքական ուղեգծի իրականացումը 2018թ. ուղղված է լինելու ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմանը միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների և նորմերի, մասնավորապես՝ ինքնորոշման իրավունքի հիման վրա: 



«Մեր քաղաքականությունն ուղղված է լինելու արտաքին անվտանգության ռազմաքաղաքական բաղադրիչի ամրապնդմանը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, դատապարտմանը և ցեղասպանության հանցագործության կանխարգելմանը»,-ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ 2018թ. Հայաստանը շարունակելու է երկկողմ համագործակցությունը տարբեր գործընկեր երկրների հետ:



Դրանց մեջ են մտնում նաև Եվրասիական տնտեսական միության, ՀԱՊԿ, ԱՊՀ երկրների հետ համագործակցությունն ու դրա շարունակական ամրապնդումը։



Փոխնախարարը հիշեցրեց, որ 2018թ. Հայաստանում անցկացվելու է Ֆրանկոֆոնիայի համաժողովը, ինչի ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: «Շարունակվելու է երկխոսությունը ՆԱՏՕ-ի հետ, լուրջ ուշադրություն է դարձվելու արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչին»,-ընդգծեց Շավարշ Քոչարյանը։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ