Քննադատեք առարկայական, պիտակներ մի կպցրեք, անձնականին մի կպեք

Քննադատեք առարկայական, պիտակներ մի կպցրեք, անձնականին մի կպեք

Հայաստանում 2017 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 105.1, միջին ամսական անվանական աշխատավարձը բարձրացել է 102.4, արտաքին առեւտրաշրջանառությունն էլ ավելացել է 121.7 տոկոսով։ Այս ամենից զատ՝ առաջին ինն ամիսներին նախորդ տարվա համեմատ Հայաստան 16 տոկոսով ավելի շատ լվացքի մեքենա է ներկրվել, 26 տոկոսով շատ՝ կահույք ու դրա մասեր, 113 տոկոսով ավելի շատ՝ անկողնու պարագաներ, 119 տոկոսով ավելի շատ՝ մարդատար ավտոմեքենաներ։



Այս թվերը երեկ հնչեցրեց վարչապետ Կարեն Կարապետյանն իր ասուլիսում՝ հուսալով, որ սրանց հիման վրա հասարակությունը կգնահատի, թե որքան արդյունավետ է եղել իր աշխատանքը, եւ որքանով է լավացել ՀՀ քաղաքացու կյանքն իր կառավարման օրոք։
Թվային տվյալների այսպիսի աճ մենք տեսնում ենք գրեթե ամեն տարի, ու թվում է, թե ամեն ինչ լավ է, բայց չենք հասկանում` ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ, եթե թվերով ամեն ինչ այդքան լավ է։ Ընդհանուր առմամբ, Կարեն Կարապետյանի երեկվա ասուլիսը դժվար է արդյունավետ գնահատել։ Նա տնտեսության վիճակի մասին հստակ գնահատական չտվեց, ինչպես արել էր նոր նշանակված ժամանակ, երբ դեռ հանրապետական չէր։ Հստակ ոչինչ չասաց նաեւ իր ապագայի՝ 2018-ից հետո իր կարգավիճակի մասին, քաղաքական հարցերը տեղ-տեղ նրբորեն, տեղ-տեղ՝ «սուխոյ ատկազով» շրջանցեց, վերջում էլ խնդրեց իրեն քննադատել առարկայական, անձնական որակումներ չտալ։ Կարճ ասած՝ նախկին ինքնավստահ ու դրայվոտ վարչապետից հիմնականում ՀՀԿ-ականն է մնացել, անգամ ժպիտն այն չէ։ Նրա խոսելու ձեւը, պատասխանները, դեմքի միմիկաները եւ շատ այլ ատրիբուտներ հուշում էին, որ 2018-ից հետո կա՛մ արդեն որոշված է, թե ով է լինելու երկրի ղեկին, ինչն իրեն «դուխ» չի տալիս ավելի ինքնավստահ լինել, կա՛մ առնվազն պահպանվում է անորոշությունը։



Երբ նրանից, այդուհանդերձ, հետաքրքրվեցինք, թե ճի՞շտ է, որ ինքն ու Սերժ Սարգսյանը պայմանավորվել են, որ 2018-ից հետո Սարգսյանը լինելու է վարչապետ, ինքը՝ փոխվարչապետ, Կարեն Կարապետյանը որոշեց մեկընդմիշտ վերջակետ դնել այս հարցին։ Բայց էլի կետադրությունը լավ չստացվեց՝ վերջակետի փոխարեն նորից ստորակետ, իսկ ավելի ճիշտ՝ միջակետ հնչեց․ «Այսօրվա մեր իրավիճակում ապրիլի 9-ից հետո ՀՀԿ-ն իր կոալիցիոն գործընկերոջ հետ միասին առաջարկելու է վարչապետի իր թեկնածուին։ Նման քննարկումներ մենք չենք ունեցել, այդ իսկ պատճառով որեւիցե պայմանավորվածության մասին խոսելն ուղղակի ապարդյուն է»։



Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի վարկանիշին ու նրա անփոխարինելի լինելուն, Կարապետյանն ասաց, որ ինքը համաձայն է այն պնդումներին, թե Սերժ Սարգսյանն անվտանգության երաշխավոր է եւ մեծ փորձ ունեցող ղեկավար։ Միայն այսքանը։
Վարչապետին ուղիղ հարց էլ հնչեց՝ ցանկանո՞ւմ է 2018թ. հետո մնալ վարչապետի պաշտոնին, թե՞ կարծում է, որ կան ավելի հաջող թեկնածուներ։ «Ես հստակ հայտարարել եմ, որ պատրաստ եմ։ Ճի՞շտ է: Հիշո՞ւմ եք։ Իմ աշխատանքը շարունակում եմ՝ ներդնելով կարողություններս։ Ի՞նչ եմ ուզում անել, կարող է մի քիչ ամպագոռգոռ հնչել, ինչի համար նախապես ներողություն եմ խնդրում, կարծում եմ՝ առանձնապես նման բառապաշար չեմ օգտագործում, բայց ես ուզում եմ ծառայել մեր երկրին: Եվ ես վստահ եմ, որ մենք կարող ենք լավ երկիր ունենալ՝ տրամաբանական, զարգացող։ Ինչպիսի՞ որոշում կկայացնի Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, շատ պարզ ձեւակերպված է։ Մենք նոր Սահմանադրություն ենք ընդունել, նոր կարգավիճակի ենք անցնում, որտեղ հստակ ձեւակերպված է, թե ինչպես կլինի դա»,- ասաց վարչապետը՝ խորացնելով անորոշությունը։



Մեկ այլ լրագրող էլ, հիշեցնելով վարչապետի հայտարարությունը նոր նշանակված ժամանակ, երբ ասել էր, թե տնտեսության վիճակը ծայրահեղ ծանր է, հարցրեց, թե ինքն ումից է ժառանգել այդ տնտեսությունը։ Վարչապետը մի պահ զարմացավ հարցից, ապա փորձեց շրջանցել հարցի բուն էությունը։ Լրագրողը հստակեցրեց՝ ինքը ո՞ր կուսակցությունից է ժառանգել այդ տնտեսությունը։ «Ես հենց դա եմ բացատրում, դուք չգիտե՞ք, թե որ կուսակցությունից եմ ժառանգել, հռետորիկ հարց ինչո՞ւ եք տալիս»։ Հաջորդեց տրամաբանական շարունակությունը․ Դուք ինչպե՞ս անդամակցեցիք մի կուսակցության, որը տնտեսությունը հասցրել էր ծայրահեղ ծանր վիճակի։ «Շատ լավ, դա Ձեր անձնական կարծիքն է, շատ համարձակ եմ անդամակցել ՀՀԿ-ին, շատ գիտակցաբար եւ ժամանակին բացատրել եմ, թե ինչու եմ դա արել։ Ինչ վերաբերում է այդ ձեւակերպմանը, թե ՀՀԿ-ն հասցրել է երկիրն այս կետին, իսկ ո՞վ է գնահատել, որ եթե այլ կուսակցություն լիներ, այդ տնտեսական անկման պարագայում ինչ կետի կհասցներ»։ Վաչապետի կարծիքով՝ այն ժամանակահատվածը, որ ՀՀԿ-ն անցել է, անցել է քիչ կորուստներով։



Քաղաքական եւ տնտեսական հարցերից դուրս՝ հետաքրքրվեցինք նաեւ նրա աղմուկ հանած առանձնատնից, որը նկարել էր Զարուհի Փոստանջյանը՝ Մոնումենտի այգում։ Այստեղ, հիշեցնենք, բազմաթիվ շքեղ առանձնատներ կան, այդ թվում՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանինը, որոնք կառուցվել են կանաչ տարածքների հաշվին։
«Ես ասել եմ՝ եղբայրս է գնել, բայց չեմ ասել՝ դա իմս չի՝ հենց հատուկ նրա համար, որ չասեն՝ եղբոր վրա է գցում։ Գնել ա եղբայրս, 2011 թվականին, գնել ա Ամերիկայի քաղաքացուց եւ մի հատ ինչ-որ «Սփյուռք» կազմակերպությունից։ Երբ որ գնել ենք, այնտեղ անտառ չի եղել։ Կառուցվել է դա 2014 թվականին։ Շատ վատ եմ վերաբերվում անտառների կտրելուն։ Երկրորդական շուկայից գնման պահին այնտեղ անտառ չի եղել։ Ավելին, ես՝ ինքս, այնտեղ եմ մեծացել եւ ունեմ այդ տանը շատ-շատ լավ հուշեր։ Հիմա ինձ կարող եք մեղադրել, թե երկրորդական շուկայից ինչի՞ ես գնել։ Անտառ չկար, արդեն վաճառված էր, այլ սեփականատեր կար»,- հստակեցրեց վարչապետը։ Ինքն այլ վայրում է ապրում՝ Ռայկոմին հարակից «Երազ» թաղամասում կառուցված առանձնատանը, որի ցանկապատը բարձրացրել են՝ թաքցնելով տունն արտաքին աշխարհից։ Կարապետյանը սա էլ պարզաբանեց։ «Լսեք, ես բնակվել եմ այնտեղ եւ բնակվում եմ բավականին երկար ժամանակ։ Որոշ ժամանակ անց բազմահարկ շենք են կառուցում իմ հարեւանությամբ։ Եվ այդ բազմահարկ շենքից իմ բակն առայսօր ամբողջությամբ երեւում է։ Պարսիկներ են կառուցել… ընդամենը մի փոքր, նու՝ փոքր չէ, միջավայր ենք փորձել ստեղծել, որ երբ որ դուրս ես գալիս, բոլորի աչքի առաջ չլինես։ Հնարավո՞ր է դա անել, թե՞ չէ։ Ու ես չէի կարող քաղաքապետարանին խնդրել, որ՝ գիտե՞ք ինչ, իմ սեփական տան հարեւանությամբ բազմահարկ շենքեր մի թույլատրեք, որ վաղը, մյուս օրը բոլորն իմ բակը չնայեն։ Եվ այսօր այդպես է»,- պարզաբանեց վարչապետը։



Վերջում Կարեն Կարապետյանը խնդրանքով դիմեց լրագրողներին՝ «Խնդրում եմ՝ քննադատեք մեզ առարկայական, պիտակներ մի կպցրեք, ընտանիքի անդամներին մի ներգրավեք, անձնականին մի կպեք։ Շնորհակալություն», մեզ մաղթեց լավ տրամադրություն ու հեռացավ։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ