Քոչարյանը բացատրում է՝ ինչ է նշանակում «ցավոտ լուծում»

Քոչարյանը բացատրում է՝ ինչ է նշանակում «ցավոտ լուծում»

ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն այսօր փորձեց բացատրել՝ ինչ է նկատի ունեցել Սերժ Սարգսյանը, երբ ՀՀԿ քաղաքական դպրոցում հայտարարել է, թե Արցախյան խնդրի լուծումը ցավոտ է լինելու։ Քոչարյանի մոտ, սակայն, այդպես էլ «ցավոտ» բառի բացատրությունն այս կոնտեքստում չգտնվեց։



«Դա նշանակում է, որ եթե Ադրբեջանը խելքի գա և իրոք դրա լուծումը փոխզիջումները լինեն, ապա, բնականաբար, դա կողմերի համար ցավալի կլինի։ Այսօր, սակայն, դրա որևէ նշույլ չկա ստորագրված փաստաթղթում»,-փորձեց բացատրել փոխնախարարը։



Hraparak.am հարցին, թե մեզ համար ինչո՞վ պետք է ցավոտ լինի, Քոչարյանն ասաց․ «Հիմա եկեք մի հատ էլ եկեք ֆիքսենք, որ երբ որ կան հարցեր, որոնք բացառապես վերաբերում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը։ Դա նրա տարածաքային ամբողջականության հարցերն են և նրա կարգավիչակի վերաբերյալ հարցերը։ Առանց ԼՂՀ-ի նմանատիպ հարցեր ոչ ոք չի կարող քննարկել։ Դա շատ լավ հասկանում են միջնորդները»։



Մենք նրան հիշեցրինք, որ ԼՂՀ հարցի մասին խոսել է Հայաստանի Հանրապետության նախագահն ու գնահատական է տվել, որ լուծումը ցավոտ է լինելու, ուստի նորից խնդրեցինք բացել փակագծերը՝ ինչ ասել է ցավոտ, որքան է լինելու այդ ցավի աստիճանը մեզ համար։ Քոչարյանը նորից շրջանցեց «ցավի» խնդիրը՝ կենտրոնանալով փոխզիջման վրա, որից չի հասկացվում՝ դա որքանով պետք է ցավոտ լինի այդ լուծումը, քանզի մինչ այդ փոխզիջման ցավալի կողմերի մասին չէր խոսվում։



«Ակնհայտ է, որ ցանկացած նմանատիպ խնդիր, եթե գնում ես լուծման, ապա պահանջում է փոխադարձ քայլեր, փոխզիջումներ։ Բայց ես հրաժարվում եմ խոսել հիմա որևէ փոխզիջման մասին, որովհետև, եթե մի կողմից, ոչ թե խոսվում է զիջումների մասին, այլ, հակառակը, բարձրացվում է նշաձողը, ապա խոսել հայկական կողմի զիջումների մասին, կոպիտ սխալ է։ Դա կլինի հենց զիջում, ոչ թե փոխզիջում։ Այն պահին, երբ որ Ադրբեջանը հայտարարեց, որ պատրաստ է ինչ-որ զիջման, ես ձեր հարցերին կպատասխանեմ։ Էդ դեպքում ես համարում եմ մազոխիզմ անընդհատ էդ հարցը տալը»,-ասաց ԱԳ փոխնախարարը։



Հարցին, թե ժողովրդին ե՞րբ եք նախապատրաստելու ցավոտ զիջումների, Քոչարյանն ասաց․ «Ես նորից եմ կրկնում՝ ժողովրդին մենք որևէ զիջումների չենք պատրաստում, քանի դեռ Ադրբեջանը պատրաստ չէ որևէ զիջման»։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ