Ի՞նչ կանի Հրանուշ Հակոբյանը, եթե սփյուռքը դատարկվի

Ի՞նչ կանի Հրանուշ Հակոբյանը, եթե սփյուռքը դատարկվի

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կարծում է, որ սփյուռքից հազարավոր մարդիկ են վերադառնում Հայաստան ու հիշեցնում է՝ վերադարձողներից շատերը գոհ են մեր երկրից, որ այստեղ ապահով է, այլասերված բարքեր չկան դպրոցներում։ Վկան, ըստ նրա, այն 22 հազար սիրիահայերն են, որոնք չգնացին Շվեդիա, Թուրքիա, Լիբանան, այլ եկան Հայաստան ու այստեղ բիզնես դրեցին։ Իհարկե, արտագաղթ էլ կա, ինչը չի ժխտում նախարարը, ավելին՝ թվում է դրա պատճառները։ «Գիտե՞ք, տարբեր են, դա բազմավեկտոր է, մեկը գնում է ավելի բարձր աշխատավարձ ստանալու, մեկը գնում է ընտանիքի հետ միավորվելու, մեկը ինչ-որ մեկից նեղանում, վիրավորվում, գնում է, դժվար է ասել։ Յուրաքանչյուր ընտանիք ինքն է, ի վերջո, որոշում կայացնում»,-կարծում է նախարարը՝ նշելով, որ արտագաղթ չունենալու համար պետք է Հայաստանը ուժեղացնենք։



Hraparak.am-ի հարցին՝ եթե սփյուռքը դատարկվի, ինքն ի՞նչ է անելու, Հրանուշ Հակոբյանն ասաց․ «Շատ լավ կլինի, ես երջանիկ կլինեմ և անպայման իրենց հետ կաշխատեմ»։



-Ձեր նպատակը հիմա դա՞ է՝ դատարկել սփյուռքն ու բերել Հայաստան։



-Գիտե՞ք, Դուք հիմա ասում եք տեսական հարց, որը հնարավոր չէ։ Շատ լավ կլիներ, բայց եթե գոնե Սփյուռքի որոշ հատված վերադառնա, կլինի լավագույն արդյունքը։



-Այսինքն՝ մենք միշտ ունենալու՞ ենք սփյուռքի նախարարություն։



-Մենք միշտ, ցավոք սրտի, ունենալու ենք սփյուռք։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ