Թեհրան 017

Թեհրան 017

Նոյեմբերի 1-ին Թեհրանում կայացել է Իրանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների գագաթաժողով, որի արդյունքներով ընդունվել է համատեղ Հայտարարություն:(http://kremlin.ru/supplement/5247)



Երեք երկրների նախագահների թեհրանյան հանդիպումը, ցավոք, հայրենական քաղաքագիտական եւ վերլուծաբանական հանրության, մամուլի լուրջ ուշադրության առարկա չդարձավ: Իսկ դա անհրաժեշտ էր գոնե այնքանով, որ համատեղ Հայտարարության մի առանձին պարբերություն նվիրված էր տարածաշրջանային «հակամարտությունների չկարգավորվածությանը»: Այս ձեւակերպումը պարզապես տուրք է դիվանագիտության պատշաճությանը: Պարզ է, որ Իրանը, Ռուսաստանը եւ Ադրբեջանը խոսում են ոչ թե նաեւ Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի մասին, այլ բացառապես՝ Լեռնային Ղարաբաղի: Հակառակը պնդելու ոչ մի հիմք չկա, ինչպես եւ չենք կարող ասել, թե Ռոհանին, Պուտինը եւ Ալիեւը տարածաշրջանում «չկարգավորված հակամարտություններ» ասելիս նկատի են ունեցել իրավիճակն Իրաքյան Քրդստանում: Խոսքը, կրկնենք, Լեռնային Ղարաբաղի մասին է, որի խնդրի չկարգավորվածությունը երեք նախագահների կարծիքով «էապես խոչընդոտում է տարածաշրջանային համագործակցությանը» եւ պետք է լուծվի խաղաղ ճանապարհով՝ «միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների եւ ընդունված որոշումների ու փաստաթղթերի հիման վրա»: Հայտարարության այդ կետն այսպես է ձեւակերպված ՌԴ նախագահի պաշտոնական կայքի տարածած տեքստում: Եթե երեք նախագահների համատեղ Հայտարարության մեջ «չկարգավորված հակամարտություններին» վերաբերող կետ է մտցվել, նշանակում է, որ հարցը բանակցություններում քննարկվել է: Այստեղ արդեն երկու կարծիք լինել չի կարող: Ալի՞եւն է նախաձեռնել նման քննարկում, թե՞ ամեն ինչ նախապես է համաձայնեցվել՝ երկրորդական նշանակություն ունի: Բուն ասելիքը սահմանված է վերջին նախադասությամբ՝ խնդիրը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով՝ «միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի, ընդունված որոշումների եւ փաստաթղթերի հիման վրա»: Պարզ հասկացվում է, որ տեղի է ունեցել որոշակի փոխզիջում. Ադրբեջանը շատ կցանկանար, որ Հայտարարության այդ կետում նշվեր, որ հակամարտությունները պետք է կարգավորվեն «պետությունների տարածքային ամբողջականության շրջանակներում», բայց Իրանը եւ Ռուսաստանը նրան հասկացրել են, որ գոյություն ունի ԼՂ կարգավորման միջնորդություն, կա հայեցակարգ, ուստի նպատակահարմար է չկոնկրետանալ եւ բավարարվել ընդհանուր բնույթի ձեւակերպումներով: Արդյունքում ունենք այն, որ կողմերից յուրաքանչյուրը թեհրանյան Հայտարարության այդ կետը կարող է յուրովի մեկնաբանել: Ադրբեջանական մամուլը գրում է, որ դրանով «Հայաստանը քշվել է անկյուն»:(http://minval.az/news/123735655)



Մենք կվկայակոչենք, որ միջազգային իրավունքի սկզբունք է նաեւ ազգերի ինքնորոշումը: Իսկ ճշմարտությունը կմնա ինչ-որ տեղ՝ այդ իրարամերժ մեկնաբանությունների միջակայքում: Բայց անկախ ամեն ինչից՝ Իրանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների համատեղ Հայտարարության այդ կետը մտահոգիչ է: Հատկապես այն համատեքստում, որ նախագահների գագաթաժողովից առաջ Իլհամ Ալիեւը հանդիպել է Իրանի հոգեւոր առաջնորդի հետ: Իսկ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ մոտակա շաբաթների ընթացքում հանդիպելու է Պուտինի հետ եւ քննարկելու է Լեռնային Ղարաբաղի խնդիրը: ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հաստատել է, որ «նման հանդիպում նախատեսվում է»: Նոյեմբերի 15- ին Ադրբեջանի արտգործնախարարը կհանդիպի ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին: Նույն օրը Մոսկվայում է լինելու նաեւ նաեւ Հայաստանի ԱԳ նախարար Նալբանդյանը: Մամեդյարովը չի բացառել, որ միջնորդների հետ բանակցություններից հետո տեղի կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում: Նոյեմբերի 15-16-ին աշխատանքային այցով Մոսկվա է մեկնելու Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը...



Վահրամ Աթանեսյան