«Մոռացված հայտնիները» վերադառնում են

«Մոռացված հայտնիները» վերադառնում են

Հայկական հեռուստաեթերը աշնան մեկնարկին ամառային թարմություն է ունենում։ Հեռուստաընկերությունները նախագծում ու եթեր են հեռարձակում տարաբովանդակ հաղորդումներ, կյանքի կոչում նոր ծրագրեր, իսկ հներից որոշներն էլ մնում են լուսանցքում, որտեղից երբեմն էլ եթեր են վերադառնում «մոռացված հայտնիները»։ Այսպես՝ սեպտեմբերի 11-ին Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում կմեկնարկի 61-րդ աշնանային եթերաշրջանը՝ շուրջ տասը և ավելի նոր նախագծով։



Հանրային հեռուստաընկերության հասարակայնության հետ կապերի բաժնից հետաքրքրվեցինք՝ ինչ նոր հաղորդումներ են եթեր հեռարձակվելու, ովքեր են լինելու նոր եթերաշրջանի դեմքերն ու ինչ փոփոխություններ են սպասվում։



Նոր դեմքերը այնքան էլ նոր չեն



Հանրային հեռուստաընկերության առավոտյան ծրագիրը՝ «Առավոտ Լուսո»-ն այսուհետ կունենա նոր հաղորդավար։ Էրիկ Անթառանյանին կփոխարինի Մարատ Օրդյանը՝ Հ1-ի երկարամյա աշխատակիցը։ Երկար տարիների դադարից հետո հեռուստաեթեր է վերադառնում նաև Ֆելիքս Խաչատրյանը՝ «Սիրո բանաձև» հաղորդաշարով։



Նոր նախագծեր



«Սիրո բանաձև»- Հեռուստաշոուն վարելու է Ֆելիքս Խաչատրյանը։ Ծրագրի շրջանակներում նա հյուրընկալելու է հայ հայտնի զույգերի, որոնք փորձելու են պատասխանել հարցերի, որոնց միջոցով էլ, ըստ հեռուստաընկերության, փորձ է արվելու գտնել զույգերի «սիրո բանաձևը»։



«Հավատի խորհրդավոր ուղին»- Հաղորդաշարը բաղկացած է 12 մասից, որոնցից յուրաքանչյուրում անդրադարձ է կատարվելու հոգևոր խորհուրդներին՝ մկրտություն, հավատո հանգանակ և այլն։ Հաղորդման շրջանակում Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստյանը ներկայացնելու է եկեղեցու խորհուրդներն ու ծեսերը։ Ի դեպ, հաղորդման նկարահանումները իրականացվել են Հայաստանում, Հռոմում, Երուսաղեմում։



«Կյանքը սահմանին»- Նոր ֆիլմաշարը կներկայացնի սահմանամերձ բնակավայրերը, որոնք գտնվում են թշնամու նշանակետի տակ։ Ֆիլմերը կառուցված են լինելու մարդկային պատմությունների շուրջ։



«Ամուսնացածների լիգա»- Հանրայինի նոր եթերաշրջանում կլինի նաև նոր սիթքոմ։ Գլխավոր դերերում կլինեն Լուիզա Ներսիսյանը, Սերժոն, Ռաֆայել Երանոսյանը, Անի Պետրոսյանը, Տիգրան Գյուլումյանը և այլք։ Սիթքոմում կներկայացվի տարբեր տարիներին ամուսնացած 3 զույգ, որոնք կփորձեն իրենց կյանքի փորձը ներկայացնել։



«Հայաստան ջան»- Ինտելեկտուալ նոր հեռուստախաղ, որը կվարի Ավետ Բարսեղյանը։ Ինչպես նաև եթերում կլինի սոցիալական խնդիրներ վերհանող բանավեճային նոր նախագիծ, որը կվարի Էրիկ Անթառանյանը։



Նախագծեր, որոնք դուրս են մնացել եթերից



Հանրայինի նախորդ եթերաշրջաններին հեռարձակվող մի քանի հաղորդումներ այլևս չեն լինի եթերում։ Դրանց թվում են՝ Լուիզա Ներսիսյանի «Կյանքը ափի մեջ» հաղորդաշարը, Ավետ Բարսեղյանի «Գուշակիր մեղեդին» և մի շարք այլ հաղորդաշարեր։