Թուրք-ադրբեջանական խռովություն

Թուրք-ադրբեջանական խռովություն

Սեպտեմբերի 10-11-ին Թուրքիայի նախագահ Էրդողանը պետք է այցելեր Ադրբեջան: Ըստ տեղեկությունների, Բաքվում նախատեսված էր գումարել երկու երկրների ռազմավարական համագործակցության բարձրագույն խորհրդի նիստ, որի քննարկման հարցերի շրջանակը թեեւ հայտնի չէր, բայց որոշ մեկնաբաններ կարծիք էին հայտնել, որ հասունացել է Թուրքիա-Ադրբեջան «կոոպերատիվ հարաբերությունները ձեւակերպելու անհրաժեշտություն»: Բայց Էրդողանի այցը հետաձգվեց, իսկ պատճառների մասին բացատրություններ չեղան:



Եւ այս իրավիճակում սեպտեմբերի 9-ին Ղազախստանի մայրաքաղաքում գումարվեց Իսլամական համերաշխություն կազմակերպության երկրների խորհրդաժողով, որը նվիրված էր գիտության, տեխնոլոգիաների եւ մշակույթի բնագավառներում համագործակցությունը խորացնելուն: Միջոցառմանը մասնակցեցին Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահները, սակայն Աստանայում նրանց հանդիպման եւ բանակցությունների մասին որեւէ տեղեկատվություն այդպես էլ չտարածվեց: Դա նշանակում է, որ Էրդողանը եւ Ալիեւը միմյանց չնկատելու են տվել: «Մեկ ազգ՝ երկու պետություն» կարգախոսի նկատառմամբ սա բավական արտառոց, եթե չասվի՝ սկանդալային երեւույթ է: Վերջին տարիների կտրվածքով հայտնի չէ միջազգային որեւէ հարթակ, որտեղ Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահները ներկա գտնվեն, բայց գոնե կարճատեւ հանդիպում չունենան:



Կարելի է եզրակացնել, որ թուրք-ադրբեջանական հարաբերություններում խռովության շրջան է, որի պատճառները հայտնի չեն: Հնարավոր է, դա պայմանավորված է քրդական հարցում Ադրբեջանի մոտեցմամբ: Անկարան տեւական ժամանակ է, ինչ բարձրացնում է Ադրբեջանի կողմից Քրդական բանվորական կուսակցությունը որպես ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու հարցը, բայց Ալիեւը կտրուկ հակաքրդական քայլերի չի դիմում: Չի բացառված, որ երկու երկրների «կոոպերատիվ հարաբերությունների» հարցում Թուրքիան այնպիսի պայմաններ է առաջ քաշել, որ Ալիեւի համար ընդունելի չեն եղել: Այստեղ կարող է շոշափված լինել Նախիջեւանի խնդիրը, որտեղ թուրքական կողմը փորձում է ազատ առեւտրի գոտու անվան տակ փաստացի իրավական ներկայացվածություն ապահովել:



Ռուսական որոշ աղբյուրներ ենթադրում են, որ թուրք-ադրբեջանական խռովության պատճառ կարող է լինել հայ-թուրքական հարաբերություններում Էրդողանի հավանական մտադրվածությունը: Ռուս վերլուծաբաններից մեկը նույնիսկ գտնում է, որ քրդական հարցում ցանկալի արդյունքի հասնելու համար Թուրքիան «ստիպված կլինի բարելավել Հայաստանի հետ հարաբերությունները»: Ինչ էլ որ պատճառ հանդիսացած լինի՝ թուրք-ադրբեջանական ներկայիս խռովությունը չափազանց խոսուն է եւ վկայում է, որ էթնիկ ընդհանրությունը դեռեւս բավարար չէ, որպեսզի երկու երկրները նույն քաղաքական գծի վրա կանգնեն: Իսկ հետեւանքների մասին հնարավոր կլինի դատել մոտ ապագայում:



Վահրամ Աթանեսյան