Կարեն Կարապետյանը միշտ էլ լինելու է

Կարեն Կարապետյանը միշտ էլ լինելու է

ՀՀԿ-ում արդեն սկսել են ակտիվորեն ժողովրդին նախապատրաստել 2018-ից հետո Սերժ Սարգսյանի վարչապետությանը։ Որքան էլ անընդունելի լինի դա հասարակության կողմից, որքան էլ ընդդիմությունն ու ժողովուրդը չցանկանան, բայց ՀՀԿ-ում կարծես արդեն հաստատակամ են այդ հարցում։ Տեւական ժամանակ է՝ ՀՀԿ-ականները փորձում են ընտելացնել ժողովրդին այդ մտքի հետ։ Թեեւ Սերժ Սարգսյանը դեռ հստակ չի բարձրաձայնել վարչապետ դառնալու իր ցանկությունը։ Նրանք երբեմն նաեւ խոստովանում են, որ Կարեն Կարապետյանին իրականում բերել էին ժամանակավոր, եւ որ նրա կերպարն ու իմիջն ուղղված էին ժողովրդից ձայն կորզելուն։ Հիմա արդեն կարող են հանգիստ ասել, որ «մավրն իր գործն արեց, մավրը կարող է հեռանալ»։ Իսկ թե ուր՝ դեռ չեն որոշել։ Այս եւ այլ հարցերի շուրջ զրուցեցինք ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանի հետ։



- Պարոն Սահակյան, «Ելքն» ու որոշ արտախորհրդարանական ուժեր ավելի ու ավելի ակտիվ են արծարծում 2018-ից հետո վարչապետի ով լինելու հարցը, եւ չի բացառվում՝ ընդդիմադիր շարժում ծավալվի, եթե պարզվի, որ Սերժ Սարգսյանն է լինելու վարչապետը։



- Ես չեմ կարծում, թե Սերժ Սարգսյանի դեպքում ընդդիմադիր շարժում կծավալվի, որովհետեւ, եթե նման խնդիր է առաջանում, ուրեմն մարդիկ, եթե այդ մտածողությունն ունեն, պիտի ներկայացնեն, թե ում են ուզում, որպեսզի հետագայում մեր երկրի համար կարեւորագույն միջոցառումները վարի։



- Դուք դժգո՞հ եք վարչապետ Կարեն Կարապետյանի աշխատանքից։



- Վարչապետ Կարեն Կարապետյանը շատ կարգին վարչապետ է, եւ դա երբեք չի նշանակում, որ Կարեն Կարապետյանին դրանով ասում ենք՝ վատ վարչապետ է։ Շատ լավ վարչապետ է։



- Բայց չի բացառվում, որ 2018-ից հետո վարչապետ կարգվի Սերժ Սարգսյա՞նը։



- Իհարկե, 2018-ին Հանրապետականն իր վարչապետին պիտի նորից ներկայացնի։



- Եվ նա կարող է լինել ոչ թե Կարեն Կարապետյանը, այլ Սերժ Սարգսյա՞նը։



- Ես չեմ կարծում՝ ով կլինի, որովհետեւ այդ հարցը չենք քննարկել։ Բայց իմ կարծիքը հետեւյալն է, որ երկրի հետագա գործունեությունը պայմանավորված է նաեւ Սերժ Սարգսյանի հետագա ծրագրերով։



- Պարզապես, երբ նոր էր նշանակվել Կարեն Կարապետյանը, ընտրություններից առաջ ՀՀԿ-ն խուսափում էր անգամ ակնարկել, որ Սերժ Սարգսյանին է ցանկանում տեսնել այդ պաշտոնում։ Հիմա կարծես ժողովրդին պատրաստում եք Սերժ Սարգսյանի մոտալուտ նշանակմանը։



- Ես չեմ կարծում, որ երբեւիցե ինձ հարց են տվել, եւ ես այլ բան եմ պատասխանել։ Առավել եւս՝ ես ամիսներ առաջ արդեն ասացի, որ ես տեսնում եմ հետագա երկրի գործընթացների ղեկավարումն ու կառավարումը Սերժ Սարգսյանի միջոցով։ Ես բազմիցս դա կրկնել եմ։



- Դուք ՀՀԿ-ում շարքային մեկը չեք, Ձեր խոսքը կարող է նաեւ որպես մեսիջ ընկալվել։



- Չէ, ոչ թե մեսիջ, այլ ես դա եմ պնդելու, եթե քննարկման ժամանակը գա։ Այսօր դեռեւս չի քննարկվել, իսկ ինչ վերաբերում է այսօրվա վարչապետին, ես կարծում եմ՝ նա իր լիազորությունները կկենսագործի։



- Ինչո՞վ եք հիմնավորում Սերժ Սարգսյանի՝ այդ պաշտոնում նշանակվելը, որովհետեւ նա չի կարողանա ղեկավարել կուսակցությունն առանց ղեկավար պաշտոնի՞։



- Այդ մասին բազմիցս խոսել եմ․ քաղաքական դաշտում մեկ անհատ կա, մեկ անձ կա, մեկ մարդ կա, որն ունի քաղաքական մեծ ուժ, դա Հանրապետականն է։ Ցույց տվեք մեր քաղաքական դաշտում մեկ այլ ուժ, որտեղ այնպիսի լիդեր լինի, որը կկարողանա այդքան մեծ ուժեր գումարել իր շուրջը։



- Այդ դեպքում ինչո՞ւ բերեցիք Կարեն Կարապետյանին ժամանակավոր՝ 7 ամսվա համար։



- Բայց ո՞վ ասաց՝ ժամանակավոր ենք բերել, Կարեն Կարապետյանը միշտ էլ լինելու է, եւ ես կարծում եմ՝ դա էլ մոտեցում է, որ ինքը կատարելու է այն ծրագիրը, որը ներկայացրեց Ազգային ժողովում։



- Պարզապես ստացվում է, որ ընտրություններին օգտագործվեց նրա կերպարը, նրա իմիջը՝ ձայն բերելու համար, հիմա էլ պետք չէ ինքը։



- Եթե էդպես լինի, իմ ամբողջ կյանքն օգտագործվել է մի նպատակի համար, հիմա օգտագործվում է այլ նպատակի համար։ Բոլորս մեկ խնդիր ունենք, եւ կարծում եմ՝ Կարեն Կարապետյանի օժանդակությունը հետագա մեր տնտեսական զարգացման մեջ առաջին պլանի վրա է դրվում։



- Դուք հիմա, փաստորեն, պատրաստվում եք Կարեն Կարապետյանի հեռացմանն ու Սերժ Սարգսյանի նշանակմանը։



- Կարեն Կարապետյանին որեւէ մեկը չի կարող հեռացնել, նման խնդիր չի էլ կարող դրվել։



- Ամեն դեպքում, Սերժ Սարգսյանի անձի նկատմամբ հասարակության ու շատ քաղաքական ուժերի վերաբերմունքն այլ է, եւ նրան շատերն առնվազն չեն ցանկանում տեսնել երկրի ղեկավարի դիրքերում։



- Եթե հասարակության տեսակետն այլ է, այսօր Սերժ Սարգսյանի ղեկավարած Հանրապետական կուսակցությունն իշխանության չէր լինի։ Այդ խոսքերը, որ ասում եք, դա հանպատրաստից խոսքեր են։



- Բայց ՀՀԿ-ն վերստին իշխանության եկավ հենց Կարեն Կարապետյանի եւ նոր կառավարության իմիջի շնորհիվ։



- Ես կարծում եմ՝ ոչ միայն Կարեն Կարապետյանի, այլ բոլորիս գործունեության շնորհիվ թիմը կարողանում է միշտ էլ առաջանցիկ լինել։ Առավել եւս, երբ էդպիսի հարց են տալիս, անմիջապես հարցնում եմ հետեւյալը՝ լավ, ասեք՝ դուք ո՞ւմ եք ուզում, որպեսզի երկրի վարչապետ լինի։



- Հասարակության տրամադրություններից զգացվում է, որ շատերն ուղղակի չարյաց փոքրագույնի սկզբունքով են առաջնորդվում, եւ եթե ՀՀԿ-ից պետք է լինի, գոնե լինի նոր եւ քիչ թե շատ ընդունելի կերպար։



- Դե, թող էդ հասարակությունն իր իսկ կողմից ընդունելի կերպարը ներկայացնի։



- Ամեն դեպքում, Սերժ Սարգսյանի կառավարման այս 10 տարիներին Հայաստանը հաջողություններ շատ քիչ է գրանցել, իսկ ձախողումներ շատ են եղել, արտագաղթն է խորացել, սոցիալ-տնտեսական վիճակը, ապրիլյան պատերազմում լուրջ կուրուստներ ունեցանք։



- Ձեր ասածը պարզապես տեսակետ է, որն ինչ-որ չափով չի համընկնում իրականության հետ, որովհետեւ մեր վերջին տասը տարիները եւ դրանից առաջվա տարիներն այնպիսի մի ժամանակաշրջան էր, որը հնարավորինս պիտի կարողանային երկրի իշխանությունները որոշակիորեն լուրջ գործարքներ կատարել։ Ես կարծում եմ՝ բավականին լուրջ գործարքներ է կատարել։ Այլ բան է, երբ ժողովրդի մի հատված կա, որ դեռեւս չի կարողանում լավ ապրել, սոցիալական խնդիրներ կան։ Իսկ ինչ վերաբերում է պատերազմական իրողություններին, ես չեմ կարծում՝ այնպիսի մի մարդ պիտի գտնվի Հայաստանում, որ պիտի գա Հայաստանը ղեկավարի, եւ Ադրբեջանն էլ ոտքի չկանգնի, էլ իր տեսակետները չարտահայտի։ Ով էլ լինի, էդ խնդիրը պիտի լինի։ Եվ էդ խնդիրը պաշտպանելու առումով բավականին լուրջ աշխատանքներ են կատարվել։ Ես մի առիթով ասել եմ, մի անգամ էլ Ձեզ համար կկրկնեմ դա՝ ես չեմ կարծում, որ մենք ամենալավն ենք, բայց դեռեւս մեզանից լավը չկա հասարակության մեջ։



- Բայց այդ հասարակությունն ուզում է գոնե ձեր միջից լավին։



- Եթե հասարակությունը գտնում է, որ ավելի լավը կա, թող պայքարի այդ լավի համար։ Մեր միջի լավը մենք ենք ընտրում։



- Ստացվում է, որ ՀՀԿ-ն առանց Սերժ Սարգսյանի գոյություն ունենալ չի կարող, առանց նրա կքանդվի։



- Գիտե՞ք, դա, էսպես ասեմ, եսասեր գաղափարախոսություն է։ Խնդիրը ՀՀԿ-ի մնալ-չմնալու հարցը չէ, խնդիրը մեր պետությունն առաջ տանելու հարցն է։ Ինչ-որ մի ժամանակ կարող է լինի, որ ՀՀԿ-ն այլեւս ձայներ չունենա, բայց որպես կուսակցություն կմնա։ Կմնա, կպայքարի, եւ կարծում եմ՝ նորից կգա իշխանության։



- Կարծում եք՝ եթե Սերժ Սարգսյանը չլինի կուսակցության ու երկրի ղեկին, ՀՀԿ-ում կշարունակե՞ն համերաշխ ապրել, թե՞ կսկսեն իրար ուտել։



- Ավելի շատ պրոբլեմներ կունենանք։ Բայց չեմ կարծում, որ իրար ուտեն, որովհետեւ էնտեղ ի՞նչ կա, որ իրար ուտեն։ Դա կուսակցություն է։ Իհարկե, ՀՀԿ-ն պրոբլեմներ կունենա։



- Մենք տեսանք, թե ինչպես ՀՀԿ խոշոր ֆիգուրներից մեկը՝ Հովիկ Աբրահամյանը, հեռացավ «մայր գետից», Մհեր Սեդրակյանը թուլացրեց կապերը, էլի անձինք կան, որ դժգոհ են։ Ստացվում է՝ սա իշխանության ու մեղրի կարասից օգտվելու պայքար է։



- Իհարկե, նման իրողությունները կարելի է նաեւ ցավալի դիտել, բայց Հանրապետականն այն կուսակցությունն է, որ մեկ, երկու, երեք, տասը, քսան հեռացողներից էդպես ուժգին թուլացումներ չի կարող ունենալ։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ