Փոքրիկ հարմարություններ և անհարմարություններ լրագրողների համար

Փոքրիկ հարմարություններ և անհարմարություններ լրագրողների համար

Ազգային ժողովի նոր աշխատակազմը կարծես թե որոշել է նախկին աշխատակազմի ստեղծած ոստիկանական մեթոդները եւ ոչ աշխատանքային պայմանները փոխարինել քիչ թե շատ տանելի պայմաններով։ Հիշեցնենք՝ աշխատակազմի նախկին պետ Հրայր Թովմասյանի եւ հանրային կապերի վարչության պետ Արսեն Բաբայանի կողմից ամեն ինչ արվում էր, որ լրագրողները նորմալ աշխատանքային պայմաններ չունենան։ Մի շրջան կատաղի պայքար էին մղում լրագրողների դեմ, որ բեյջերը խորհրդարանի տարածքում իրենց կրծքին կրեն, դրա համար պատերին նախազգուշացումներ էին փակցնում, «խախտում» կատարածներին սպառնում զրկել հավատարմագրերից, մատնագիր հիշեցնող գրություններ ուղարկում լրատվամիջոցների ղեկավարներին։



Հիմա թեպետ հանրային կապերի պետը մնացել է նույնը, բայց աշխատակազմի ղեկավարի փոփոխությունը (Արա Սաղաթելյան) որոշակի դրական ազդեցություն է ունեցել։ Նախ՝ դահլիճի մոտ հատուկ ստենդ են առանձնացրել՝ «Ազգային ժողով» գրառմամբ, որտեղ այսուհետ պատգամավորները կարող են հարցազրույցներ տալ։ Թեպետ ոչ բոլորին է հաջողվում հենց այդ տեղում կանգեցնել ու նկարահանել։ Փոխվել է նաեւ հավատարմագրերի՝ բեյջերի ձեւը։ Նախկին բեյջերը, որոնք չափերով, ձեւով, գույնով անհարմար էին, փոխարինվել են ավելի սոլիդ, կոմպակտ բեյջերով, որոնք կրելն առավել հարմար է։ Դրանց մեջ էլեկտրոնային քարտեր են դրել, որտեղ լրագրողի անձնական տվյալներն են, եւ այսուհետ ԱԺ մուտք գործելիս հարկավոր է ընդամենը բեյջը մոտեցնել «տուռնիկետին» եւ կանաչ լույսը վառվելուց հետո անցնել։ Այլեւս անվտանգության աշխատողները ժամերով անունդ չեն փնտրի ցուցակում, միայն կնայեն նկարին եւ վերջ։



Ընդ որում՝ ամեն լրագրող իր քարտով պետք է ելումուտ անի, որպեսզի էլեկտրոնային համակարգը ֆիքսի, թե ով որ ժամին մտավ, երբ դուրս եկավ։ Սա թեեւ լրագրողների անցուդարձը լրացուցիչ հսկելու տարբերակ է, սակայն այնպես չէ, որ մենք գաղտագողի ենք մտնում խորհրդարան, կամ մեր մտնելու «արդյունքը» չի ֆիքսվում մեր լրատվամիջոցներում։ Մի բան, ամեն դեպքում, դեռեւս չի կարգավորվել՝ ինտերնետի հարցը։ Ազգային ժողովի ինտերնետի որակը չի բավարարում արագ եւ որակով աշխատելուն։ Այն կա՛մ շատ դժվար է միանում, կա՛մ կեսից անջատվում է՝ կարեւոր պահերին միշտ «քաշելով» լրագրողներին։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ