Չեմ կարծում, որ ճիշտ է ժամանակից առաջ ընկնելը

Չեմ կարծում, որ ճիշտ է ժամանակից առաջ ընկնելը

Կառավարությունը երեկ հաշվետվությամբ ամփոփեց իր գործունեության մեկ տարին։ Սոցիալական ոլորտի վերաբերյալ հաշվետվություն, սակայն, դեռ չկա։ Հիմնական շեշտը դրվել է ներդրումների վրա։ Երեկ կառավարություն-ԱԺ հարցուպատասխանից հետո աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից փորձեցինք պարզել, թե ինչ են արել նրանք այս մեկ տարվա ընթացքում, ինչ արդյունքներ են գրանցել, որոնք նպաստել են ժողովրդի սոցիալական վիճակի բարելավմանը։ Մեզնից, սակայն, մեծ ջանք պահանջվեց, որ պարոն Ասատրյանը մի քանի արդյունք մատնանշի։ Նա ասաց, որ պետք է սպասել, մինչեւ նոյեմբերին ԱՎԾ-ն հրապարակի իր հետազոտության տվյալներն այս ոլորտում։



- Ես Ձեր աշխատանքից եմ խնդրում մի քանի արդյունք մատնանշել, ի՞նչ ծրագրեր եք իրականացրել, որոնք նպաստել են ժողովրդի սոցիալական վիճակի լավացմանը։



- Պետական բյուջեով նախատեսված բոլոր սոցիալական ծրագրերն իրականացվել են նախատեսվածին համապատասխան։ Ըստ էության՝ սոցիալական պաշտպանության ոլորտում առաջնային նշանակություն ունեցող ծրագրերը, որ մենք դիտարկում ենք էս անցած ժամանակահատվածի համար, բնակչությանը մատուցվող ծառայությունների, տրամադրվող տրանսֆերտների առումով, իրականացվել են։ Եվ, բնականաբար, մեր ուշադրության կենտրոնում է եղել նաեւ այդ ծառայությունների հասցեականության բարձրացումը, մատչելիության մեծացումը։ Այդ առումով կարեւորում եմ հատկապես նոր ձեւաչափով քաղաքացիներին ծառայությունների մատուցման հնարավորության ընձեռումն առցանց համակարգի միջոցով։



- Դրա հետեւանքով սոցիալական վիճակը լավացե՞լ է, անկախ նրանից, որ թոշակներն ու նպաստներն այս տարվա բյուջեով չէին ավելացել։



- Ընդհանրապես, սոցիալական խնդիրների լուծման տեսանկյունից մենք բոլորս լավ հասկանում ենք, որ առաջին հերթին տնտեսական աճի ապահովումն է եւ մեր քաղաքացիների եկամտաստեղծ գործունեության միջոցով իրենց եկամուտներն ավելացնելու հնարավորությունների ընձեռումը։ Այս առումով կարծում եմ, որ առաջին 8-9 ամիսների տվյալները բավականին դրական են եղել։ Հարցի մյուս կողմը, որը վերաբերում է սոցիալական պաշտպանության ոլորտի ծրագրերի իրականացմանը, էստեղ մաքսիմալ հասցեական իրականացնելն է։ Այս առումով եւս, աշխատանքները, որ կատարվել են, կարծում եմ, որ բավականին արդյունքներ են տվել։



- Վերջին շրջանում միտում է նկատվում, որ 63-ից հետո մարդկանց այլեւս թույլ չեն տալիս աշխատել, թոշակի տարիքը եկավ՝ կրճատվում են ու մնում առանց աշխատանքի՝ այն դեպքում, երբ աշխատունակ են։ Դուք ի՞նչ մոտեցում ու քաղաքականություն ունեք այս հարցում։



- Ընդհանրապես, ծերացման խնդիրների հետ կապված՝ այս տարի կառավարությունն ընդունեց համապատասխան ռազմավարություն եւ միջոցառումների ծրագիր, եւ պիտի իսկապես կարեւորեմ այսօր ամբողջ աշխարհում եւ Հայաստանում ծերացող հասարակությանը բնորոշ խնդիրներին լուծումներ տալը։



- Հիմա ինչպե՞ս եք դա գնահատում, որ 63-ից հետո մարդիկ դուրս են մնում աշխատանքից, եւ հիմնականում չեն ընդունում աշխատանքի նրանց ո՛չ պետական համակարգում, ո՛չ մասնավոր սեկտորում։



- Ընդհանրապես, Աշխատանքային օրենսգրքով էդպիսի սահմանում չկա, որ երբ որ կենսաթոշակային տարիքը լրանում է, պարտադիր պիտի լուծվի պայմանագիրը։ Եվ էստեղ ուղղակի գնահատական տալ, ես կարծում եմ՝ ճիշտ չէ։ Ես վստահ եմ, որ այն գործատուները, որոնք գնահատում են տվյալ աշխատողի աշխատանքը, ու նրա արտադրողականությունը պահպանված է, բնականաբար՝ փորձը եւ երիտասարդությունն իրար զուգակցելու արդյունքում է միայն հնարավոր արդյունքի հասնել։



- Օրինակ՝ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն արդեն 80-ն անց մարդ է, բայց շարունակում է մնալ իր աշխատանքին։ Նրա դեպքում է՞լ է փորձը գնահատվել։



- Ճիշտն ասած՝ Գիտությունների ազգային ակադեմիան մեր նախարարության հետ առնչություն չունի, բայց ես վստահ եմ, որ ակադեմիայի պարագայում եւ, ընդհանրապես, նման պարագայում, եթե մարդը պատկառելի տարիքում նույնիսկ կարողանում է իր գործառույթները լիարժեք օգտագործել, բնականաբար, պետք է նրա ներուժը լիարժեք օգտագործել։



- Մի այսպիսի տրամաբանական խնդիր կա կենսաթոշակի եւ հաշմանդամության թոշակի ստացման երկընտրանքի միջեւ։ Ինչո՞ւ մարդը չի կարող ստանալ ե՛ւ իր ծերության թոշակը, ե՛ւ հաշմանդամությանը, կա՛մ մեկը պետք է ստանա, կա՛մ մյուսը։



- Աշխարհի որեւէ երկրում չկա երկու կենսաթոշակ ստանալու պրակտիկա։ Կան կենսաթոշակների մասին օրենքով սահմանված կենսաթոշակների տեսակներ, եւ մեկ անձը կարող է ունենալ մեկից ավելի կենսաթոշակ ստանալու իրավունք, բայց օրենքով պետք է իրացնի մեկը, բնականաբար՝ իր ընտրությամբ։ Եվ դա ամբողջ աշխարհում է այդպես։



- Ծերության թոշակի բնական ճանապարհով են հասնում՝ տարիքի հետ, իսկ հիվանդության թոշակը ձեռքբերովի է լինում։ Եվ եթե ծերության թոշակ ստանում են ապրելու համար, ապա հիվանդության թոշակ՝ բուժվելու, դեղ գնելու։ Ստացվում է՝ մարդը կա՛մ պետք է առողջ լինի, կա՛մ սովա՞ծ։



- Հաշմանդամության կենսաթոշակը կենսաթոշակի տեսակներից մեկն է, եւ տարիքն էստեղ փաստացի նշանակություն չունի, եւ եթե անձը ձեռք է բերել հաշմանդամություն, ապա պետության կողմից նշանակվում է այդ դրամական աջակցությունը։ Մյուս կողմից՝ կան նաեւ սոցիալական ապահովության այլ ծրագրեր, որոնք կոչված են լուծելու Ձեր նշած մյուս խնդիրների հետ կապված հարցերը՝ առողջապահական ծառայությունների ստացման կամ դեղերի հետ կապված։ Այսինքն՝ էստեղ մենք գործ ունենք մի դեպքում կենսաթոշակի իրավունքի հետ, եթե անձը տարիքային կենսաթոշակի իրավունք է ձեռք բերում, ավտոմատ այդ իրավունքն է իրացվում, իսկ եթե անձը մինչեւ այդ իրավունքը ձեռք բերելը հաշմանդամություն է ձեռք բերել, ստանում է հաշմանդամության կենսաթոշակ, մինչեւ տարիքային կենսաթոշակի իրավունք ձեռք բերելը։



- Այսինքն՝ տարիքային կենսաթոշակի իրավունք ձեռք բերելուց հետո մարդու հաշմանդամությունը կորչո՞ւմ է, առողջանո՞ւմ է մարդը։



- Հաշմանդամության հետ կապված խնդիրն առանձին խնդիր է, որը լուծվում է ոչ թե դրամական միջոցներ տրամադրվելու միջոցով, այլ գնահատված կարիքին համարժեք ծառայությունների։ Մեր կողմից իրականացված վերջին այս բարեփոխումները հաշմանդամության ոլորտում վերաբերում են հենց ուղիղ այս խնդրի լուծմանը։



- Դուք տարբեր վարչապետերի հետ եք աշխատել, ինչպե՞ս եք գնահատում այս վարչապետի եւ նրա ձեւավորած կառավարության աշխատանքը եւ ի՞նչ եք կարծում, 2018-ից հետո կմնա՞ Կարեն Կարապետյանը, թե՞ ոչ։



- Ես կարծում եմ, որ այդ հարցի պատասխանն իսկապես տրվել է, եւ յուրաքանչյուր հարց իր ժամանակին քննարկվելու է ու լուծումներ է ստանալու։ Եվ այս առումով չեմ կարծում, որ ճիշտ է ժամանակից առաջ ընկնելը։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ