Բաց նամակ ինտերնետային «MerOjax» հայկական կայքէջին

Բաց նամակ ինտերնետային «MerOjax» հայկական կայքէջին

Հարգելի «Մեր օջախ», գնահատելով հանդերձ ձեր կատարած դժվար եւ կարեւոր աշխատանքը, կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել նույնքան կարեւոր հետեւյալ հարցի վրա։



Կար ժամանակ, երբ հայը, չունենալով իր սեփական գիրն ու գրականությունը, Աստվածաշունչը թարգմանելու համար օգտագործում էր հունական տառերը։ Մենք դրանում հարկադրված էինք։ Եվ, ահա, հայտնվեց Մեծն Մաշտոցը եւ մեզ պարգեւեց հայկական գեղեցկագույն տառերը, որի համար, սակայն, մեր երախտագիտությունն ենք հայտնում՝ պարզապես «Մեր ոսկեղենիկ տառերը», «Մեսրոպյան մեր սուրբ գիրերը» արտասանելով եւ գովերգելով։Իսկ այսօր, երբ մենք ունենք մեսրոպյան հայկական մեր եզակի տառերը, երբ համակարգչի օգտագործման ներկա պայմանները թույլ են տալիս այն լիարժեք օգտագործել, ի՞նչ հարկ կա «աչք ծակող» (ներողություն նման արտահայտության համար, բայց դա իսկապես այդպես է), անընթեռնելի կերպով օգտագործել այլ տառեր՝ հայերեն բառերը հայերեն գրելու համար։ Ո՞րն է դրա իմաստը, ո՞րն է դրա անհրաժեշտությունը։



Բացի բարոյականից, այսինքն՝ հայ լեզվի եւ գրության նկատմամբ ձեր ունեցած վերաբերմունքից, կա եւ դրա անտրամաբանական կողմը։ Ո՞ր անգլիախոսն է, որ, կարդալով ձեր այդ «հայերեն» անգլիատառ անվանումները՝ «Verjin kirakin», «Mi angam Hayastanum», «Spitak voskor» (եւ այդպիսիք հարյուրավորներ), կհասկանա դրանց իմաստը եւ, առավել եւս՝ կդիտի այդ ֆիլմը հայերենով։ Իսկ եթե նկատի ունեք այն սփյուռքահայերին, որոնք հայերեն չեն կարող կարդալ, բայց կարող են հայերեն հասկանալ, մի՞թե չէր կարելի գրել «The last Sunday», «Once in Armenia», «The white bone», միաժամանակ սկզբում (այո՛, սկզբում) ավելացնելով «Վերջին կիրակին», «Մի անգամ Հայաստանում», «Սպիտակ ոսկոր», բացառելու համար այդ արտառոց անգլիատառ գրելաձեւն ընդհանրապես։



Ծանոթ եմ նմանօրինակ օտարազգի այլ կայքերի (մասնավորապես՝ նաեւ ռուսականին եւ թրքականին), բայց դրանցից եւ ոչ մեկում նման բանի դուք չեք հանդիպի։ Նրանք գիտեն ինչպես պահել իրենց լեզուն։



Ավելին՝ ի լրումն այս բոլորի, արդեն իսկ հաստատված են հատուկ կանոններ, անգլերեն տառերը «համալրելով» ռուսերենով եւ այլ սիմվոլներով (ոչ տառերով)։
Այսպես՝ «Hayoc kxzin», «Kaxcer kyank» եւ այլն (այս նոր լեզվին դեռ անծանոթ անձանց համար ասենք, որ դրանք նշանակում են «Հայոց կղզին» եւ «Քաղցր կյանք»), սակայն այստեղ x-ն ըստ էության անգլերեն տառ չէ, այն փոխառնված է ռուսերենից, որտեղ այն արտասանվում է «խ», ինչպես, օրինակ՝ «MerOja(x)» կամ «Nvaga(x)mbi t(x)anere» («Նվագախմբի տղաները»)։



Եվս «դասական» մի այլ օրինակ՝ «Zinvor@ & Pix@» (լրացուցիչ բացատրություն սկսնակների համար․ այստեղ գրված է «Զինվորը եւ փիղը»), նոր երկու համակարգչային սիմվոլներ՝ հայերեն տառերի պակասը լրացնելու համար, @-ն՝ որպես «ը» եւ &-ն՝ որպես «եւ»։



Ցնծա հայրենիք, քո 38 տառերին ավելացել են եւս երկուսը՝ այն հասցնելով երանելի 40-ին։



Եվ, վերջապես, հատկանշական մի վերջին օրինակ։



Կայքի գլխավոր էջում, բացառապես անգլերենով գրված ենթավերնագրերի ցանկում (օրինակ՝ Games, News, Contact us եւ այլն) հանդիպեցի «Torter» գրությանը։ Իհարկե, չհասկացա, չէ՞ որ անգլերենում նման բառ չկա։ Իսկ երբ բացեցի պարունակությունը, կարդացի հետեւյալը․ Ays ameni hamar karoxeq zangaharel… Եվ, իհարկե… առանց համապատասխան հայերեն գրության կամ անգլերեն թարգմանության (այստեղ գրված է՝ «Այս ամենի համար կարող եք զանգահարել…»)։ Շարունակեցի պրպտել էջը, եւ իմ առաջ բացվեցին թանգարանային նմուշի՝ ոչ ավել, ոչ պակաս, 208 տարբեր կարկանդակների նկարներ, որտեղ յուրաքանչյուրի տակ, այսինքն՝ 208 անգամ գրված էր «Torter»։ Եվ միայն այդ ժամանակ հասկացա «Torter»-ի իմաստը։



«Տորթ» հայերեն բառը փոխառնված է ռուսերենից եւ նշանակում է կարկանդակ (cake): Այն տառադարձվել է անգլերենի եւ դարձել «Torter»։ Իսկ ինչո՞ւ «Torter» եւ ոչ թե «Tort»։ Ո՛չ, վրիպակ չկա… «er»-ը պարզապես հայերենի «եր» հոգնակի մասնիկն է։
Սքանչելի է, այսպես, ուրեմն, բառը փոխառնում ենք ռուսերենից, դարձնում ենք հայերեն, բայց գրում ենք անգլերեն։



Լսե՞լ եք անեկդոտը։ Աղջիկը մորը հարցնում է․



- Մայրի՛կ, շաքարն ո՞ւր է։



- Սուրճի տուփի մեջ է, աղջիկս, իսկ տուփի վրա գրված է «աղ»,- պատասխանում է մայրը։
Իսկ ինչո՞ւ շաքարը չպահել շաքարամանի մեջ…



ՀԳ․ Չնայած այս նամակն ուղղված է ինտերնետային «Մեր օջախ» հայկական կայքին, բայց այն հավասարապես վերաբերում է նաեւ բազմաթիվ այլ հայկական կայքերի, ինչպես նաեւ հայկական շատ այլ կազմակերպությունների եւ բազում անհատների։
Հայերենը մերն է, բայց ոչ մեկինը։ Մենք իրավունք չունենք այն աղավաղելու։




Օնիկ ՓԻՐՈՒՄՅԱՆ
ՀԲԸՄ-ի Ավստրալիայի մասնաճյուղի «Միություն» ամսաթերթի աշխատակից, E-mail: [email protected]
Ավստրալիայի «Միություն» ամսաթերթից