Նախագահն ունի համապատասխան տեղեկություն, դրա համար էլ զգուշացրել է

Նախագահն ունի համապատասխան տեղեկություն, դրա համար էլ զգուշացրել է

Սերժ Սարգսյանի ելույթը՝ ոստիկանության կոլեգիայի նիստին, ավերածություններ առաջացրեց ոստիկանական համակարգում։ Ավելի ճիշտ՝ այն ցույց տվեց այս համակարգի ավերակները, որոնց վրա կոսմետիկ լուծումներով փորձում են արդար ու կուռ ոստիկանություն կառուցել։ Իհարկե, Սերժ Սարգսյանի ելույթը տպավորիչ էր, իսկական դեմոկրատիայի առաջամարտիկի ելույթ։ Բայց, ի վերջո, նույն ոստիկանությունը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, իմացությամբ, հրահանգով է գործել այս ընթացքում։ Հիմա առնվազն տարօրինակ է, երբ Սերժ Սարգսյանը Վովա Գասպարյանին ոստիկանապետ նշանակելուց 6 տարի անց կանգնում ու նրան ասում է․ «Իրականում տարօրինակ է. եթե կա պայքար, իսկ դրա արդյունքները դրական են, ապա ինչպե՞ս է պատահում, որ օրը ցերեկով, շատերի աչքի առջեւ հրազենի գործադրմամբ կատարվում են ծանր հանցագործություններ: Այս երեւույթը մտահոգիչ է նաեւ այն առումով, որ նման դեպքերը չեն պակասում, այլ, ավելանալով՝ ստանում են առավել հանդուգն դրսեւորումներ»։ ՀՀ նախագահը վեց տարի անց նկատել է նաեւ, որ Հայաստանում մեծ քանակությամբ ապօրինի զենք է պահվում, որոնք պետք է ոստիկանությունը հայտնաբերի։ Խնդիրներ կան նաեւ հետախուզվող անձանց հայտնաբերելու հարցում։



Օրինակ՝ պարզվել է, որ որոշ դեպքերում հետախուզական գործերը կազմվել են անձի նկատմամբ հետախուզում հայտարարելուց 10 կամ 12 տարի հետո: Սերժ Սարգսյանն ակնարկել է նաեւ մյուս իրավապահ կառույցների հետ արդյունավետ չհամագործակցելու մասին։ Թերեւս նկատել է անձնական ամբիցիաները, որ դրսեւորում են ոստիկանությունը, դատախազությունն ու Քննչական կոմիտեն՝ թե՛ լրատվական ծառայությունների, թե՛ կառույցի ղեկավարների մակարդակով։ Այս ամենի վերաբերյալ մի քանի հարց ուղղեցինք նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին, ով ատամներով պաշտպանում է իր հաջորդին, բայց նաեւ արդարացի համարում Սերժ Սարգսյանի բոլոր խոսքերը։



«Նախագահի ելույթին գնահատական տալ չեմ կարող, ուղղակի կարող եմ ասել, որ նախագահի ելույթը շատ ակտուալ, շատ ճիշտ գնահատված, ճիշտ պահին, ճիշտ տեղերում նախազգուշացնող ելույթ էր»,- Սերժ Սարգսյանի ելույթին գնահատական տվեց Ալիկ Սարգսյանը։



- Ուշացած չէ՞ր այդ ելույթը։



- Չեմ կարծում, որ ուշացած էր, որովհետեւ ուշացած է լինում դա, երբ որ անցած է լինում պահը, եւ կորուստներ ենք ունենում։ Էստեղ որեւէ կորստի խնդիր չկա։ Սրանք ուղղակի պիտի բարելավեն էս ուղղությամբ աշխատանքները, ամեն ինչ շատ նորմալ ա։ Նախագահի գործն ա, բնականաբար, էս ամեն ինչը տեսել ա, պիտի դիտողութուն անի, նախազգուշացնի, ժամկետներ տա դրանք վերացնելու համար։ Ոստիկանության գործն էլ հիմա կլինի դրանք նախագահի կողմից սահմանված ժամկետներում վերացնելը։ Կարծում եմ՝ նորմալ պրոցես է։



- Սերժ Սարգսյանի խոսքում մի ակնարկ էլ կար, որ ոստիկանությունը պետք է առավել արդյունավետ համագործակցի ԱԱԾ-ի ու Քննչական կոմիտեի հետ։ Սա չի՞ նշանակում, որ համագործակցության խնդիր կա այս կառույցների միջեւ։



- Իհարկե, սա նշանակում է, որ նախագահը տեսել ա փոխհամագործակցության ինչ-որ բաց տեղ, ավելի թույլ համագործակցություն ա տեսել, դրա համար էլ դիտողություն արեց։ Կարծում եմ՝ հիմա բոլորի համար դա առիթ կլինի, հետեւություն կանեն բոլորը, համագործակցությունը միմյանց հետ կխորացնեն։ Խոսքս չի վերաբերում միայն ոստիկանությանը, էն մյուս ծառայություններին էլ, որ, ինչո՞ւ չէ, ինիցիատորը, որ ամեն անգամ պիտի հանդես գա ոստիկանությունը, ես դրա հետ համաձայն չեմ։ Նրանք էլ պիտի համագործակցեն, եւ դա հենց իրենց իսկ շահերից է բխում։



- Թե՛ մամուլն է հաճախ գրում, թե՛ տպավորությունն է նաեւ այդպիսին, որ լարվածություն կա ոստիկանության ու Քննչական կոմիտեի միջեւ, հաճախ մեկը մյուսին մեղադրում է ինչ-որ հարցերում ակնարկներով…



- Ճիշտն ասած՝ էդքան ես չեմ խորացել դրա մեջ, չեմ էլ տեսել դա, չեմ էլ զգացել։ Ամեն դեպքում, նախագահի ասածը, եթե կա տենց խնդիր, ինձ համար հիմք է, եւ հասկանում եմ, որ նախագահն ունի համապատասխան տեղեկություն։ Դրա համար էլ զգուշացրել է։



- Բայց այդ նույն խնդիրները 5, 7 կամ 10 տարի առաջ էլ կային, այդ թվում՝ գուցե նաեւ Ձեր ժամանակ։



- Դե, գիտե՞ք ինչ, սա զուտ ամբիցիաների խնդիր է երեւի, թե չէ էդ ծառայությունները միմյանց հետ չեն կարա էդ պրոբլեմն ունենան։ Բոլորը նույն մեխին են խփում, բոլորը նույն խնդիրն ու նպատակներն ունեն։



- Ղեկավարների՞ ամբիցիաների մասին է խոսքը։



- Դե, չգիտեմ, ղեկավարների, թե… համակարգային ամբիցիաներ՝ ավելի շատ։ Ինչո՞ւ չէ՝ նաեւ ղեկավարների։



- Ի դեպ, Վովա Գասպարյանը վերջերս հայտարարեց, թե գողականները Հայաստանում «գառի» պես խելոք են։ Ձեր ժամանակ է՞լ էին գողականները գառի պես խելոք։



- Ես չգիտեմ՝ գառի պես են խելոք, թե չէ, ամեն մարդ իր կարծիքն ունի, բայց ես մինչեւ էդ չեմ նկատել ակտիվություն, հիմա էլ չեմ նկատում առանձնապես, որ հանցագործ աշխարհը չգիտեմ ինչեր անի։



- Սա հանցագործ աշխարհին ուղղված ինչ-որ մեսիջ կարելի՞ է գնահատել՝ գառի պես խելոք մնալու։



- Չգիտեմ, հանցագործ աշխարհը թող ինքն ընկալի խոսքի էությունը։ Ես դրա մեջ տենց բան չեմ տեսնում։



- Իսկ եթե որոշեն որեւէ կերպ արձագանքե՞լ՝ ապացուցել, որ էնքան էլ «գառ» չեն։



- Չէ, չէ, չեմ կարծում, նման դեպքերում, իմ կարծիքով, պետությանը չեն արձագանքում։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ