Mercedes-ի համար պետք է «ավելի եռանդուն աշխատել»

Mercedes-ի համար պետք է «ավելի եռանդուն աշխատել»

Ազգային ժողովում մեկնարկել են ՀՀ 2018 թվականի բյուջեի նախագծի քննարկումները։ Բացումն արեց վարչապետ Կարեն Կարապետյանը, որը, ինչպես նախորդ անգամ, այս անգամ էլ եկավ, շատ կարճ ելույթ ունեցավ ու գնաց։ Մոտ 5 րոպեանոց նրա ելույթում կարեւորն այն էր, որ 2018-ի բյուջեից շատ բան չսպասենք, այս բյուջեով ծրագրել են այնպիսի հարկաբյուջետային քաղաքականություն, որը պետք է հետո հիմքեր ստեղծի ունենալ 5 տոկոսանոց տնտեսական աճ, որ կարողանան սոցիալական վիճակը լավացնել։ Կարճ ասած՝ պիտի շարունակեն «ավելի եռանդուն աշխատել», որ մյուս տարի չէ, էն մյուս տարի նոր արդյունքը տեսնեն։ Իսկ հիմա՝ թոշակի ու աշխատավարձի ոչ մի բարձրացում․ եղածով յոլա գնացեք։ Վարչապետի ելույթի մյուս մասերը «մի քիչ համբերեք՝ ավելի լավ է լինելու» տրամաբանության մեջ տեղավորվող ապառիկով հուսադրումներ էին։



Փոխարենը ֆինանսների նախարար Վարդան Արամյանը մեզ հետ զրույցում հստակեցրեց՝ ինչ սպասենք 2018 թվականի բյուջեից, ընդ որում՝ բավականին ճոխ-ճոխ թվերով։ «Սպասում ենք պարտք-ՀՆԱ ցուցանիշի նվազում, սպասում ենք կապիտալ ծախսերի ագրեսիվ աճ՝ շուրջ 18 տոկոսով, սպասում ենք պաշտպանական նպատակներով ծախսերի աճ»,- ասաց նախարարը՝ հիշեցնելով, որ նախորդ տարի կապիտալ ծախսերի կրճատում ենք ունեցել։ Եկող տարի այդ ծախսերը, աճի առումով, կտրուկ «կագրեսիվանան»։ Դրա համար շուրջ 100 միլիարդով կավելանա ծախսային բյուջեն՝ դառնալով 1 տրիլիոն 464 միլիարդ դրամ։ Ի դեպ, եկող տարի 20 միլիարդ դրամով կավելանա նաեւ մեր պետական պարտքի սպասարկումը, այսինքն՝ վարկերի տոկոսադրույքների մարումը՝ դառնալով 140 միլիարդ դրամ։ Սա նշանակում է, որ այս տարի մենք էլի մեծ վարկեր ենք կուտակել մեր վզին։ Արամյանն ասաց նաեւ, որ 2017 թվականը, նախնական տվյալներով, 4.3 տոկոս տնտեսական աճով կփակենք։



- Հիմա եկող տարվա բյուջեից հասարակությունը սոցիալական բնույթի ի՞նչ փոփոխություններ կարող է սպասել, եթե որեւէ աշխատավարձ ու թոշակ չեն բարձրանալու։



- Ընթացիկ ծախսերն ավելանալու են, բայց՝ ավելի համեստ տեմպերով։ Հիմնական մասը գնալու է տնտեսական ոլորտին, մի փոքր մաս ունենք, որ գնալու է սոցիալական ոլորտին, որպեսզի պահպանենք նույն մակարդակը նախորդ տարվա նկատմամբ։ Բայց մեխն այն է, որ մենք թոշակներն ու աշխատավարձերը (խոսքը նվազագույն աշխատավարձի մասին է) այս պահին չենք բարձրացնում, որովհետեւ դեռեւս ռիսկեր կան տնտեսական աճի կայունացման մասով։



- Կառավարությունն այս տարի մեծ թվով կրճատումներ արեց, որով, իհարկե, նաեւ սոցիալական լուրջ պրոբլեմ առաջացրեց: Նախ կասե՞ք, թե որքան մարդ կրճատվեց, եւ դրա հաշվին որքան գումար մուտք կարվի բյուջե։



- 2018 թվականին 2017-ի համեմատ շուրջ 5 հազար աշխատատեղ է լինելու կրճատված հանրային հատվածից։ Դա հանգեցնելու է շուրջ 3 միլիարդի խնայողության։ Բայց այդ 3 միլիարդը մենք վերաուղղում ենք բյուջետային նպատակներին, այդ թվում՝ կապիտալ ծախսերին։ Հիմա տեսեք, թե պրոբլեմը որն է։ Եթե դու ինչ-որ մի ոլորտում աշխատող ես պահում զուտ սոցիալական խնդիր լուծելու համար, դա ամենավտանգավոր բանն է, որովհետեւ այդ մարդը որեւէ հավելյալ արժեք չի տալու, ու դու ուղղակի քեզ խաբում ես։ Ճիշտ մոտեցումն այն է, որ այդ աշխատուժը ճիշտ օգտագործվի։



- Բայց դուք մյուս ասպեկտով էլ չեք լուծում այդ մարդկանց սոցիալական խնդիրը, որ կրճատվածները սոված չմնան։



- Ներողություն, մյուս ասպեկտով էլ պետք է բարձրացնենք նրա նպատակայնությունը։ Հիմա, եթե մենք ասենք, որ այնտեղ ամեն ինչ շատ հրաշալի է, որեւիցե խնդիր չկա, այդ դեպքում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը որեւիցե բան չի ունենա անելու։ Մինչդեռ Արտեմ Ասատրյանն ունի բարեփոխումների մեծ ցուցակ։



- Այդ «բարեփոխումների» մասին ամեն տարի լսում ենք, այդ թվերն ու գեղեցիկ խոսքերը նախորդ տարի էլ կային, բայց դրանով ժողովրդի կիսասոված ստամոքսը չի լցվում։



- Որպեսզի մեր բոլորիս ստամոքսը լցվի, մենք պետք է մեր աշխատուժը ճիշտ օգտագործենք։ Եթե մենք փող ենք ստանում ու որեւիցե բան չենք անում, դա վտանգավոր բան է դառնում երկրի համար։ Դրա համար այդ մարդկանց պետք է ուղղես այլ տեղեր։ Իհարկե, այդ ժամանակավոր գործազրկությունը կլինի, բայց փոխարենը այդ մարդիկ կա՛մ պետք է վերաիմաստավորեն իրենց մասնագիտական գիտելիքները եւ գնան ուրիշ տեղ, կա՛մ…



- Կամ պետք է արտագաղթեն։



- Ո՛չ։ Կամ պետք է գնան մասնավոր հատված։ Իսկ դրա համար ես պետք է ենթակառուցվածքների մեջ փող դնեմ։



- Իսկ եթե արտագաղթեցի՞ն մինչեւ այդ գործողություններն անելը։



- Եկեք ազնիվ լինենք, եթե մենք մտածում ենք, որ ընդամենը մեկ տարվա ընթացքում ես արտագաղթը մի հարվածով կանգնեցնելու եմ, ուրեմն մեզ մոտ դա մանկամտություն է, մենք ինքնախաբեությամբ ենք զբաղվում։ Ի՞նչ անեմ ես, պահե՞մ այդ արատը, պահե՞մ այդ իրավիճակը։ Դուք հա՛մ ուզում եք, որ ստամոքսներս լցվի, հա՛մ ուզում եք տնտեսությունն աճի, հա՛մ էլ չեք ուզում մենք բարեփոխում անենք։ Բա ինչպե՞ս անենք։ Եթե դու ուզում ես ավտոմեքենա գնել, էն էլ՝ Mercedes, պետք է տքնես, որ էդ Mercedes-ը գնես։



ՀԳ․ Ջորջ Օրուելի հայտնի «Անասնաֆերմա» վիպակում մի դրվագ կա, երբ խոզերից մեկը՝ Զռանը, ամեն կիրակի առավոտ գալիս ու կենդանիների համար բարձրաձայն թվեր է կարդում, որոնք ապացուցում են, թե անասնակերի ամեն տեսակի արտադրությունն աճել է 200, 300 կամ 500 տոկոսով։ Անասունները նրան չհավատալու պատճառ չունեն։ Չնայած դրան՝ լինում են օրեր, երբ անասունները նախընտրում են ավելի քիչ թվեր եւ ավելի շատ կեր ստանալ։ Սա, կարծում ենք, լավագույնս արտահայտում է մեր բոլոր կառավարությունների հայտարարած ցուցանիշների եւ ժողովրդի իրական սոցիալական վիճակի «համապատասխանությունը»։ Ավելի շատ՝ թվեր, ավելի քիչ՝ կեր։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ