Ավագների խորհուրդը ես եմ

Ավագների խորհուրդը ես եմ

Դեռեւս տարեսկզբին ՀՀԿ համագումարը կանոնադրական փոփոխություններ իրականացրեց, որոշումներից մեկը վերաբերում էր կուսակցությունում ավագների խորհուրդ ձեւավորելուն: Խորհրդի նախագահ ընտրվեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, սակայն մինչ օրս այդ խորհուրդը որեւէ նիստ չի հրավիրել, ինչի մասին փաստում են տարեց ՀՀԿ-ականները։ Ի սկզբանե խորհուրդն ստեղծվում էր այն նպատակով, որ ՀՀԿ-ի 60-ն անց եւ ԱԺ չանցած գործիչներն ընդգրկվեին դրանում եւ փորձեին օգտակար լինել կուսակցությանը: Մտադիր էին կուսակցությունում սերնդափոխություն իրականացնել, սակայն արդյունքում ստացվեց այնպես, որ տարեցներից անգործ մնացին միայն Համլետ Հարությունյանն ու Վազգեն Կարախանյանը, նույնիսկ Մկրտիչ Մինասյանին պահեցին խորհրդարանում՝ ԱԺ նախագահի խորհրդականի կարգավիճակում։ Հետեւաբար, այդ խորհուրդը կորցրեց իր իմաստը եւ անգործության մատնվեց։ ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը խորհրդի մասին մեր հարցին պատասխանեց․ «Ոչ միայն ավագների, այլեւ, ընդհանրապես, կուսակցական փոխհարաբերությունները միշտ էլ իմ վրա են դրված եղել։ Ավագների խորհուրդը ղեկավարելը նշանակում է մարդկանց այն խումբը, որը կկարողանա կազմակերպել ներկուսակցական գործընթացները։ Դա ոչ թե հիմա պիտի անենք, այլ մինչեւ այսօր էլ այդ սկզբունքը գործում էր եւ շարունակվելու է, առանց այդ խորհրդի էլ ես ամենը անում էի»։ Բայց ավագների խորհուրդը պետք է նիստեր հրավիրեր, գործունեություն ծավալեր, ինչը չի արվում։ Գրիգորիչը չհամաձայնեց․ «Հասկացանք, դրա ե՛ւ կանոնադրությունը կա, ե՛ւ ամեն ինչը, ե՛ւ կան այն մոտեցումները... Խորհրդի անելիքները, դրա գնահատականները կարող եք տեսնել… առաջիկայում տարածքային կազմակերպությունների ընտրություններ են, ե՛ւ ավագների խորհրդի եւ ընդհանրապես ամբողջ կուսակցության տարած աշխատանքները կերեւա ընտրություններին»։ Իսկ Մկրտիչ Մինասյանը մեր հարցին ի պատասխան ասաց, որ խորհուրդը նիստեր չի արել․ «Ամեն դեպքում՝ ես չեմ մասնակցել»։



Լուսինե
ՇԱՀՎԵՐԴՅԱՆ