Պատգամավորի գործարանում 23-ամյա երիտասարդ է մահացել

Պատգամավորի գործարանում 23-ամյա երիտասարդ է մահացել

Չարենցավանում գործող «Ասկե գրուպ» ընկերության գործարանում հերթական դժբախտ դեպքն է տեղի ունեցել՝ մահվան ելքով։ Մեր տեղեկություններով՝ մի քանի օր առաջ գործարանում աշխատանքներ իրականացնելիս շարժիչի տակ է մնացել և մահացել Հարություն Կարախանյան անունով 23-ամյա մի երիտասարդ։ Երեկ նրա հուղարկավորությունն էր։ Մեր այս տեղեկությունը հաստատեցին ոստիկանությունից՝ նշելով․ «Հոկտեմբերի 28-ին Չարենցավանի հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Չարենցավանում գործող «Ասկե գրուպ» ԲԲԸ-ի գործարանից մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել 1994 թվականին ծնված Հարություն Կ․-ն։ Պարզվել է, որ նա նույն օրը ժամը 14։30-ի սահմաններում հալման արտադրամասում ընկել է շարժիչի տակ և տեղում մահացել»։ Մեր տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել Հարությունի մեծ եղբոր աչքի առաջ, ով նրա հետ նույն գործարանում էր աշխատում։



Նշենք, որ «Ասկե գրուպը» պատկանում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Հարությունյանին ու նրա հորը՝ Միշա Հարությունյանին։ Վահան Հարությունյանից կամ «Ասկե գրուպի» ղեկավարությունից որևէ մեկնաբանություն չհաջողվեց ստանալ։ Հարությունյանը չպատասխանեց զանգերին, իսկ գործարանում էլ չգտնվեց մեկը, որ կկարողանար մեր հարցերին պատասխանել։ Նշենք, որ այսպիսի դժբախտ դեպք առաջին անգամ չէ, որ պատահում է այս գործարանում։ Մեկ տարի առաջ էլ շինարարական կռունկից բանվոր էր ընկել ու կրկին մահացել։ Ինչպես նախորդ անգամ, այս անգամ էլ «Ասկե գրուպից» խուսափեցին որևէ բան մեկնաբանել՝ նշելով, թե չունեն պատասխանատու անձ, տնօրենի հետ էլ չեն կարող միացնել։



Փաստորեն, Հայաստանի ամենախոշոր գործարաններից մեկում, որտեղ հաճախակի են դարձել նման ողբերգական դեպքերը, չկա մի պատասխանատու անձ, որը իրավասու կլինի պատասխանել լրատվամիջոցների հարցերին։ Մենք ուզում էինք իմանալ՝ արդյոք որևէ մեկը պատասխանատվություն կրել կամ կրելու՞ է նման դեպքերի համար, թե՞ զոհվածների թաղման ծախսերը փակելով՝ ամեն ինչ հարթվում է։ Երևի թե նման անպատասխանատու և փնթի աշխատաոճն էլ հենց նպաստում է, որ անվտանգության կանոնները չպահպանվեն, ու նման դժբախտ դեպքերը կրկնվեն։ Իսկ գործարանում անվտանգության կանոնների ու կարգուկանոնի խնդիր, իրականում, կա։ Մենք տեղեկացանք, որ Վահան Հարությունյանն ու գործարանի ղեկավար կազմը մասնակցել են Հարությունի հուղարկավորությանը, ըստ երևույթին՝ նաև ինչ-որ ձևով աջակցել են Հարությունի ընտանիքին։ Մնում է՝ պատասխանատուները գտնվեն։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ