Ինչո՞ւ ոչ 21 տարեկանից

Ինչո՞ւ ոչ 21 տարեկանից

Բանակում ծառայության առումով բոլոր «բարեփոխումները» (բնականաբար չակերտավոր) վերաբերում են 27-ից բարձր տարիքի արական սեռի ներկայացուցիչներին: Բայց ոչ-ոք չի մտածում, որ դպրոցական նստարանից բանակ գնացած անձն ամբողջովին չէր հասունացել, որպեսզի վերածվեր լիարժեք զինվորի, այն է՝ հայրենիքի պաշտպանի: Հետաքրքիր է, որ 21 տարեկանից բանակ զորակոչելու հարցը բարձրացվեց Ռուսաստանի խորհրդարանում, սակայն այն ևս մարեց: Այդ հարցը մեջտեղ եկավ բանակում ծառայելը ոչ թե 18-ից 27, այլ 21-ից 30 տարեկան դարձնելու համատեքստում: Եթե հիշողությունս չի դավաճանում, 18-ը մնաց, իսկ 27-ը դարձվեց 30: Ռուսական ղեկավարության դիրքորոշումը կարող եմ հասկանալ. երկիրը գտնվում է պատերազմի մեջ, ու 18-ը պահպանելը պայմանավորված է դրանով: Բայց այդ առումով ինձ ավելի հիմնավորված է թվում ուկրաինական մոտեցումը: Պատերազմի մեջ գտնվող այդ երկրում գործող բանակ չեն տանում մինչև 24-ամյա տարիքի տղամարդկանց: Նույնիսկ հիմա, երբ հարավային ճակատում ամառային հակահարձակումը տապալվեց՝ մարդկային մեծ զոհեր տանելով հետը. արևմտյան լրատվամիջոցների կողմից խոսվում է 80-100 հազար զոհերի մասին: Ի դեպ, մինչև 24-ամյա տղաներին խնայելն ուկրաինական իրականության միակ ասպեկտն է, որ ես այսօր ընդունում եմ որպես խելամտության դրսևորում:

Ժամանակին, երբ Հայաստանը կառավարվում էր նախկինների կողմից ու չուներ անվտանգային որևէ լուրջ խնդիր, ես էլ իմ ուժերի ներածին չափով կռիվ էի տալիս արևմտյան արժեքների հաստատման ուղղությամբ: Բայց չէի ընկալում անգլո-սաքսոնական իրավական մոտեցումը, ըստ որի քաղաքացին ընտրելու իրավունք էր ստանում 18 տարեկանից, սակայն որպես հասուն անձնավորություն էր դիտարկվում 21-ից: Հասուն ասելով նկատի ունեմ իրավական այլևայլ գործընթացների մեջ ներառվելու իրավունք ստանալու տարիքը: Որովհետև եթե մարդը քաղաքացիական որևէ գործարք կարող է կատարել միայն 21 տարեկանից, ապա ինչպես է հնարավոր մինչ այդ տարիքը նրան վստահել ամենալուրջ հարցի լուծումը: Իսկ ամենալուրջը հենց ընտրության մասնակցությունն է, որը որոշում է նրա և մնացած ողջ երկրի ապագան առաջիկա մի քանի տարիների կտրվածքով: Շուտով կհասնեմ «65+» տարիքի  (այդպես էի ձևակերպում մեր կազմակերպության անցկացրած սոցիոլոգիական հետազոտությունների հարցաթերթիկներում տարիքային սանդղակի վերջին նիշը), սակայն այդ հարցն այնպես էլ բաց մնաց ինձ համար: Նույն տրամաբանությունն ինձ համար գործում է բանակ զորակոչվելու տարիքային շեմի առումով: Որովհետև զորակոչիկը ևս պետք է լինի այնքան հասուն, որ նրան վստահվի հայրենիքի պաշտպանությունը: Կարծում եմ, որ քպկականներին իշխանությունից հեռացնելու հետո, ի թիվս բազմաթիվ այլ հարցերի, պետք է քննարկվի նաև դա: 

Հենց սկզբից ասեմ, որ բուհի ընթացքում և դրանից հետո անցել եմ ռազմական ուսուցում և ստացելեմ կրտսեր սպայական աստիճան: Իսկ մի քանի անգամ մեկ-երկու շաբաթից մինչև մեկ ամիս խորհրդային բանակ զորակոչվելով՝ ստացել եմ պահեստազորի ավագ լեյտենանտի կոչում: Ինչը նշանակում է, որ ես գիտեմ, որ բանակում մեկը հրաման է արձակում, ու առնվազն մեկ տասնակ ուրիշները կատարում են դրանք: Առանց, բնականաբար, քննարկելու իրավունքի: Բայց դա չի նշանակում, որ 21-ից 23 տարեկան երիտասարդներն ավելի վատ կկատարեն այդ հրամանը, քան 3 տարով նրանցից կրտսերները: Եվ բացի դրանից, 21,5 տարեկան երիտասարդը (կոչումով սերժանտ) ավելի պատրաստ կլինի մնացած 10-ին շատ ավելու պատասխանատու ղեկավար լինելու, քան 18,5 տարեկանը: Եվ հաստատ 21-ից 23 տարեկանները հոգեբանորեն ավելի թեթև կտանեն բանակի ծանր ծառայությունը, քան դպրոցական նստարանից անմիջապես բանակ զորակոչված պատանիները: Իզուր չէ, որ անգլերենում 13-19 տարեկան պատանիների համար առկա է հատուկ անվանում՝ թինեյջեր: Այսինքն, լեզվի կրողները կյանքի փորձից հասկացել են, որ 13-ից 19 տարեկանների հոգեբանությունն ավելի մոտ է միմյանց, քան 18-ի ու 20-ինը: