Հայաստանն ու Վրաստանը հինգ տարի է՝ նոր սահմանային անցակետ են կառուցում

Հայաստանն ու Վրաստանը հինգ տարի է՝ նոր սահմանային անցակետ են կառուցում

Արդեն հինգ տարի է՝ Հայաստան-Վրաստան սահմանին նոր սահմանային անցակետ է կառուցվում։ Այդ անցակետի կառուցման աշխատանքները, թվում է՝ անվերջ են, ծայրը չի երեւում, թե երբ են ավարտելու։ Ամեն անգամ ժամկետ են հետաձգում։ Սահմանային անցակետը կառուցում են երկու երկրները, Հայաստանը՝ Բավրայի, Վրաստանը՝ Նինոծմինդայի կողմից։ Նկատենք, որ Բավրայի սահմանային անցակետը վերջին տարիներին արդիականացվել էր, բայց իր հարմարավետությամբ եւ կառուցվածքով էապես զիջում է Բագրատաշենի անցակետին։ Ուստի որոշվել է նոր, ավելի մեծ անցակետ կառուցել։ Նոր անցակետի դեպքում, ըստ երեւույթին, կմեծանա նաեւ այս ճանապարհով բեռնափոխադրումների ծավալը, ըստ այդմ՝ կթեթեւանա Բագրատաշենով բեռնատարների հոսքը։



ՀՀ պետեկամուտների կոմիտեից մեզ տեղեկացրին, որ Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի միջեւ սահմանային անցակետերի արդիականացման ծրագիրն իրականացվում է ՄԱԶԾ (ՄԱԿ-ի զարգացման ծրագրեր) գրասենյակի կողմից․ «Հարկ ենք համարում հստակեցնել, որ խոսքը միասնական անցակետի մասին չէ. կողմերից յուրաքանչյուրն իր մաքսակետն է արդիականացնում»։



Հարցին, թե երբ են մեկնարկել աշխատանքները եւ երբ է նախատեսված ավարտել, ՊԵԿ-ից պատասխանել են․ «Բավրայի մաքսակետի կառուցման աշխատանքները մեկնարկել են 12.09.2012-ին: Աշխատանքների ավարտը նախատեսված է եղել 2016թ. սեպտեմբերին, սակայն, հաշվի առնելով եղանակային պայմանները, հետաձգվել է մինչեւ 2017-ի դեկտեմբեր»։



Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ միջոցներով են իրականացվում շինաշխատանքները, եւ որքան գումար է ներդրվել այստեղ, ՊԵԿ-ից հետեւյալն ասացին․ «Շինարարական աշխատանքների արժեքը կազմում է 11 666 393 եվրո: Կառուցվում է Եվրոպական ներդրումային բանկի կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված վարկային միջոցներով` 70 տոկոս, եւ Եվրոպական հանձնաժողովի Հարեւանության ներդրումային գործիքի (դրամաշնորհի) միջոցներով` 30 տոկոս»։



Նշենք, որ վրացական կողմը եւս վերոնշյալ կազմակերպությունների տրամադրած գումարներով է կառուցում իր հատվածի անցակետը։ Պարզապես մեզ տրամադրված վարկն ենք մարելու, իրենք՝ իրենց։ Այս պահին Բավրայի եւ Նինոծմինդայի անցակետերի միջեւ հեռավորությունը 1-2 կմ է։ Նոր անցակետերը կառուցվում են հենց այդ հատվածում՝ չեզոք գոտում, եւ իրար շատ ավելի մոտ են լինելու։ Նախատեսված է, որ վրացական կողմը եւս մեզ հետ միասին ավարտի իր աշխատանքները, թեպետ Վրաստանն իր կատարած աշխատանքով մեզնից մի փոքր հետ է։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ