Շանտա՞ժ, թե՞ ռեալ նպատակներ

Շանտա՞ժ, թե՞ ռեալ նպատակներ

Թուրքիան մի կողմից կտրուկ սրել է հարաբերությունները Եվրոպական միության երկրների, այդ թվում՝ Գերմանիայի հետ, մյուս կողմից սիրախաղ է սկսել Ռուսաստանի եւ ԵԱՏՄ-ի հետ։ Օրեր առաջ Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը քննադատել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ խորհուրդ տալով չմիջամտել Գերմանիայի ներքին գործերին։ Էրդողանը, հիշեցնենք, կոչ էր արել Գերմանիայում բնակվող թուրքերին սեպտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններում չքվեարկել կանցլեր Անգելա Մերկելի կուսակցության օգտին։ Սա առաջացրել էր կանցլերի եւ ԱԳ նախարարի վրդովմունքը։ Էրդողանի կոչին արձագանքել էր նաեւ Անգելա Մերկելը։



Ի պատասխան Զիգմար Գաբրիելի քննադատությանը՝ Էրդողանն անցել էր կոռեկտության սահմանները՝ անուղղակի հակադարձելով արտգործնախարարին․ «Նա չափերը չի ճանաչում։ Ո՞վ ես դու, որ խոսես Թուրքիայի նախագահի հետ։ Չափդ իմացիր։ Նա փորձում է մեզ դաս տալ․․․ Որքա՞ն ժամանակ ես քաղաքականության մեջ։ Քանի՞ տարեկան ես»։



Այս ամենին զուգահեռ, ապացուցելով, որ քաղաքականության մեջ չկան հավերժ թշնամիներ ու բարեկամներ, Թուրքիան հարաբերություններն է ջերմացնում Ռուսաստանի հետ, որի ինքնաթիռն էր խոցել երկու տարի առաջ, Սիրիայի սահմանին։ Մի քանի օր առաջ Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին հայտարարել էր, որ Թուրքիան մտադիր է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիր կնքել, որը կվերաբերի ծառայությունների եւ ներդրումների ոլորտին։ Նկատենք, որ սրանով, ըստ էության, քայլեր են արվում Թուրքիայի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության ուղղությամբ, գոնե միայն տնտեսական մասով։
Հայաստանի քաղաքագետները սա համարում են Թուրքիայի կողմից շանտաժ՝ ուղղված Եվրամիությանը։ «Ռուսաստանի հետ այս խաղերն այս պահին ես կարծում եմ, որ Թուրքիայի կողմից շանտաժ են՝ ցույց տալու ԱՄՆ-ին եւ Եվրամիությանը, որ կարող է Ռուսաստանի հետ դաշինքներ կնքել։ Թուրքիան ուղղակի փորձում է օգտագործել Ռուսաստանին որպես լծակ՝ վերականգնելու Արեւմուտքի հետ իր հարաբերությունները»,-կարծում է ՌԱՀՀԿ փորձագետ, քաղաքագետ Մանվել Սարգսյանը։



Թե ինչ պետք է անի Հայաստանն այս պարագայում, եւ արդյոք մենք պե՞տք է դեմ արտահայտվենք այս պայմանագրի ստորագրմանը, պարոն Սարգսյանը կարծում է, որ Հայաստանը պետք է սրանից փորձի օգուտներ քաղել՝ առաջ քաշելով իր պայմանները։ «Հայաստանը պիտի ստորագրի, չէ՞, դրա տակ։ Ի՞նչ պայման է դնելու, օրինակ՝ կարող է պայման դնել, որ Թուրքիան բացի իր սահմանը Հայաստանի հետ, կամ էլ պիտի ասենք՝ Թուրքիայի մուտքն այս միություն արժե էսքան։ Եթե Հայաստանից կախված է որեւէ ստորագրություն, համաձայնություն, դա պետք է շատ թանկ արժենա ե՛ւ Թուրքիայի, ե՛ւ Ռուսաստանի ու մյուսների համար, այնքան թանկ, որ նրանք էլ մտածեն՝ արժե՞ Թուրքիային վերցնել, թե՞ ոչ»։



Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը եւս նույն տրամաբանության մեջ է գնահատում Թուրքիայի այս խաղերը, որ սա ուղղակի շանտաժ է Արեւմուտքի դեմ։ «Այստեղ երկու տարբերակ կա, ես հակված եմ առաջին տարբերակին, որ շանտաժ է անում Թուրքիան։ Նա շանտաժ է անում Եվրամիությանը, ասում է՝ դուք ինձ չեք ընդունում ԵՄ, այ, էս ձեւի Թուրքիային, որտեղ մարդկանց նստեցնում են, բռնում են, ձերբակալում են, ես էլ կգնամ՝ Ռուսաստանի հետ ԵԱՏՄ շրջանակներում կհամագործակցեմ»։ Քաղաքագետը կարծում է, որ Թուրքիայի հարաբերություններն էապես վատացել են ոչ միայն Գերմանիայի, այլեւ Հոլանդիայի, Ավստրիայի եւ Դանիայի հետ, լուրջ խնդիրներ ունի նաեւ Ֆրանսիայի հետ՝ ցեղասպանության հարցով։



Հարցին՝ ԵԱՏՄ-ի հետ ազատ առեւտրի պայմանագրի ստորագրման դեպքում արդյոք Հայաստանը պե՞տք է օգտվի վետոյի իր իրավունքից եւ դեմ արտահայտվի այդ պայմանագրին, թե՞ պետք է փորձի իր պայմաններն առաջ քաշել, պարոն Գրիգորյանն ներկայացրեց իր երկրորդ սցենարը։ «Պատկերացրեք, որ դա խաղ չէ, դա միայն շանտաժ չէ Եվրոպային, այլ Թուրքիան իրոք ուզում է ԵԱՏՄ-ի հետ ակտիվ աշխատել։ Նախ՝ Թուրքիան, իմ կարծիքով, դա չի կարող անել, մինչեւ չբեկանի Եվրոպայի հետ ազատ առեւտրի գոտին։ Այստեղ մի քանի հարց է առաջանում՝ ի՞նչ կարող է տալ դա Թուրքիային։ Հայաստանի փորձը ցույց է տալիս, որ ԵԱՏՄ-ից ոչ մի լավ բան չկա, կարո՞ղ է լավ բան լինի Թուրքիայի համար։ Ես շատ կասկածում եմ։ Հետո, այստեղ կա նաեւ Հայաստանի գործոնը, քանի որ, եթե Թուրքիան ուզում է ստորագրել ազատ առեւտրի գոտի ԵԱՏՄ-ի հետ, ո՞նց կարող է փակ պահել սահմանը Հայաստանի հետ։ Ես չեմ հավատում, որ Թուրքիան այս փուլում կամավոր կբացի սահմանը Հայաստանի հետ։ Երկրորդը․ Թուրքիայի ապրանքները երբ որ մտան Հայաստան, էն առեւտուրը, որ մենք անում էինք Ռուսաստանում, դա էլ կտապալվի, քանզի մեր ապրանքները մրցունակ չեն թուրքականի հետ»,- կարծում է քաղաքագետը՝ նկատելով, որ այս դեպքում Հայաստանը պետք է օգտվի վետոյի իր իրավունքից եւ դեմ արտահայտվի այդ համաձայնագրին։ Ավելին՝ կարծում է, որ մենք պետք է հենց սկզբից այդ մասին բարձրաձայնենք, որ Թուրքիան նույնիսկ չհամարձակվի գալ ԵԱՏՄ։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ