Իշխանությունները տագնապահար կոչ են անում խուճապի չմատնվել

Իշխանությունները տագնապահար կոչ են անում խուճապի չմատնվել

ԱՄՆ Մինսկի խմբի արդեն հեռացող համանախագահ Ռիչարդ Հոգլանդը մի քանի ամիս առաջ՝ մարտի 28-ին, Երեւանի «Մարիոթ» հյուրանոցում ասուլիս տվեց եւ խոսեց արցախյան խնդրի կարգավորման փաստաթղթի մասին։ Նա այդ ժամանակ, դեռ չբացելով փակագծերը, նշել էր բառացիորեն հետեւյալը․ «Ձեզ դուր չի գա դա, բայց մենք չենք օգտագործում կոնկրետ անվանումը, մենք չենք ասում՝ կոնկրետ Լավրովի պլան, մենք՝ բոլորս, գիտենք, թե դա որտեղից է եկել, բայց դիվանագիտորեն մենք սա կոչում ենք բանակցային սեղանին դրվող պլան-առաջարկ։ Հուսով ենք՝ երկու կողմերը կցանկանան բանակցել այս պլանի շուրջ։ Մենք ձգտում ենք դրան։ Այն պլանը, որն այժմ սեղանին է դրված, արմատապես չի տարբերվում նախկինում շրջանառված պլաններից։ Բայց այն, ինչ այժմ սեղանին է գտնվում, այդ տարբեր պլանների հղկված, փայլեցված մի տարբերակն է։ Արդյոք դա կրկնօրինա՞կն է նախկին պլաններից մեկի։ Ոչ։ Սա նոր ուղիներ, նոր լուծումներ է դիտարկում, որը կարող է հակամարտության բոլոր կողմերի համար ընդունելի լինել»՝ պատասխանելով «Հրապարակի» այն հարցին, թե արդյոք այդ նոր պլանն իր բովանդակությամբ նմա՞ն է մադրիդյան կամ կազանյան փաստաթղթերին։



Ռիչարդ Հոգլանդը, ով հեռանում է այս պաշտոնից, ամերիկյան լրատվամիջոցներին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման 6 հիմնական կետերը։ Դրանք, ըստ էության, նույն ուղղվածության մեջ են, ինչ 2007-ին հրապարակված Մադրիդյան սկզբունքները, բայց Հոգլանդի հայտարարածի եւ Մադրիդյան սկզբունքների միջեւ ձեւակերպումների եւ դրանցից բխող կարգավորման որոշակի տարբերություններ կան։ Մինչեռ երեկ ողջ օրը իշխանական քարոզչիները լրատվական դաշտը հեղեղել էին «հասարակությանը հանգստացնող» քոմենթներով, թե՝ «որեւէ նոր բան չկա, սա այն էր, ինչի շուրջ այսքան տարի խոսվում էր»։ ԱԳՆ չստացված խոսնակ Տիգրան Բալայանն էլ հերթական անգամ փայլատակեց իր «դիվանագիտական» մտքով՝ Հոգլանդի հայտարարության բովանդակությունը մեկնաբանելու փոխարեն հեգնելով այդ հայտարարությունն առաջինը հրապարակած կայքի վերնագիրը, թե «հրատապ» բառն ավելորդ է։



Իսկ Հոգլանդի հայտարարության մեջ նոր բան, այնուամենայնիվ, կա, մասնավորապես՝ Լաչինի միջանցքի, խաղաղապահների տեղակայման եւ ամենակարեւոր հարցի՝ Արցախի կարգավիճակի վերաբերյալ։ Հոգլանդը շարադրել է այս ամենի ամփոփ տարբերակը՝ չմանրամասնելով դրանց իրագործման պայմանները։ Իսկ մադրիդյան փաստաթղթում դրանք բացված են, դետալացված, եւ երբ համեմատում ենք, տեսնում ենք, որ Մադրիդյան սկզբունքները շատ ավելի «հայամետ են», քան Հոգլանդի հայտարարածը։ Մյուս կողմից նկատենք, որ Հոգլանդի հայտարարածը շատ նման է Լեւոն Տեր-Պետրոսյանի խաղաղության պլանին՝ հատկապես առանց նախապայմանների տարածքները հետ տալու եւ անորոշ կարգավիճակի մասով։



ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը երեկ ոչ մի կերպ չպատասխանեց այս հարցին՝ միայն նշեց, որ սրա մեջ որեւէ նոր բան չկա, քանի որ այդպես է ասել ԱԳ նախարարը։ Շարմազանովը մի կողմից հիշեցնում է, որ սա նույն մադրիդյան ու կազանյան փաստաթղթերում ամրագրվածն է, որոնցից հրաժարվել է ոչ թե Հայաստանը, այլ Ադրբեջանը, մյուս կողմից ասում է, որ իրենք ունեն հստակ դիրքորոշում, որը, փաստորեն, չի համապատասխանում Հոգլանդի հայտարարած դրույթներին։ Սակայն, եթե ասում են, որ այդ փաստաթղթերի ստորագրումից հրաժարվել է Ադրբեջանը, ոչ թե մենք, ստացվում է, որ Հայաստանը կողմ է եղել դրան։ Եթե Հայաստանը կողմ է, ինչո՞ւ են այսօր իշխանական կամակատարները «տագնապահար» համոզում մեզ, թե՝ «մի խառնվեք իրար, այստեղ ոչ մի նոր բան չկա»։



Մարդու իրավունքների նախկին պաշտպան, Սլավոնական համալսարանի աշխատակից Լարիսա Ալավերդյանը եւս կարծում է, որ Հոգլանդի հայտարարության մեջ նորություն չկա։ «Բայց պետք է այդ ժամանակ հարց տանք, թե ինչի համար է ընդհանրապես այդ հայտարարությունը։ Ես կարծում եմ, որոշ շեշտադրումներ ընդգծելով, կարծես թե թույլ է տրվում, որ այդ գործընթացը երկարացվի։ Այսինքն՝ ոչ թե անմիջական լուծումների փուլի մասին է խոսվում, այլ այն անհրաժեշտության մասին, որ այդ գործընթացը երկարացվի։ Տիկին Ալավերդյանի խոսքով՝ ոչ թե պետք է նայենք, թե ինչ է ասել, այլ երբ է ասել եւ ինչու։ «Եվ այստեղ խոսքն այն մասին է, որ ԱՄՆ-ն, ի դեմս իրեն ներկայացնող համանախագահի, հիշեցնում է, որ ինքը եւս լիդեր է այս հարցում»։



Քաղաքագետ Մանվել Սարգսյանի տեսակետն այս հարցում համընկնում է իշխանական տեսակետի հետ։ «Ոչ մի տարբերություն չկա, բացարձակ, անգամ եթե Դուք մի ստորակետ գտնեք, ես կասեմ՝ հա։ Հիմա դա վերաբերում էր Ռուսաստանին, Հայաստանին, թե Ադրբեջանին, դա այլ հարց է, դա կարելի է քննարկել։ Բայց փաստն այն է, որ ինքը հստակեցրել է դիրքորոշումը»,- ասաց պարոն Սարգսյանը՝ նշելով, որ մարդիդյանն ու կազանյանն էլ իրարից ոչնչով չեն տարբերվում, եւ դրանք բոլորը հեքիաթներ են։



ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանի կարծիքով էլ՝ Հոգլանդի հայտարարության մեջ ասվածը փոքր թեզեր են, որոնք կփորձեն լուծել կոնֆլիկտը, բայց ինքը մի կետ կառանձնացներ, որտեղ գրված է Արցախի անվտանգության եւ սուվերենության հարցը։ «Եվ եթե նայենք պետդեպարտամենտի վերջին հայտարարության կոնտեքստում, որտեղ մտահոգություն է հայտնում պետդեպը, որ Ադրբեջանն ըստ էության փորձում է հարցը ռազմական ձեւով լուծել ու նաեւ նշում է, որ վտանգը ոչ միայն ԼՂՀ-ում է, այլեւ Հայաստանի հյուսիսային սահմաններում, այդ ընդհանուր կոնտեքստում ես կարծում եմ, որ բոլոր ուժերը, այդ թվում՝ Մինսկի խմբի, պետք է ուղղված լինեն բանակցությունների համար մթնոլորտ ստեղծելուն»։ Իգիթյանը ենթադրում է, որ Հոգլանդի այս հայտարարությունը ոչ թե Մադրիդյան սկզբունքներից մեջբերում է, այլ ընդհանուր ոգին, մոտեցումն է արտահայտել։ «Պետք է հաշվի առնենք, որ սա եղել է ոչ թե օֆիցիալ հայտարարություն՝ Արցախի հետ կապված, ոչ թե մեջբերում ինչ-որ փաստաթղթից, այլ գնացող համանախագահի կողմից մի քանի կետերի ընդհանուր շարադրանքն է․ գնացող մարդը նշեց, թե ինչի վրա էին աշխատում, եւ ներկայացրեց նոր համանախագահին»։




Վահե ՄԱԿԱՐՅԱՆ