«Հրազդան» մարզադաշտի լողավազանները քանդեցին, որ նո՞րը կառուցեն

«Հրազդան» մարզադաշտի լողավազանները քանդեցին, որ նո՞րը կառուցեն

«Հրազդան» մարզադաշտի համահեղինակ ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանին զայրացրել է մարզադաշտի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանի օրերս արած այն հայտարարությունը, ըստ որի, պահպանելով մարզադաշտի սպորտային ուղղվածությունը, միտք ունի ժամանցի համալիր կառուցել՝ մի քանի տեսակի լողավազաններով, արդյունքում մարզադաշտը կվերածվի հանգստի մեծ գոտու, եւ մարդիկ, Բաթումի գնալու փոխարեն, կգնան «Հրազդան» մարզադաշտ։



«Ես ուղղակի խոսքեր չեմ գտնում, սա այնպիսի մտածելակերպ է, այնպիսի աշխարհայացք, որը պատկերացնելն ուղղակի անհնարին է»,- ասում է Մուշեղյանն ու նշում, որ «Հրազդան» մարզադաշտը միայն մարզադաշտ չէր, դա մի ամբողջ սպորտային համալիր էր, որտեղ կային ե՛ւ լողավազաններ, ե՛ւ վոլեյբոլի դաշտ, բայց «չալարեցին՝ վաճառեցին։ Նույն «Հրազդան» մարզադաշտի համալիրում կար 2 լողավազան Հրազդանի կիրճի կողմից, մեկը՝ ծածկած, մյուսը՝ բաց։ Բացը վերացավ, ծածկած լողավազանի դեպքում էլ ներքին վաճառք կատարվեց, ու վերածվեց հեռուստաընկերության։ Այսինքն՝ վերացնում ենք եղածը եւ նորից սկսում զրոյից։ Եթե մարզադաշտը քանդեցինք ու կառուցեցինք այդ բոլորը, 60-70 հազար մարդ պետք է նստի ու նայի, թե ո՞նց են մարդիկ հանգստանում»։



Համահեղինակ ճարտարապետի կարծիքով, խնդիրը ոչ թե մարզադաշտի ոչ եկամտաբերությունն է, այլ այն, որ չկա այն մարդը, որ կշահագործի լիարժեք՝ անկախ այն փաստից, որ մեր ֆուտբոլը բարձր մակարդակի չէ։ Մուշեղյանն օրինակ է բերում Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը, որը երբ սկզբում վաճառվեց, ապրեց դեգրադացիայի փուլեր, բայց այսօր, պետական կառույց լինելով հանդերձ, տնօրինում է մի մարդ, որը լիարժեք շահագործում է Մարզահամերգային համալիրը, եւ այն շահութաբեր է կամ առնվազն գոյություն ունի. «Եվ այդտեղ մենք կարողանում ենք կազմակերպել ոչ միայն հանրապետական եւ քաղաքային մասշտաբի միջոցառումներ, այլ կարող ենք կազմակերպել նաեւ համաշխարհային մասշտաբի միջոցառումներ։ Այսինքն՝ եթե մենք զրկվում ենք նման կառույցներից, զրկվում ենք նաեւ նման միջոցառումների անցկացումից։ Հետո՝ ինչո՞ւ ենք բոլոր տեսակի միջոցառումները, նաեւ նրանք, որոնք անհարմար են, անցկացնում Հանրապետության հրապարակում, համերգներ կարելի է անցկացնել նաեւ այստեղ»։



Նա հիշում է, որ ժամանակին «Հրազդան» մարզադաշտում կազմակերպվել են նաեւ «Ոսկե աշուն», տարբեր համերգներ, եւ հանդիսատեսի պակաս երբեք չի եղել, այսինքն՝ հարկավոր է ճիշտ ուղղություն նախանշել եւ ոչ թե այն վերածել տոնավաճառի. «Այդ տոնավաճառների հիմքը դրվեց այն ժամանակ, երբ սովետական համակարգը շարքից դուրս եկավ, եւ Սովետական Միության տարածքի բոլոր մարզադաշտերին կից կազմակերպեցին տոնավաճառներ, այդ թվում՝ Երեւանում։ Դա ժամանակավոր բնույթ էր կրում, բայց այդ ժամանակավորը բոլոր երկրներում վերացվեց, ու այդ մարզադաշտերն սկսեցին գործել լիարժեք, բացի Երեւանից, որովհետեւ ուղղությունը վերցվեց ոչ թե մարզադաշտը պահպանելու եւ շահագործելու ուղղությամբ, այլ այդ տարածքն օգտագործելու բիզնեսի, առեւտրի տեսանկյունից։ Դա չէր կարող լինել երկարաժամկետ, քանի որ առեւտրի կենտրոնները՝ «մոլերը», այնքան զարգացան, որ այդ տարածքներն արդեն չեն հրապուրում մարդկանց։ Վերջերս էլ խնդիր առաջ քաշվեց, որ բերեք մեծածախ գյուղատնտեսական մթերքների առեւտրի կենտրոն դարձնենք, ասենք՝ «մոլերը» գալու են այնտեղ, որ քաղաքացին գա առեւտո՞ւր անի այնտեղից։ Սա մտածելակերպի եւ պատկերացումներ չունենալու արդյունք է, չի կարելի մարզադաշտին ձեռք տալ»։



Գուրգեն Մուշեղյանը շեշտում է՝ «Հրազդան» մարզադաշտը համարվում է սովետական ճարտարապետության ձեռքբերումներից եւ սովետական մոդեռնիզմի 100 լավագույն գործերից մեկը, որն ստացել է բազմաթիվ մրցանակներ։ «Մարզադաշտը համարվում է ազգային արժեք, իսկ սեփականությունը սահմանափակ իրավունքների խնդիր է։ Հետո՝ ինչո՞ւ ենք մենք մտածում, որ վաղը մեր թիմը չի հասնի այն արդյունքին, որ միջազգային այնպիսի խաղեր կլինեն, որ չի տեղավորվի այսօրվա հանրապետական մարզադաշտում, եւ պետք կլինի այս մարզադաշտը։ Ինչ է, քանդելու ենք ու նորի՞ց կառուցենք մեծ մարզադաշտ, չես կարող ամեն օր քանդես ու նորը կառուցես, դրանք մեծ արժեքներ են ներկայացնում եւ օրվա խնդիրներ չեն, դրանք ազգային հարստություններ են, եթե նույնիսկ չի շահագործվում, հարկավոր է օգտագործել տուրիզմի նպատակով, որովհետեւ, երբ մարզադաշտը հանձնեցինք շահագործման, մեծ հոսքեր էին գալիս Երեւան եւ գնում մարզադաշտը նայելու, որովհետեւ սա այն մարզադաշտերից է, որ բնական ռելիեֆի վրա բնական ամֆիթատրոնները ներդաշնակվում են ձորի ռելիեֆի հետ»,-ասում է Մուշեղյանն ու հավելում, որ սա մեր պատմությունն է ու եթե անգամ ոչ մի կոպեկ չի բերում, հարկավոր է պահպանել։ Այն դիտարկմանը, որ սեփականատերերին դա դժվարըմբռնելի է, որովհետեւ նրանք առաջին հերթին բիզնես շահ են հետապնդում, ասաց. «Եթե ես սեփականատեր եմ ու ի վիճակի չեմ շահագործելու եւ շահույթ ստանալու, պետք է բարի լինեմ՝ ազատվեմ այս սեփականությունից»։



Ճարտարապետը հիշում է, որ երբ վաճառվում էր «Հրազդան» մարզադաշտը, պայմանագրի մեջ հստակ գրված էր, որ նույնիսկ եթե տրվում է վարձակալության, սեփականատերն իրավունք չունի ֆունկցիոնալ փոփոխություններ կատարելու, այսինքն՝ պարտավոր է պահպանել այդ բոլորը. «Ես իմ աչքով եմ կարդացել դա պայմանագրի մեջ։ Հարկավոր է ելք գտնել ու այս ամենը հասկացնել, թե չէ նա ասում է՝ կեսը կվաճառեմ ու այդ վաճառքով կսկսեմ քանդել մարզադաշտը ու մեջը կկառուցեմ Բաթումի, բայց Բաթումին միայն լողավազանը կամ սպորտհրապարակը չէ։ Դրանից հետո էլ հանկարծ կասի, որ այս տրիբունաներն ինձ պետք չեն, որովհետեւ այդքան մարդ չի հավաքվում, ուրեմն եկեք տրիբունաներն էլ քանդենք»։



Այն հարցին, թե փորձե՞լ է շփման եզրեր գտնել սեփականատիրոջ հետ, Մուշեղյանն ասաց. «Նա շփման մեջ մտնող մարդ չէ, նա ուզում էր այնտեղ, որտեղ հանրային տարածքներն են, կառուցել առեւտրի կենտրոն, մինչդեռ սպորտային խաղերի ընթացքում մինչեւ 100 հազար մարդ էր հավաքվում ստադիոնում, իսկ արտակարգ իրավիճակներում առաջանում էին տարհանման խնդիրներ, եւ կարող էր ահավոր բան տեղի ունենալ, բայց ԱԻՆ-ը եւս փաստում է, որ այս տարածքներն անհրաժեշտ են մարդկանց տարհանելու համար, դրա համար շինարարական աշխատանքները դադարեցվեցին։ Հասկանում եմ՝ գոյություն ունեն շահեր, բայց ամենամեծ շահը պետական շահն է, հետո՝ հանրային շահը, մինչդեռ անձնական շահը դարձել է գերակա շահ մեր երկրում»։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ