Կրթությունն ընկալվում է ոչ թե որպես ներդրում, այլ՝ ծախս

Կրթությունն ընկալվում է ոչ թե որպես ներդրում, այլ՝ ծախս

Սոցիալական արդարության խնդիր կա կրթական համակարգում, իսկ կրթության որակի հաշվին էլ ավելի է խորանում անհավասարությունը՝ համոզված են Կրթական քաղաքացիական նախաձեռնության անդամները։ «Թվում է, թե կրթությունը պարտադիր է, հիմա էլ՝ արդեն 12-ամյա կրթությունը, բայց Երեւանից մինչեւ ամենահեռավոր մարզեր այնպիսի բեւեռացում գոյություն ունի կրթական որակի ու պայմանների, որ այդ անհավասարությունը Հայաստանում լրացուցիչ սոցիալական լարվածություն է ստեղծում»,- ասում է Կրթական քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչ Վահրամ Սողոմոնյանը։ Ըստ նրա՝ կրթական ոլորտում լուռ մեծամասնությունը շատ է, եւ իրենց խնդիրներից է հանրության այդ հատվածն ուժեղացնելը, որպեսզի հնարավոր լինի միասին փոփոխություններ արձանագրել։ 



Ապրիլին ձեւավորված նախաձեռնությունը, որում ընդգրկված են կրթության փորձագետներ, հետազոտողներ, մասնագիտացված ՀԿ-ներ, տարբեր անհատներ, ստեղծել է մի քանի աշխատանքային խմբեր՝ մասնագիտական եւ այլընտրանքային մեթոդների, ինչպես նաեւ ծնողների նախաձեռնության խումբ, որն այս ամիսների ընթացքում փորձել է վեր հանել կրթական ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերը։



Վահրամ Սողոմոնյանն ընդգծում է՝ վերջին տարիներին համախառն բյուջեում կրթության ծախսերը նվազում են, ավելին՝ հաջորդ 3 տարվա համար կառավարությունը ծրագրում է ՀՆԱ մասնաբաժնում կրթության բաժինը տոկոս առ տոկոս իջեցնել. «Ընդ որում՝ 2.34 %-ից այն հասնելու է 1.85%-ի։ Սա խոսում է այն մասին, որ կրթության կարեւորության մասին հայտարարությունները դատարկախոսություններ են՝ հաշվի առնելով, որ կրթական համակարգի կառավարումը ենթարկվում է ինչ-որ օպտիմալացման, տնտեսական նպատակահարմարության, կոշտ խնայողության քաղաքականության։ Այսինքն՝ կրթությունը չի ընկալվում որպես ներդրում երկրի, հասարակության ապագայի համար, այլ ընկալվում է որպես խանգարող ծախս»։



Հանրային քաղաքականության ինստիտուտի տնօրեն, Կրթական քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչ Արեւիկ Անափիոսյանի դիտարկմամբ էլ՝ խնդիրներն այս ոլորտում բազմաթիվ են, որոնցից են սոցիալական արդարության եւ համաչափ զարգացման խնդիրները։ Որակական խնդիրներից բացի, կան նաեւ խնդիրներ՝ միջավարի հետ կապված, դպրոցների հագեցվածության, ջրամատակարարման, ջեռուցման, շենքային պայմանների, դպրոցների խորհուրդների, կադրային քաղաքականության եւ ֆինանսավորման. «Թեեւ արդեն անցում ենք կատարել պարտադիր 12-ամյա կրթությանը, բայց քիչ համայնքներում է, որ կան ավագ դպրոցներ։ Մեծ խնդիրներով են իրականացվում ներառականությանն ուղղված բարեփոխումները։ Մյուս կարեւոր խնդիրը դպրոցների քաղաքականացվածությունն ու կուսակցականացվածությունն է»։



Նախաձեռնության անդամները «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» ՀԿ-ի հետ համատեղ ստեղծել են կրթական ոլորտի խնդիրների քարտեզագրման նոր հարթակ՝ iditord.org, որը բոլոր ծնողներին հնարավորություն կտա գրանցել ահազանգեր, տեղադրել լուսանկարներ, տեսանյութեր։ Ինչպես նշեց Կրթական քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչներից Միշա Թադեւոսյանը, ահազանգերի հիման վրա նախաձեռնությունը կամփոփի, կհանրայնացնի եւ կփորձի լուծումներ գտնել պատասխանատու մարմինների հետ հաղորդակցության միջոցով. «Քարտեզագրումը հնարավորություն կտա հասցեական դարձնել դպրոցի հիմնախնդիրները։ Սա նաեւ հետազոտական հիմք է մեզ համար հանդիսանալու»,- ասում է նա ու ընդգծում, որ անձանց տվյալների գաղտնիությունը, միանշանակ, պահպանվելու է։



Ծնողների նախաձեռնության խմբի անդամ Մարիամ Չախոյանն էլ նշեց, որ այս հարթակը չի փոխարինելու թեժ գծին, այլ իր հերթին լրացնելու եւ օգնելու է իրենց աշխատանքին, որից հետո նաեւ կոչ արեց ծնողներին զերծ մնալ դրամահավաքներից, ֆետիշացված նվերների եւ ծաղկեփնջերի մշակույթից։



Վահրամ Սողոմոնյանը նշեց՝ այս ամիսների ընթացքում այն տպավորությունն է ստացել, որ գտնվում են պետական մարմինների համակ ուշադրության ներքո, փոխնախարարն անձամբ մի քանի անգամ այցելել է իրենց ընդհանուր ժողովներին, տեղեկացել, թե ինչի մասին են քննարկումները, որոնք են ցավոտ խնդիրները։ «Որոշակի առումով իմ տպավորությունն այն էր, որ պետական գերատեսչություններում նույնպես անելանելիության եւ տեսլականների բացակայության խնդիր կա»,- ասում է նա ու հավելում, որ պատրաստ են համագործակցելու ճանապարհով քայլ առ քայլ փոփոխություններ կատարել. «Քանի որ հիերարխիկ կրթական սիստեմը՝ թելադրանքով գիտելիք տալու եւ նույնությամբ հետ ստանալու, բացարձակապես չի նպաստում քաղաքացու ձեւավորմանը, ռեֆլեքսային, որպեսզի քաղաքացին կարողանա վերլուծել տարբեր իրավիճակները, ինչն էլ հանգեցնում է այն բոլոր խնդիրներին, որի առաջ մենք կանգնած ենք»։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ