Կորո՞ւստ, թե՞ վիճակագրություն

Կորո՞ւստ, թե՞ վիճակագրություն

Շատ տարիներ առաջ, երբ նոր էի ամուսնացել, մի տարեց տատիկ, որն իր կյանքում շատ բան էր տեսել եւ, հավանաբար, նաեւ զավակներ կորցրել, փորձում էր «ջահել հարսիս» խելք սովորեցնել, ասում էր․ «Շատ երեխաներ կունենաս, կյանք է, չես իմանա՝ քանիսը կապրեն, քանիսը կմեռնեն, պետք է այնքան ունենալ, որ մեկը մեկին փոխարինի, եթե մի բան պատահի»։

Հիշում եմ իմ զարմանքը՝ այսինքն, մի զավակը կարո՞ղ է մյուսին փոխարինել, այսինքն՝ մարդիկ «զապաս» երեխա են ունենում, որ մեկը չլինի, մյո՞ւսը փոխարինի։ Ինչու՝ երեխան շո՞ր է, կոշի՞կ է, որ եթե մեկը մաշվի, մյուսով փոխարինես։ Ինչպե՞ս կարող է զավակի կորուստն ինչ-որ բանով լրացվել, փոխարինվել։ Եվ այսօր, երբ պետության առաջին դեմքերը, անգամ նրանց կանայք, խոսում են զոհված տղաների փոխարեն նոր զավակներ ունենալու մասին եւ աջակցում են, որ զավակներ կորցրած տարեց ծնողները ժամանակակից բժշկական մեթոդներով զավակներ ունենան, ես դա դժվարությամբ եմ հասկանում։ Եվ կարծում եմ, որ դա խոսում է միայն այն մասին, որ պետությունը ներկայացնող անձանց համար 18-20-ամյա լուսավոր երեխաներն ընդամենը վիճակագրություն են՝ պատռված շորի, մաշված կոշիկի, փչացած սարքավորման նման մի բան, որոնց կարելի է նորերով փոխարինել։ Նրանց թվում է՝ եթե 20-ամյա զավակ կորցրած մորն աջակցեն, եւ նա 50-60 տարեկանում նոր երեխա ունենա, իրենց մեղքը թեթեւանալու է, եւ հազարավոր զոհերի համար պատասխանատվությունը նվազի։

Իհարկե, մենք ուրախանում ենք, ողջունում ենք յուրաքանչյուր հայ մանուկի ծնունդը, կողմ ենք նաեւ մեծ տարիքում զավակներ ունենալուն, բայց դա ոչ մի կապ չունի մեր զոհերի հետ եւ ոչնչով չի կարող լրացնել 2020 թվականի անգնահատելի կորուստը, ինչպես չի կարող նվազեցնել ձեր մեղքը եւ փարատել որդեկորույս ծնողների վիշտը։