Այս ում սարն է, ում այգին է

Այս ում սարն է, ում այգին է
Հարցազրույց Հրանտ Բագրատյանի հետ



- Պարոն Բագրատյան, գյուղատնտեսության ոլորտի  պատասխանատուները գյուղմթերքի շուկայի այս տարվա աննախադեպ բարձր գները (տարվա այս եղանակին լոլիկի գինը 400 դրամ է) բացատրում են վատ գյուղատնտեսական տարով`  բերքն է փչացել եւ այլն: Ակնհայտ է, որ այս գներն աշնանը արդեն լուրջ սոցիալական դժգոհության են հանգեցնելու:



- Բացեք Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական կայք-էջը, volume of growth of agricultural output. ներկայացված է գյուղատնտեսական արտադրանքի ծավալը այս տարվա հունվար-մայիսի կտրվածքով անցյալ տարվա հունվար-մայիսի նկատմամբ: 100,9 տոկոս: Հիմա ասում են վատ տարի է, բայց սա նույն իշխանությունների թիվն է, ըստ որի՝ մեկ  տոկոսով ավելացել է գյուղատնտեսական արտադրանքը, կարող է ծիրանը պակասել է, բայց մյուս գյուղմթերքն է ավելացել: Ավելին` մայիսին ապրիլի նկատմամբ գրանցվել է մոտ 54 տոկոս աճ: Նորից եմ կրկնում` իրենց թվերով գյուղատնտեսական տարին այդքան էլ վատը չի: Իհարկե, խաբում են այդ թվերը, բայց երբ փորձում են ասել, որ ծիրանը կամ կեռասը չկա, որովհետեւ բերքն է քիչ, ես էլ հարցնում եմ` բա մայիսին  միայն դրանց բերքն է լինում: Կամ սա ճիշտ չի, կամ այդ 54 տոկոս թիվն է սխալ, որը նրանց թույլ է տվել ցույց տալ ՀՆԱ-ի 8,8 տոկոս աճ: Ի՞նչ է իրականում տեղի ունեցել: Ես ենթադրում եմ հետեւյալը. այստեղ դեր են խաղում մի շարք  գործոններ, որոնցից առաջինն այն է, որ մեր գյուղատնտեսությունը գնալով ավելի է կենտրոնանում: Հիմա արդեն գյուղացին չի հիմնական արտադրողը: Օրինակ, եթե գնում եք Արարատի մարզ, մի դաշտ եք տեսնում, ասում եք` "այս ո՞ւմ դաշտն է, այս ո՞ւմ այգին է", հիշո՞ւմ եք հայտնի մուլտֆիլմում` "Մար-կի-զա, մար-կի-զա Կարաբասա", ասում են` "Հովի-կա, Հովի-կա, Հովիկա Աբրահամյանա": Գնում եք Արմավիրի մարզ, ասում եք` "այս ո՞ւմ այգին է", ասում են` "Ռո-բեր-տա, Ռո-բեր-տա Քոչարյանա": Մարդիկ աստիճանաբար ամեն ինչ խլել են: Եւ հիմա գյուղատնտեսության ներսում արտադրության հիմնական մասը սրանց մոտ է, եւ սրանք միտումներ են դրսեւորում գյուղատնտեսական արտադրության առաջարկը մոնոպոլիզացնելու: Նոր երեւույթ: Երկրորդը` ինչո՞ւ է թանկ: Գյուղացու վրա թանկ է նստում: Գյուղացին դեռ կա, իրենք դեռ վերջնականապես չեն սպանել բագրատյանական գյուղացուն, որը մեկ-երկու հեկտար ստացավ եւ դժգոհում էր, որ ուներ: Լավ, բայց ինչո՞ւ է նրանց մոտ էլ թանկ ստացվում: Շատ պարզ պատճառով. չնայած 8,8 տոկոս տնտեսական աճին, չնայած 7 տոկոսանոց ինֆլյացիային, Կենտրոնական բանկը Ռեպոն պահում է 7,5 տոկոսի վրա, իսկ տոկոսադրույքը` 13-ի: Մատչելի վարկը գյուղացու համար 15-25 տոկոս է: Գյուղացին պետք է ունենա 38-40 տոկոս շահութաբերություն: Եթե վարկի տոկոսն էլ գումարում ենք` գյուղատնտեսությունը պետք է 55-65 տոկոս շահութաբերությամբ աշխատի, որպեսզի այնտեղ տեղի ունենա պարզ վերարտադրություն: Չկա, մարդիկ ստիպված գինը բարձրացնում են: Եւ վերջապես երրորդ հանգամանքը. անընդհատ թանկանում է ջուրը, անընդհատ թանկանում է թունաքիմիկատը, դիզվառելիքի գինը. եւրոն մեկ ամիս առաջ 570 էր, հիմա 460 է, դիզվառելիքի գինը նույնն է` 360-370 դրամ: Այսինքն, գինը 0,64 եւրոյից դարձել է 0,78 եւրո: Այսինքն, գինը բարձրացել է մեկ ամսվա մեջ 23 տոկոսով: Այսինքն, եթե գյուղացուն նույնիսկ հաջողվում է արտահանել իր արտադրած ծիրանը, էլի չի կարողանում իր ծախսերը փոխհատուցել: Սրանք հասարակ բաներ չեն, երկրում չկա գյուղատնտեսության վարկավորման որեւէ մեխանիզմ: Վերջապես, այո, եղել են շատ կարկուտներ: Մենք արդեն տասը տարի է՝ լսում ենք պատմություններ, որ հակակարկտային նոր տեխնիկան արդեն բերել ենք, հատկապես բոլոր տեսակի  կարկուտները կրակեց-վերջացրեց Լոքյանը, հիմա այս մյուսն է կրակում (ինչպես գիտեք, խորհրդային տարիների հրանոթները կամ շարքից դուրս են եկել, կամ էլ հիմնականում օգտագործվել են ռազմական գործողությունների ժամանակ): Դրանք պարզապես խոսքի կրակոցներ են, իրականում ոչ մի բան էլ չարեցին:



- Ի՞նչ կասեք 8,8 տոկոս տնտեսական աճի եւ այն լավատեսության մասին, որ կառավարությունն ունի մակրոտնտեսական ցուցանիշների վերաբերյալ:



- Իրենք անում են այն, ինչ Ռոբերտ Քոչարյանն էր անում: Մի երկու-երեք տոկոս ունեն, մի հինգ տոկոս գրում են, հիմնականում ինֆլյացիայի հաշվին, ինֆլյացիան ավելի քիչ են տալիս, քան կա, եւ ավելացնում են: Սովորական հավելագրում: Հետաքրքիր է, որ իրենց մոտ աճի շարժիչը  հիմնականում շինարարությունն ու գյուղատնտեսությունն են, ինչպես նաեւ որոշ հանքանյութերի գների աճը համաշխարհային շուկայում: Իսկ շինարարությունում մենք չունենք վաճառվող բնակարան, որպեսզի ստուգենք` այս աճը կա՞, թե՞ ոչ: Դա ընդամենը գնահատական է, այլ ոչ թե տոտալ վիճակագրության արդյունք: Իսկ գյուղատնտեսությունը, արդեն ասացի, հավելեմ, որ ցանկացած մթերքի բերք  1,2-1,8 անգամ չափազանցված է: Կարելի է չսպասել, որ հուլիսի 20-21-ին հրապարակվեն Ազգային վիճակագրական ծառայության թվերը: Ուզո՞ւմ եք միանգամից ասեմ թվերը. 9,5 տոկոս ՀՆԱ-ի աճ, շինարարությունը կլինի մոտավորապես կրկնապատկված, գյուղատնտեսությունում կունենան հերթական 102-107 տոկոս աճ, առեւտրի եւ ծառայությունների ոլորտն աճած կլինի 5-7 տոկոսով, նոմինալ աշխատավարձը` մոտ 107 տոկոս, ինֆլյացիան կիջեցնեն-կդարձնեն 7,6-ից 6,9: Կարող ենք չսպասել, ես կարող եմ տարեկան թվերն էլ ասել: Տարեկան թիվն անպայման լինելու է երկնիշ եւ անպայման համեմատելի Ռոբերտ Քոչարյանի թվերի հետ: Իրենց ներքին մրցակցությունն է: