Երաժշտական փառատոնի ժամանակ 18 մարդ է զոհվել

Երաժշտական փառատոնի ժամանակ 18 մարդ է զոհվել
Գերմանական Դույսբուրգ քաղաքի ոստիկանությունը հայտնել է "Սիրո շքերթ" երաժշտական փառատոնի ժամանակ նվազագույնը 18 հոգու զոհվելու մասին: Մարդիկ զոհվել են թունելում տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով:



Շուրջ 100 մարդ ստացել են վնասվածքներ, տասնյակ հյուրերի վիճակը գնահատվում է որպես շատ ծանր: Հրմշտոցը առաջացել է այն բանից հետո, երբ իշխանությունները փորձել են կանգնեցնել հազարավոր մարդկանց ներխուժումը "Սիրո շքերթի" անցկացման վայր: Փառատոնի կազմակերպիչներն ակնկալում էին, որ միջոցառմանը կմասնակցի մոտ 1 մլն մարդ: Իշխանությունները "Շքերթի" մասնակիցների թիվը գնահատում են 1.4 մլն:



Ռոյթեր գործակալությանը տված հարցազրույցում ոստիկանության ներկայացուցիչ Յուրգեն Կիսկեմպերը իրավիճակը նկարագրել է որպես "լրիվ քաոսային": Նրա խոսքերով, ոստիկանությունը փակած է եղել փառատոնի անցկացման վայրի մուտքը մարդկային չափից մեծ հոսքի պատճառով: Բարձրախոսով դիմելով նրանց, ովքեր չէին դադարեցնում փառատոնին միանալու փորձերը, ոստիկանները խնդրել են ետ վերադառնալ: Այդ ժամանակ պանիկա է սկսվել, մարդիկ չեն կարողացել ոչ ետ շարժվել, ոչ առաջ: Վախից ու անելանելության զգացումից կաթվածահար մարդիկ սկսել են աղաղակել ու լացել: Շարքերի խտության պատճառով վիրավորներին չեն կարողացել մոտենալ բժիշկները:



Առավել մեծ իրարանցման համար հիմք չստեղծելու նպատակով, քաղաքային իշխանությունները որոշել են չէվակուացնել փառատոնին մասնակցող մարդկանց: Միջոցառման մասնակիցներից շատերը տեղյակ անգամ չեն եղել, որ իրենցից ոչ շատ հեռու մարդիկ են զոհվում: