Կարապետ Ռուբինյան. Համադրածդ համադրեմ

Կարապետ Ռուբինյան. Համադրածդ համադրեմ
Երբ ավազակապետությանը իրավամբ մեղադրում են Արցախի խնդրի հետ կապված բանակցություններում ձախողվելու մեջ, նրանք անմիջապես նշում են իրենց «ամենակարեւոր ձեռքբերումը»` ազգերի ինքնորոշման իրավունքի ամրագրումը միջնորդների առաջարկներում: Առաջին հայացքից սա իսկապես ձեռքբերում է, ավելի շուտ, կլիներ այդպիսին, եթե չլիներ հենց քարոզչական նպատակով միջնորդների կողմից ավազակապետին տրված լծակ` սեփական ժողովրդին մոլորեցնելու համար:

Ի՞նչ են մեզ առաջարկում մինսկի խմբի համանախագահ երկրները: Ասում են խնդիրը պետք է կարգավորել ԵԱՀԿ Հելսինկյան Եզրափակիչ ակտի երեք առանցքային սկզբունքների կրառումով` ուժի կիրառումից եւ դրա սպառնալիքից խուսափելու, ազգերի ինքնորոշման եւ երկրների տարածքային ամբողջականության վերաբերյալ:

Մինչեւ քննելը թե ինչպես կարելի է համադրել ազգերի ինքնորոշման եւ երկրների տարածքային ամբողջականության վերաբերյալ սկզբունքները, ինչը տողերիս հեղինակի բուն նպատակն է, երկու խոսք այդ սկզբունքների մասին:

Ի տարբերություն տարածքային ամբողջականության սկզբունքի, որը միանշանակ ընկալվող եզր է, ազգերի ինքնորոշման սկզբունքը կարելի է կիրառված համարել մշակութային ինքնավարությունից մինչեւ լիակատար անկախություն տրամադրելը ընկած լայնարձակ տիրույթում: Միայն նախկին ԽՍՀՄ-ի տարատեսակ ինքնավարությունների մասին հիշելը բավարար է, էլ Ալանդներ չհասնենք:

Դե հիմա եկեք համադրենք այդ երկու սկզբունքները` Ադրբեջանի տարածքային ամբողջականության իրավունքը եւ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Պարզ տրամաբանությունը ցույց է տալիս, որ համադրումը հնարավոր է Արցախի` Ադրբեջանի կազմում ցանկացած տիպի ինքնավարության դեպքում եւ անհնար է անկախ հռչակվելու կամ Հայաստանի հետ վերամիավորվելու դեպքում: Այսինքն Արցախի մեր հայրենակիցներին համանախագահող երկրները առաջարկում են ոչ թե ինքնորոշման իրավունք, այլ Ադրբեջանի կազմում ինքնորոշման իրավունք: Կրտսեր Ալիեւն էլ է նույնը պնդում` ասում է, որ այս առաջարկների շրջանակում հնարավորություն է բացվել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար:

Մի քիչ խամրեց չէ՞ մեր հմուտ դիվանագետների հաղթանակը:

Բայց ամենաբարձր կարգավիճակի ինքնավարություն Ալիեւները առնց միջնորդների էլ միշտ առաջարկել են: Ու հաճույքով կտան` իրենք հոմ գիտեն հետո ոնց են հերն անիծելու էդ ինքնավարության` Նախիջեւանը ձեզ օրինակ:

Այս ամենը չգիտեմ մինչ այս թղթին հանձնվել է թե ոչ, բայց այնքան ակնհայտ է, որ նույնիսկ ամաչում եմ գրել: Բայց հնարքը աշխատում է: Նախագահի աթոռը յուրացրածից սկսած մինչեւ տարբեր տիպի շարմազանովներ խելոք-խելոք բառբառում են` մեզ հաջողվել է ամրագրել ինքնքնորոշման իրավունքը, իսկ ձեր «փուլայինում» նման բան չկար:

Դե հիմա հարց եմ տալիս. Երբ մեր արտգործնախարարը ողջունում էր ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահների հանթսվիլյան հայտարարությունը, պարզ չէ՞ր, որ ողջունում է Արցախի ինքնավարությունը Ադրբեջանի կազմում:

Սակայն ներկայացվածը ամբողջական չի լինի եթե չխոսենք այս կապակցությամբ մեր տնայնագործ-դիվանագետների եւս մեկ հնարքի մասին:

Այնուամենայնիվ փորձելով համադրել անհամադրելին, մեր խելոքներն ասում են` Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում, ուստի տարածքային ամբողջականության պրոբլեմ չկա: Անտարակույս. Մենք գիտենք, որ Ղարաբաղը մերն է, էդ պատմական անցքերն էլ գիտենք, իրավահաջորդություն, ԽՍՀՄ օրենքով սահմանված կարգով դուրս գալ եւ այլն: Ցավն էլ հենց այն է որ այդ բոլորը չի հաջողվել մատուցել համանախագահներին եւ նրանք էլ, ՄԱԿ-ի անդամ մյուս երկրների պես Ադրբեջանի անկախությունը ճանաչել են Խորհրդային Ադրբեջանի, ոչ թե անկախ Ադրբեջանի սահմաններով:

Ի՞նչ հետեւություն:

- Նշված համատեքստում ազգերի ինքնորոշման սկզբունքի ամրագրումը համանախագահողների առաջարկներում ոչ մի ձեռքբերում էլ չէ, պարզապես քարոզչական գործիք է, որը ծառայեցվում է մեզ մոլորեցնելու համար:

- Եթե նպատակը բանակցությունների միջոցով ժամանակ ձգելն ու Արցախի ներկայիս կարգավիճակը պահպանելը չէ, եռանխագահ երկրների հանթսվիլյան հայտարարույամբ արված առաջարկը պետք է մերժվի, քանի որ անընդունելի է Հայաստանի եւ Արցախի համար:



Կարապետ Ռուբինյանի համացանցային էջեր