Ալ Քաիդան սպանել է ֆրանսիացի պատանդին

Ալ Քաիդան սպանել է ֆրանսիացի պատանդին
"Ալ Քաիդան մուսուլմանական Մագրիբի երկրներում" գրոհայինների խմբավորումը Մալիում մահապատժի է ենթարկել 78-ամյա ֆրանսիացի գերի Միշել Ժերմանոյին: "Ալ Ջազիրա" հեռուստաալիքի եթերից հնչած աուդիոհաղորդագրության մեջ ասվում է, որ 78-ամյա ֆրանսիացուն սպանել են` լուծելու համար իրենց խմբավորման` վերջերս Սահարայի անապատում տեղի ունեցած հատուկ օպերացիայի ժամանակ սպանված  ութ անդամների վրեժը: Հաղորդում է Lenta.ru-ն:



Ֆրանսիական իշխանությունները հայտարարել են, որ դեռևս չեն տիրապետում այդ իրադարձությունը հաստատող տեղեկատվության: Միաժամանակ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին արդեն այս հարցով շտապ խորհրդակցություն է հրավիրել, որին մասնակցելու են պաշտպանության և անվտանգության հարցերով նրա խորհրդականները:



Միշել Ժերմանոն առևանգվել էր Նիգերում սույն տարվա ապրիլի 19-ին: "Իսլամական Մագրիբում Ալ Քաիդայի կազմակերպությունը" խոստացել էր բաց թողնել պատանդին, եթե Ֆրանսիան օգնի ազատել խմբավորման ակտիվիստներին Մալիի բանտից: