Արձագանքում են "Հրապարակին"

Արձագանքում են "Հրապարակին"
Այս շաբաթ մեր հրապարակումներին այնքան շատ են արձագանքել՝ եւ ընթերցողները, եւ այն անձինք, որոնց մասին մենք գրել ենք, որ դրանց մեջ ընտրել, թե որն է կարեւոր, որը՝ ոչ, բավական բարդ է: Թերեւս ամենաուշագրավներից է վարչապետ Տիգրան Սարգսյանին վերաբերող մեր լուրի արձագանքը: Տիգրան Սարգսյանն իր թիկնախմբով այցելել էր սրճարան-ակումբներից մեկը, ունկնդրել ռոք երաժշտություն, օգտվել սրճարանի ուտելիք-ըմպելիքներից եւ առանց վճարելու հեռացել: Նման փաստը ցանկացած նորմալ երկրում կարող էր հրաժարականի առիթ դառնալ, սակայն ոչ մեզանում:



Քանի որ այդ երեւույթի դեմ պայքարողը պետք է ոչ միայն լրագրողները լինեն, ինչպես է, այլ ողջ հասարակությունը եւ մասնավորապես այդ նույն ակումբը, որտեղ "մուֆթա" կերել-խմել է մեր վարչապետը: Սակայն պատկերը միանգամայն հակառակն էր՝ ակումբի անձնակազմն իրար էր անցել եւ վախենում էր, որ մեր լուրը հետեւանքներ կունենա իրենց համար՝ կենթադրեն, թե ինֆորմացիան իրենցից է դուրս եկել, եւ կպատժեն: Մեզ համար հասկանալի են հայկական իրականության եւ բիզնեսի բնույթն ու առանձնահատկությունները, բայց դա չի նշանակում, թե մենք պետք է այլ կերպ աշխատենք եւ չգրենք նման երեւույթների մասին:



Ընդհանրապես այս շաբաթ շատ էին մեզ ուղղված մեղադրանքները, թե թիրախներ ենք ընտրել եւ նպատակային խփում ենք այս կամ այն պաշտոնյային: Մեկ "թիրախի" դերում պաշտպանության նախարարն է, մեկ՝ ոստիկանապետը, մեկ՝ ՕԵԿ նախագահը: Բայց միայն թիրախների քանակն ու փոփոխականությունը խոսում են այն մասին, որ ոչ մի "նպատակային" խնդիր մենք չունենք եւ գրում ենք այն ամենի մասին, ինչ կատարվում է, եւ ինչը կարողանում ենք նկատել ու արձանագրել: Իսկ մենք, հավատացեք, շատ բան չենք նկատում: Պարզապես մեր պաշտոնյաներն այնքան խոցելի են, այնքան վատ են աշխատում, այնքան թերություններ ունեն, որ ցանկացած հրապարակում վերածվում է քննադատության: Այս շաբաթ մեզ արձագանքել են նաեւ տարբեր մասնավոր ընկերություններ:



Մենք տպագրել ենք "Օրանժի" պատասխանը Վայոց ձորում ծագած հրդեհի կապակցությամբ, տպագրել ենք "Գլենդել Հիլզ" ընկերության պատասխանը Գյումրիի Մուշ 2 թաղամասի վերաբերյալ հոդվածին: Եվ մեզ զանգահարել են տարբեր քաղաքացիներ՝ իրենց հուզող հարցերով ու հոգսերով: Դրանց մի մասը հետագայում հոդվածներ են դարձել, ինչպես պոլիկլինիկա դիմած կնոջ պատմությունը, որը բողոքում էր անվճար ծառայության որակից եւ բժիշկների խորամանկություններից, որոնք հայտարարել էին, թե իրենց սարքերը հին են, եւ եթե ուզում են հիվանդության դիագնոզը ստույգ իմանալ, պետք է գնան վճարովի ծառայություն մատուցող հիմնարկ:



Եվ վերջապես, կրկին անդրադարձել ենք թիվ 18 հատուկ դպրոցի խնդրին, որի մասին մեր հրապարակումները կարելի է իսկապես "թիրախային" համարել, քանի որ մենք անընդհատ գրում ենք, սակայն դրանք որեւէ արդյունք չեն տալիս: Ավելին՝ այդ դպրոցում արմատական փոփոխություններ իրականացնելու, գոնե տնօրենին հանելու փոխարեն դպրոց է այցելում հանրապետության առաջին տիկինը եւ իր բարձր ներկայությամբ նրան առնում իր հովանու տակ: Սա այն դեպքն է, երբ հասարակության եւ "բարձր" իշխանության կարծիքն էականորեն տարբերվում է, եւ իշխանությունը որոշել է ցույց տալ, որ թքած ունի հասարակական կարծիքի վրա: Եվ վերջում մի զավեշտալի փաստի մասին. օրեր առաջ մենք տպագրել էինք Կապանի մեր թղթակցի լրատվությունն այն մասին, որ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը Կապան է այցելել ուղղաթիռով, եւ քանի որ դա արտառոց էր, կապանցիք կարծել են, թե հավանաբար փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը նույն ուղղաթիռով իջել է Վայոց ձոր, իսկ Քուշկյանը շարունակել է ճանապարհը Կապան:



Մեր այս լուրին հաջորդ օրն անդրադառնալով՝ "Արմենպրես" պետական լրատվական գործակալությունը ծանր ու մեծ հերքում էր տպագրել, հղում անելով Արմեն Գեւորգյանի աշխատակազմին, որ փոխվարչապետը, խնայողության նկատառումներից ելնելով, երբեք ուղղաթիռով չի մեկնում գործուղումների, նա օգտվում է բացառապես մարդատար ավտոմեքենաներից: Ինչին մեր լրագրողներից մեկը սրամտորեն արձագանքեց՝ եթե օգտվի երթուղայինների ծառայություններից, խնայողությունն ավելի մեծ կլինի: