Պլանային դիտարկում կամ «խաղաղասիրական» ներկայացում

Պլանային դիտարկում կամ «խաղաղասիրական» ներկայացում
Սեպտեմբերի 22-ին Արցախի ԱԳՆ մամուլի ծառայությունը հերթական տեղեկատվությունն է տարածել առ այն, որ վերոհիշյալ օրը «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի՝ ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ բնակավայրի մերձակայքում»:



Ղարաբաղի ԱԳՆ մամուլի ծառայությունը կրկին անուն առ անուն թվարկում է դիտարկումն իրականացնող «ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ» անձանց՝ չմոռանալով նշել նաեւ վերջիններիս զինվորական կոչումները։ Պարզվում է, օրինակ, որ հունգարացի Իմրե Պալատինուսը՝ ոչ ավել, ոչ պակաս, փոխգնդապետ է։ Տնաշենի՜ տղա, մե՜ծ բան է` մեզանում քո տարիքի տղերքը վաղուց առնվազն գեներալ-լեյտենանտ են...



Բայց շտապենք հայտնել, որ այս անգամ եւս «դիտարկումն անցել է սահմանված գրաֆիկով եւ դիտարկման ժամանակ կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել»: Փա՜ռք Աստծո։ Միջնորդ տղերանց բախտն այս անգամ էլ է բերել։ Նրանք ողջ եւ առողջ են:



Հարց է ծագում՝ ո՞ւմ համար են «դիտարկում» կոչվող, պարբերաբար կրկնվող այս ներկայացումները՝ Արցախի արտգործնախարարությա՞ն, ԵԱՀԿ միջնորդ անձա՞նց, միջազգային հանրությա՞ն, թե՞ Բաքվի խաղաղասեր դեմքը հաստատելուն են միտված այս շոուները։ Միթե պարզ չէ, որ այնտեղ, որտեղ մի քանի րոպեով, այսպես ասած, «պլանային դիտարկումներ» են անցկացվում, այնտեղ երբեք կրակոցներ չեն հնչում։ Հակամարտ կողմերը, «նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն», իմանում են, թե շփման գծի որ հատվածում են իրենց պլանային զբոսանքներն անցկացնելու ԵԱՀԿ առաքելության տղերքը, եւ նախապես խստիվ հրահանգում են անգամ «խլապուշկա» չտրաքացնել:



Եթե դիտարկումների ժամանակ երբեք «կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվում», այսինքն կողմերը սրբորեն պահպանում են հրադադարի պայմանավորվածությունը, ապա հայկական ԶԼՄ-ներն ինչո՞ւ են Աստծո յուրաքանչյուր օր տեղեկատվություն սփռում այն մասին, որ, «համաձայն ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության, այսինչ գիշերը եւ օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման X դեպք...»։



Այսպես, վերոնշալ լուրերի համաձայն, սեպտեմբեր 21-ին՝ դիտարկումից 1 օր առաջ, Ադրբեջանը 85 անգամ խախտել է հրադադարը՝ արձակելով 600 փամփուշտ։ Իսկ անցած շաբաթ խախտել է 229 անգամ՝ արձակելով 2 հազար 398 փամփուշտ... Թիվն էլ շատ խոսուն է, ու դրանից միանգամայն արժանահավատություն է ճառագում՝ ոչ թե 2 հազար 390 կամ 2 հազար 400, այլ՝ ուղիղ 2 հազար 398... Եթե սեպտեմբերի 17-ին Հադրութի, Մարտունու, Ասկերանի եւ Մարտակերտի շրջաններում 200 անգամ գնդակոծվել են ղարաբաղյան հենակետերը եւ նույն օրը «հակառակորդի կրակոցներից հրազենային գնդակային մահացու վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող Անդրանիկ Սարգսյանը», ապա ո՞ւմ աչքերին են փորձում թոզ փչել «դիտարկում» ներկայացման ղեկավարները իրենց խաղաղասիրական շոուով։



Իսկ գուցե ամենեւին էլ չե՞ն գնդակոծվում հայկական դիրքերը եւ ամենեւին էլ զինծառայողներ չե՞ն վիրավորվում ու սպանվում։ Չէ որ ամեն անգամ դիտարկման ժամանակ պարզվում է, որ արշալույսներն այստեղ խաղաղ են...



Արեգ ՎԱՐԴԱՆՅԱՆ