Այս անգամ մամուլի խորհրդաժողով

Այս անգամ մամուլի խորհրդաժողով
Երեկ ավարտվեց երկու օր Երեւանում ընթացող ՀՅԴ լրատվամիջոցների խորհրդաժողովը, որի արդյունքների մասին լրագրողներին տեղեկացնելու համար երեկ ասուլիս էին հրավիրել ՀՅԴ-ում, մասնակցում էին Գերագույն մարմնի անդամ Սպարտակ Սեյրանյանը, Բեյրութի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը եւ Լոս Անջելեսի «Ասպարեզ» թերթի խմբագիր Աբո Պողիկյանը: Դաշնակցության խորհրդաժողովին մասնակցում էին ՀՅԴ-ական լրատվամիջոցների երեք տասնյակից ավելի ներկայացուցիչներ աշխարհի տարբեր երկրներից:



Այս խորհրդաժողովն արդեն ավանդույթ է դարձել եւ կազմակերպվում է տարին երկու անգամ: Նպատակը լրատվամիջոցների առջեւ ծառացած խնդիրները քննարկելն է: Խորհրդաժողովի ժամանակ հատկապես որոշվեց հայկական լրատվամիջոցների ջանքերը համատեղել թուրքական եւ ադրբեջանական քարոզչամեքենայի դեմ պայքարում: Շահան Գանտահարյանն ընդգծեց, որ այդ ձեւով հնարավոր կլինի չեզոքացնել մեր նկատմամբ եղած ցանկացած հակահայկական հրապարակում եւ դրանք անպատասխան չթողնել:



«Ասպարեզ» թերթի խմբագիրը նույնպես կարծում էր, որ տարածաշրջանում թուրք- ադրբեջանական գործոնի ակտիվացումը լուրջ խնդիր է եւ դրա դեմ հայկական լրատվամիջոցները պետք է համապատասխան քայլեր ձեռնարկեն: Իսկ Սպարտակ Սեյրանյանը նկատեց, որ հայկական լրատվամիջոցները հակաքարոզչության առումով աչքի են ընկնում անկազմակերպվածությամբ: ՀՅԴ-ական լրատվամիջոցները փորձում են վերացնել այդ անկազմակերպվածությունը: Ասուլիսի ժամանակ հարց հնչեց՝ հնարավո՞ր է, որ առաջիկայում սպասվող հեռուստաընկերությունների լիցենզավորման մրցույթում դաշնակցական «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունը փակվի:



Սպարտակ Սեյրանյանը բացառեց «Երկիր մեդիայի» փակվելը` հիմնավորելով, որ հեռուստաընկերությունը լուրջ տեղ է զբաղեցնում հայկական լրատվամիջոցների շարքում եւ, ի տարբերություն այլ հեռուստաընկերությունների, հանդես է գալիս լուրջ հաղորդումներով ու ծրագրերով: