Բերլուսկոնին գնում է դատարան

Բերլուսկոնին գնում է դատարան
Վերնագիրը հնչում է համարյա ինչպես «Բաբետան գնում է պատերազմ»: Երկրորդ համաշխարհայինի իրադարձություններին նվիրված այդ կատակերգությունը, որի գլխավոր դերակատարուհին Բրիջիտ Բարդոն է, իր ժամանակին ճաշակ ու վարվելակերպ էր ձեւավորում:



Մինչ այսօր էլ կանանց բաբետա սանրվածքը կամ բրիջի կոչվող տաբատները այդ ֆիլմի անմահության վկայությունն են: Իսկ էկրան բարձրանալիս ֆիլմի առաջացրած աղմուկը... Այ դա միանգամայն համեմատելի է այսօր Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի անվան շուրջ տիրող աժիոտաժի հետ: Մի կողմից` տասնյակ հազարավոր մարդիկ Իտալիայի շատ քաղաքներում ցույցեր են անցկացնում ընդդեմ Բերլուսկոնիի, մյուս կողմից՝ նրա վարկանիշն աճում է երկրում: Աժիոտաժի պատճառը Բերլուսկոնիի համար սովորական իրադարձություն է` իրեն նորից կանչում են դատարան: Պրն Բերլուսկոնին Իտալիայի դատական համակարգի վետերանն է: Երկրագնդի վրա ապրելով ընդամենը 74 տարի, իրեն հաջողվել է 106 դատական գործերով կանչվել դատարան: Բնականաբար, ոչ մի անգամ ոչ մի մեղադրանք չի ապացուցվել, այնպես որ՝ Բերլուսկոնին էլ դատարանների հանդեպ իմունիտետ է ձեռք բերել:



Այս անգամ, սակայն, Բերլուսկոնիի դատարան գնալը, որ, ինչպես հայտնի դարձավ նախօրեին, նշանակված է ապրիլի 6-ին, ժամը  09:30-ին, համազոր է Բաբետայի՝ պատերազմ գնալուն: Եվ այն պատճառով, որ զվարճալի պատմություն է, եւ այն՝ որ իրոք վտանգավոր է: Խնդիրն այն է, որ իտալացի դատախազները ջանում են ապացուցել, թե Բերլուսկոնին անչափահասին վճարել է մարմնավաճառության համար: Իհարկե, Իտալիայում ծիծաղելի կլինի մարմնավաճառների հետ կապերի համար մարդուն մեղադրել, դա մեղք չէ ոչ մեկի ընկալմամբ` գուցե բացառությամբ կաթոլիկ եկեղեցու սպասավորների: Սակայն անչափահասի հետ անկողնային կապեր ունենալն արդեն հանցանք է, որ պատժվում է մինչեւ 15 տարի ազատազրկմամբ: Իսկ 74-ամյա հասակում 15 տարվա ազատազրկման հնարավորությունը կենաց-մահու հարց է:



Սակայն ողջ խնդիրն այն է, որ դատական քննության նման ելքը հազիվ թե որեւէ մեկին հավատարժան թվա: Ներկա պահին վարչապետին ներկայացվում է երկու մեղադրանք` ինքը մարմնավաճառության համար վճարել է մարոկացի մի պարուհու, երբ վերջինս եղել է 17 տարեկան: Երկրորդ մեղադրանքը, երբ գողության համար նույն այդ պարուհուն Միլանի ոստիկանությունը ձերբակալել է, վարչապետ Բերլուսկոնիի աշխատակազմից զանգահարել են եւ միջնորդել, որ աղջիկն ազատ արձակվի:



Բերլուսկոնին հայտարարել է, որ, այո, ինքը զանգահարել է Միլանի ոստիկանություն, նախ՝ որովհետեւ աղջիկը դժվարին կացության մեջ էր, եւ նրան պետք էր օգնել: Երկրորդն էլ, որ աննկարագրելի էկզոտիկա է հաղորդում պատմությանը, տեղեկությունն է, թե պրն Բերլուսկոնիին ասվել էր, որ աղջիկը` Քարիմա էլ Մահրուբը կամ Ռուբին, ինչպես նրան կոչում են գիշերային ակումբներում, Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի թոռնուհին է: Թե մարոկացի Ռուբին, որ ինը տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Սիցիլիա, ըստ իր պատմածների` համարյա նույն ժամանակ բռնաբարության զոհ դարձել ազգականների կողմից, ասում են նաեւ՝ փոքրիկ գողություններով զբաղվել մինչեւ գիշերային ակումբների պարուհու կարիերա սկսելը, ի՞նչ կապ կարող էր ունենալ նախագահ Մուբարաքի հետ, մնում է անհայտ: Բայց Բերլուսկոնիի շրջապատից պնդում են, որ հատկապես դիվանագիտական սկանդալից խուսափելու համար է վարչապետը զանգահարել Միլանի ոստիկանություն:



Ինչ վերաբերում է մարմնավաճառությանը եւ Բերլուսկոնիի կողմից դրա համար վճարելուն, Ռուբին հայտարարում է, որ ոչ միայն նման հարաբերություններ երբեք չեն եղել իր եւ վարչապետի միջեւ, այլեւ բառացիորեն համոզում է. «Հավատացեք, նա ինձ հանդիպած միակ մարդն է, որ չի ջանացել ինձ տանել անկողին: Իմ ներկայությունն ուղղակի փարատել է իր միայնակությունը: Նա համարյա նույնքան միայնակ է, որքան ես: Նրա վերաբերմունքն իմ հանդեպ ուղղակի հայրական վերաբերմունք է»: 18-ամյա պարուհու համար վատ խոսք չէ: Համենայնդեպս, հակառակն ապացուցելը բարդ է: Իսկ ի՞նչ է ասում վարչապետը: Դե, նրա օրիգինալությանը ոչինչ չի հասնի: Ասում է այն, ինչ ասել է միշտ. «Ես երբեք եւ ոչ մի կնոջ սիրային կապերի համար չեմ վճարել, իսկ անչափահասների հետ էլ, ներեցեք, նման կապեր չեմ ունեցել»:



Երբ Միջերկրականի ամբողջ հարավային ափում հեղափոխություններ են մոլեգնում ու հասունանում, լավ է, որ գոնե հյուսիսում սիրային պատմություններն են հասարակությանը զբաղեցնում: