Ծառը տնկել է, տունը կառուցել, որդին ունի

Ծառը տնկել է, տունը կառուցել, որդին ունի
Երկար բացակայությունից հետո հայկական էստրադայի կարկառուն դեմքերից մեկը վերադարձավ ասպարեզ: Վերադարձավ, եւ hիմա էկրաններից չի իջնում նրա եւ նոր երգչուհի Սիդնիի դուետը: Վերջին տարիների ընթացքում Արսենը տուն էր կառուցում: Հայ բոմոնդն արդեն երկար ժամանակ սպասում է, թե երբ է Սաֆարյանն ավարտելու տան շինարարական եւ վերանորոգման աշխատանքները՝ հյուրընկալվելու համար:



Նոր տանը Արսենը կառուցում է նաեւ փորձասենյակ եւ ստուդիա՝ աշխատելու համար: Շատ հետաքրքիր էր իմանալ, որ նրա հոբբին է քանդակագործությունը, եւ տանը լինելու է նաեւ արվեստանոց: Նա պատրաստվում է կրկին  ուսանել արդեն հայտնի քանդակագործների մոտ եւ չի բացառում մի քանի տարի անց ցուցահանդես անել: Չնայած Սաֆարյանն արդեն ծառը տնկել է, տունը  կառուցել եւ որդին էլ ունի, բայց նրա աշխատանքային պլանները չեն ավարտվել: Արսենն արդեն 15 տարուց ավելի է՝ երգում է եւ այս ստեղծագործական դադարի ընթացքում փորձել է որոշել, թե ինչ է պետք անել, դեպի որ կողմ գնալ: Այժմ նա ունի մենեջեր, որն զբաղվում է իր բոլոր կազմակերպչական աշխատանքներով, ինքը միայն ստեղծագործում է: Սաֆարյան եղբայրների համագործակցությունն արդեն արդյունքներ է տվել: Արսենը երաժշտություն է գրում, ավագ եղբայրը՝ Արթուրը, խոսքեր: Արսենի երգերի գրեթե 70 %-ը հենց նրանց համատեղ աշխատանքներն են: Հիմա նրանք նոր երգիչ Անրիի համար երգ են գրում: Ինչ-որ կարճ փուլ Արսենը փորձեց զբաղվել Միհրան Ծառուկյանի պրոդյուսինգով, բայց շուտով հասկացավ, որ դա շատ ժամանակ է խլում, եւ տուժում է իր արվեստը: Նրանց համագործակցությունը դադարեց: Այժմ Միհրանն ուրիշ պրոդյուսերի հետ է աշխատում, ինքն ու Արսենը շարունակում են մնալ ընկերներ:



Սաֆարյանների երաժշտական գեները փոխանցվել են նաեւ երեխաներին: Ավագ աղջիկը շուտով 9 տարեկան կդառնա, եւ վոկալի մասնագետ Հովհաննես Նազարյանը կանխագուշակել է, որ 17-ին մոտ փոքրիկ գեղեցկուհին կարող է հայրիկին մրցակից երգչուհի լինել: Արսենի որդին 3 տարեկան է: Փոքրիկն ամբողջ օրը հեռուստացույցի առաջ կանգնած՝ երգում եւ կրկնօրինակում է տեսածը: Ի տարբերություն շատ հայ երգիչների՝ Սաֆարյանն ասում է, որ չի արգելելու երեխաների՝ երաժշտության ասպարեզ մտնելուն: Հակառակը՝ ամեն կերպ կօգնի նրանց: Նա կարեւորում է երեխաներին ճիշտ դաստիարակելը, որ երգելուց առաջ ամուր բազա ունենան: Արսենն ասում է, որ հպարտ կլինի, եթե երեխաները շարունակեն իր ճանապարհը: Նրա հետ զրուցեցինք նաեւ սպասվելիք «Եվրատեսիլի» մասին: Հայ երգիչներին բնորոշ եվրատեսիլյան մոլուցք նրա մեջ չկա: Չնայած սիրով պատրաստ է մեկնել մրցույթին, եթե նման առաջարկ լինի, բայց հատուկ դրան երբեք չի ձգտել եւ չի մասնակցել անգամ նախընտրական փուլերին: Էմմիից Արսենը գեղեցիկ շոու է սպասում: Նա Էմմիին կոչեց «իսկապես երգող երգչուհի»:



«Ջիանի»-ի բուռն ակումբային աշխատանքից հետո Սաֆարյանը բավականին մեծ դադար էր հայտարարել: Վերջերս նրան հրավիրել են նորաբաց «Ժոզ» ակումբ: Միգուցե հենց աշխատանքն է պատճառը, բայց Սաֆարյանը չի սիրում ակումբային կյանքը: Նա չի համարում, որ  «ֆորմայի» մեջ լինելու համար պարտադիր է ինչ-որ տեղ երգել: Նախընտրում է ավելի պասիվ հանգիստ: Հիմա նպատակ ունի իր երգերով որեւէ խմբի հետ ստեղծել ակուստիկ հնչողությամբ մեկ ժամ քսան րոպեանոց ծրագիր, որից հետո պատրաստվում է համերգների: Վերջին անգամ երգիչը մենահամերգ է տվել իր 30-ամյակի առիթով: Սաֆարյանը նաեւ շատ լիբերալ է երգիչների կրտսեր սերնդի նկատմամբ: Չնայած դեմ է «մի երգով աստղերին», բայց հիշում է, որ մի ժամանակ էլ ինքն էր «նոր սերունդ», եւ կոչ է անում բոլոր փորձառուներին քիչ քննադատել երիտասարդներին: Քանի որ, միեւնույն է, երգող երգիչներն այսպես թե այնպես երգելու են, իսկ նրանք, ովքեր ուղղակի մի երկու տեսահոլովակ են նկարում՝ ճանաչված դառնալու համար, ժամանակի ընթացքում դաշտը լքելու են:



Սաֆարյանը մեզ հետ զրույցում չխոսեց իր պլանների մասին: Նա կարծում է, որ նախ պետք է անել, ապա նոր միայն այդ մասին խոսել, եւ ոչ թե հակառակը: Թե չէ՝ ասի, մեկ էլ հանկարծ չստացվի… Դե դա էլ մի բան չէ...



Մարիամ ՄԱՐԳԱՐՅԱՆ