Եգիպտացիք բռնաբարել են ամերիկացի լրագրողուհուն

Եգիպտացիք բռնաբարել են ամերիկացի լրագրողուհուն
Ամերիկյան «CBS News» հեռուստաընկերության հայտնի թղթակից Լարա Լոգանը ծեծի է ենթարկվել եւ բռնաբարվել  Եգիպտոսի մայրաքաղաքի Թահրիրի հրապարակում զանգվածային անկարգությունների ժամանակ: Միջադեպը տեղի է ունեցել անցած ուրբաթ` այն գիշեր, երբ ցուցարարները տոնում էին նախագահ Հոսնի Մուբարաքի հրաժարականը:



Այս մասին հայտնում է «The Guardian»-ը: Այդ գիշեր Լոգանը Թահրիրի հրապարակում կատարելիս է եղել իր մասնագիտական պարտականությունները, երբ մոտ 200 հոգանոց ցուցարարների խումբը հարձակում է գործել նկարահանող խմբի վրա: «Անվերահսկելի վիճակի մեջ ընկած ամբոխն» առանձնացրել է Լոգանին իր գործընկերներից եւ «ենթարկել դաժան եւ տեւական սեքսուալ բռնությունների եւ ծեծի»: Ցուցարարների ձեռքից լրագրողին փրկել են մի խումբ կանայք եւ եգիպտացի զինվորականներ: Լարա Լոգանը լքել է Եգիպտոսը հաջորդ իսկ առավոտյան: Այս պահին նա վերականգնողական կուրսեր է անցնում ամերիկյան հիվանդանոցներից մեկում: Լարա Լոգանը հայտնի է Աֆղանստանի, Իրաքի եւ Կոսովոյի ռազմական կոնֆլիկտները լուսաբանող իր ռեպորտաժներով: