«WikiLeaks»-յան նոր սենսացիոն հրապարակումներ

«WikiLeaks»-յան նոր սենսացիոն հրապարակումներ
«WikiLeaks» կոչվող սկանդալի շուրջ կրքերը չեն հանդարտում: Շարունակվում է նաեւ կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի նկատմամբ դատական գործընթացը. հունվարի 11-ին Լոնդոնի դատարանը որոշեց նրան գրավի դիմաց ազատ արձակել, իսկ գործի վերաբերյալ դատական վարույթը վերսկսվեց փետրվարի 8-ին: Զուգահեռաբար, կայքի վրա ֆինանսական ճնշումներ են գործադրվում:



«WikiLeaks»-ի բանկային հաշիվների սառեցումը հանգեցրեց այն բանին, որ կայքն ամեն օր կորցնում է 500 հազար եվրո: Եվ չնայած բազմաթիվ հովանավորներից շարունակվում են կամավոր փոխանցումները կայքի հաշվի վրա, միեւնույն է` նման ֆինանսական խնդիրները հարցականի տակ են դնում կայքի հետագա գոյությունը: Անձամբ Ասանժը հայտարարել է, որ՝ անկախ ամեն ինչից, կայքը ոչ միայն չի դադարեցնելու իր գործունեությունը, այլեւ հետագա բացահայտումներն էլ ավելի ընդլայնված ու սուր բնույթ են կրելու:



Ինչպես հայտնի է, «WikiLeaks»-ի հեղինակները իրենց ձեռքն ընկած նյութերը մինչեւ կայքում տեղադրելը հասցրել էին տրամադրել որոշ ԶԼՄ-ների, ինչպիսիք են «El Pais»-ը, «Le Monde»-ը, «Der Spiegel»-ը, «The Guardian»-ը եւ  «The New York Times»-ը: Հունվարի վերջից այդ լրատվամիջոցներին միացավ նաեւ ռուսական «Նովայա գազետա»-ն, որն իր ընթերցողներին ներկայացրեց «WikiLeaks»-ում տեղ գտած՝ Ռուսաստանին վերաբերող բացահայտումները:



Դրանցում ի հայտ է գալիս կրեմլյան քաղաքականության ողջ «խոհանոցը». Պուտինի մշակած «Իրավահաջորդ» օպերացիայի մանրամասները, ողջ հնարավոր զարգացումներով, ՆԱՏՕ-Ռուսաստան ոչ բարյացակամ փոխհարաբերությունների բոլոր «նրբերանգները», Մոսկվայում ամերիկյան դիվանագետների ոչ պաշտոնական եւ իշխանությունների համար ոչ ցանկալի հանդիպումները որոշ ռուս գործիչների հետ: Ծանոթանալով այս նյութերին՝ առաջին հերթին հիշում ես ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի այն հայտարարությունը, որ նա արեց, երբ «WikiLeaks»-ի շուրջ աղմուկը նոր-նոր էր բարձրանում. ««WikiLeaks»-ը բացահայտում է ողջ այն ցինիզմը, որով ԱՄՆ պետդեպարտամենտը կառուցում է իր դիվանագիտական քաղաքականությունը, եւ կարելի է պատկերացնել, թե ինչ խանդավառություն կառաջանար ԱՄՆ կողմում, եթե նման փաստաթղթեր բացահայտվեն Ռուսաստանում»:



Եվ այսպես, Պուտին-Մեդվեդեւ «զուգերգը»



Պարզվում է՝ դեռ 2006-ին Պուտինը որպես իր ամենաիրատեսական իրավահաջորդ տեսնում էր երկու թեկնածու` իր ապարատի ղեկավար Դմիտրի Մեդվեդեւին եւ պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովին: Իսկ ահա թե ինչպես վերջնական ընտրությունն ընկավ առաջինի վրա, վկայակոչում են ամերիկյան դիվանագետները` մասամբ մեջբերելով Մոսկվայում որոշ հեղինակավոր քաղաքական գործիչների կարծիքները:



«Իր նախընտրական հաշվարկներում Պուտինը ղեկավարվում էր միայն իր ֆիզիկական եւ ֆինանսական անկախության պոտենցիալ վտանգի զգացումով, ինչպես նաեւ իր հետագա  սոցիալական կարգավիճակով (….)»:



«Մեդվեդեւը Ռուսաստանին կերաշխավորի խոշոր օլիգարխիկ կապիտալի ոչ միայն խաղաղ գոյատեւումը, այլեւ բարգավաճումը, ինչը երկար տարիներ Պուտինը առերես դատապարտում էր, իսկ իրականում ոչինչ չէր անում դրա ազդեցությունը Ռուսաստանի տնտեսական ու քաղաքական կյանքում կրճատելու ուղղությամբ: (….) Պուտինի համար նույնքան կարեւոր են քաղաքական ազդեցության համար պայքարող էլիտայի վրա հիմնված ընթացիկ քաղաքական համակարգի պահպանումը եւ տնտեսական վերահսկումը, որտեղ ինքը եղել եւ մնում է գլխավոր արբիտրը»:



«… Իր նախագահության առաջին իսկ օրերից Մեդվեդեւը ձգտում է պատճենահանել Պուտինի ղեկավարման ձեւը, իր գործողություններում երեւալ առավել կտրուկ եւ վճռական, ինչը չի համընկնում նրա խառնվածքին, եւ կողքից չափազանց արհեստական էր երեւում: Այդ բանը հատկապես շեշտված է նկատել ԱՄՆ էներգետիկայի նախարարը, երբ առաջիններից մեկը պաշտոնական այցի ժամանակ հանդիպել է Մեդվեդեւի հետ»:



ԱՄՆ հաղորդագրություններում հայտնվել են նաեւ որոշ ռուս անվանի դեմքերի տեսակետներ. «Նովայա Եվրազիա» հիմնադրամի նախագահ Անդրեյ Կորտունովը գտնում է, որ «Մեդվեդեւին կարող է սպասել ուժայիններից եւ ռուսական պահպանողական հակաարեւմտյան տրամադրված ուժերից բաղկացած «ականապատ դաշտ»: Եթե Ռուսաստանում իշխանության է գալիս ուժայինների նկատմամբ ուժեղ դիրքեր չունեցող մարդ, ապա նա կարող է գայթակղվել հասարակության հենց այդ խավի, այսինքն քաղաքական էլիտայի նկատմամբ իր լոյալությունը դրսեւորելով, ինչի արդյունքում էլ ,իր համոզմունքներին հակառակ, ստիպված կլինի գնալ կոշտ քայլերի…»:



Իսկ ահա վերջին ժամանակներս իշխանության կոկորդում ոսկոր դարձած ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովն ասել է. «Ռուսաստանին պետք է ազնիվ, հայրենասեր եւ իրականում ուժեղ ղեկավար: Ինչի՞ն է պետք Ռուսաստանի թույլ, անօգնական ղեկավարը: Ակնհայտ է, որ նման իրավահաջորդի ընտրությամբ Պուտինը միայն իր կլանի շահերն է պաշտպանում: Հետեւանքն ակնհայտ է. Կրեմլում կլինի յուրատեսակ երկիշխանություն. մեկը` նոմինալ խամաճիկ նախագահ, մյուսը` ամենազոր ազգային լիդեր, «ռուսական ֆյուրեր»: Մեզ նման իրավահաջորդ պետք չէ»:



Այս հրապարակումների հիմքում ընկած բովանդակությունն ի վերջո հանգում է այն ընդհանրական մտքին, որ 2012 թ. սպասվելիք նախագահական ընտրությունները կանցնեն նույն սցենարով, ինչը որ տեղի է ունեցել 2006-2008 թթ. կրեմլյան քաղաքական դաշտում, այսինքն` Ռուսաստանում Պուտին-Մեդվեդեւ «զուգերգը» երկար է հնչելու:



«WikiLeaks»-ի մեկ այլ հաղորդագրության համաձայն, ամերիկյան դիվանագետները վստահ են, որ Ռուսաստանում հատուկ ծառայություններն այնպես են սերտաճել քրեական կառույցների հետ, որ երկիրը փաստացի դարձել է «բանդիտական պետություն»: Իսկ Պուտին-Մեդվեդեւ փոխկապակցվածությունը ամերիկացիները համեմատում են հոլիվուդյան ֆիլմերից հայտնի Բեթմեն-Ռուբին զույգի հետ, որտեղ գլխավոր հերոսի դերում վարչապետն է, իսկ երկրի նախագահը դարձել է այդ վարչապետի քաղաքական պատանդը:



Ըստ եւս մեկ այլ «WikiLeaks»-յան հաղորդագրության, ամերիկյան որոշ դիվանագետներ պնդում են թե «ՆԱՏՕ-ի անդամ երկրները դեռեւս Ռուսաստանին դիտում են որպես ագրեսոր», իսկ Ֆրանսիայում ԱՄՆ դեսպանը հայտարարել է, թե «ռուսական ուժայինները դեռեւս սառը պատերազմի մենթալիտետ ունեն»: ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի միջեւ լուրջ տարաձայնությունները հիմնականում ծագել են այն պահին, երբ բալթյան հանրապետություններն ու Լեհաստանը ցանկացել են Ռուսաստանից պաշտպանվելու նպատակով իրենց մոտ ՀՀՊ (հակահրթիռային պաշտպանություն) միջոցներ տեղադրել: «Արեւելաեվրոպական մի շարք երկրներ Ռուսաստանին տեսնում են որպես իրենց համար լուրջ սպառնալիք եւ ձգտում են ստեղծել սեփական անվտանգության ապահովման ծրագիր»,- ասված է ՆԱՏՕ-ի ամերիկյան ներկայացուցչի պաշտոնական հաղորդագրության մեջ:



Ֆրանսիայում ՆԱՏՕ-ի զորքերի ամերիկյան ներկայացուցչի հավաստմամբ, իր հետ հանդիպման ժամանակ Ֆրանսիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, թե «Ռուսաստանի վարչակարգն ավտորիտար բնույթ ունի, իսկ երկրի կառավարությունը օլիգարխիան է, որի մեջքին կանգնած են հատուկ ծառայությունները: Մի խոսքով, Ռուսաստանը երկիր է` թվացյալ ժողովրդավարությամբ, որտեղ բացակայում են որոշումների կայացման վրա հասարակական ազդեցության մեխանիզմները: Ռուսաստանի խնդիրների արմատը պետք է փնտրել միայն վարչակարգի մեջ»:



ՆԱՏՕ-ի որոշ շրջաններ գտնում են, որ «միջազգային անվտանգության հարցերում Ռուսաստանը միշտ երկակի խաղ է վարում, ելնելով զուտ իր շահերից, իսկ մասնավորապես Եվրոպական անվտանգության հարցերում ռուսները հաճախ ուղղակի դիմում են բացահայտ սադրանքի»:



Ահա եւ մեկ այլ սենսացիոն հաղորդագրություն, որ վերաբերում է Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան գործունեությանը: Այսպես, ըստ ամերիկյան դիվանագետների Վաշինգտոն ուղարկած հաղորդագրությունների, որոշ ռուս



իրավապաշտպաներ, ընդդիմադիր քաղաքական գործիչներ եւ անկախ լրատվամիջոցների ներկայացուցիչներ պարբերաբար հանդիպում են Օբամայի խորհրդական, ամերիկառուսական «Մաքֆոլ-Սուրկով» խմբի համանախագահ Մայքլ Մաքֆոլի հետ, պահանջելով, որ նա միջնորդի ԱՄՆ համապատասխան ատյաններին` «ավելի ակտիվ դերակատարում ունենալ Ռուսաստանում կատարվող քաղաքական իրադարձություններում»: Փաստորեն, Ռուսաստանում կան ուժեր, որոնք երկրում հեղաշրջման ներմուծման են ձգտում: Այս հաղորդագրության հրապարակումից հետո պաշտոնական Կրեմլը դիմել է ամերիկյան կողմին: Մոսկվայում ԱՄՆ դեսպան Ջոն Բայերլին դեռ չի շտապում բացատրություններ տալ, սակայն ստեղծված իրավիճակը լրացուցիչ լարվածություն է առաջացրել ռուս-ամերիկյան հարաբերություններում:



Լեւոն ԳԵՎՈՐԳՅԱՆ