Բաց նամակ Ազգային Անվտանգության ծառայությանը

Բաց նամակ Ազգային Անվտանգության ծառայությանը
Անցյալ շաբաթ տեղի էր ունեցել մի ասուլիս, որին մասնակցել են տարբեր սերունդներ ներկայացնող երգահաններ Վահրամ Պետրոսյանը եւ Սասուն Պասկեւիչյանը: Մասնավորապես երիտասարդ երգահան Վահրամ Պետրոսյանի կողմից արտահայտված որոշ մտքեր բուռն քննարկումների թեմա են դարձել բլոգերում եւ սոցիալական ցանցերում: Մենք այս կապակցությամբ նաեւ բաց նամակ ենք ստացել Հայազն Երիտասարդների Միաբանությունից` ուղղված Ազգային Անվտանգության ծառայությանը: Մենք տպագրում ենք նամակը, սակայն փոքրիկ խմբագրումներով. հավատարիմ մնալով խոսքի ազատության սկզբունքին` այնուամենայնիվ կոչ ենք անում մեր նամակագիրներին` խուսափել վիրավորական մակդիրների կիրաոումից:



«Փետրվարի 10-ին «Ուրբաթ» մամուլի ակումբում տեղի ունեցած մամլո ասուլիսի ընթացքում Վահրամ Պետրոսյանը, ով իրեն կոմպոզիտոր է հորջորջում, մեծ Հայ, աշխարհահռչակ երգահան Սասուն Պասկևիչյանի հետ տված ասուլիսում հանդես է եկել ակնհայտ պռոադրբեջանական քարոզչությամբ` քանիցս բարձրացնելով թշնամական ադրբեջանի չեղած մշակույթի արժեքը, ստորադասելով ազգային ցանկացած արժեք:



Ներկայացնում ենք բառացի մեջբերումներ ասուլիսից. «Ես շատ եմ ուզում, որ մեր երգերի մեջ լինեն թուրքական էլեմենտներ», «Ես սիրում եմ ադրբեջանական երաժշտություն, նշանակում է որ իմ էության մեջ կա ադրբեջանական երաժշտություն, և իմ բոլոր ընկերները, ես չունեմ էնպիսի ընկեր, ով չսիրի ադրբեջանական երաժշտություն: Նշանակում է, որ նրանց էության մեջ կա ադրբեջանական երաժշտություն»:



Այսպիսի մտքեր է արտահայտում մի ազգի ներկայացուցիչ, ում ազգը ադրբեջան կոչվող պետության ձևավորումից մինչ օրս անդադար կոնֆլիկտների մեջ է ներքաշվում հենց ադրբեջանի կողմից, մի ազգի ներկայաչուցիչ,որը գազանաբար մորթվեց Սումգայիթում, Բաքվում… Ցավալին այն է,որ այսպիսի ելույթ ենք լսում հենց Սումգայիթի ոճրագործության տարելիցի նախօրեին: Համոզված ենք, որ այսպիսիք կարող են մեծ ազդեցություն ունենալ դեռահասների հոգեբանության վրա, և պահանջում ենք ձեռնարկել միջոցներ ազգի այսպիսի քերուկների դեմ:



Հայազն Երիտասարդների Միաբանություն»