ՀԱԿ-ը իշխանությունների հետ չի բանակցում

ՀԱԿ-ը իշխանությունների հետ չի բանակցում
Ոչ ԱՄՆ-ի, ոչ էլ որեւէ այլ կողմի միջնորդությամբ Հայ ազգային կոնգրեսի եւ  իշխանության միջեւ գաղտնի բանակցություններ չեն ընթանում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ մայիսի 4-ին հայտարարեց ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը` հերքելով մամուլում երկխոսության մասին շրջանառվող լուրերը:



Զուրաբյանը շեշտել է, որ իշխանությունների հետ բանակցություններ վարելու նախապայմանը  քաղբանտարկյալների ազատ արձակումն է: Եթե ազատ արձակվեն քաղբանտարկյալները, ապա այդ դեպքում ՀԱԿ-ը կարող է սկսել բանակցել արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացման շուրջ: «Երկու կողմից կնշանակվեն պատվիրակներ, որոնք կքննարկեն ազատ եւ արդար ընտրությունների անցկացման  եւ Հայաստանում լեգիտիմ իշխանություն ձեւավորելու շուրջ հարցեր»,-հայտարարել է Զուրաբյանը:



Անդրադառնալով խոսակցություններին, թե խորհրդարանական ընտրությունների արդյունքում Լեւոն Տեր-Պետրոսյանը հնարավոր է դառնա ԱԺ խոսնակ, ՀԱԿ համակարգողն  արձագանքեց. «Ո՞նց եք պատկերացնում, որ առաջին նախագահը, անցնելով էս ճանապարհը, նվաճելով Հայաստանի անկախությունը եւ հաղթանակելով այս պայքարում, համաձայնի կամ գնա նման առաքելության»: