Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին

Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին
Սիսիանի քաղաքապետը դատի է տվել իրեն չընտրողներին ու... մեռածներին



Մեծարգո Սերժ Ազատի



Վերջին տարիների համաշխարհային ճգնաժամն իր ազդեցությունն է թողել նաեւ սիսիանցի հողագործների վրա: Ճգնաժամի պատճառով չեն մշակվել բազմաթիվ հողակտորներ, եւ չի մուծվել նաեւ դրանց հարկը:



Այս ամենով հանդերձ, ուրախությամբ պետք է նշել, որ պետությունն այս տարի համալիր ծրագիր է իրականացնում գյուղացուն ճգնաժամից հանելու համար, եւ վստահ ենք, որ գյուղացին կկարողանա ոտքի կանգնել: Սակայն պետության որդեգրած քաղաքականությանը դեմ է դուրս եկել նախկին ՀՀՇ-ամերձ, մեկ օրով հանրապետական, այժմ բարգավաճած (նաեւ բառիս բուն իմաստով` հատկապես վերջին երկու տարիներին)  Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը:



Գաղտնիք չէ, որ տարվա այս ժամանակահատվածում հողագործին ֆինանսներ են պետք սերմացու, պարարտանյութ, վառելիք եւ անհրաժեշտ այլ գյուղնյութեր ձեռք բերելու համար: Եվ ահա, օգտվելով հողագործի համար անպատեհ ժամանակից, քաղաքապետը դատի է տվել բազմաթիվ մարդկանց, դատարանի միջոցով պարտադրելով վճարել սեփականաշնորհված հողերի հարկը` հակառակ դեպքում սպառնալով բռնագրավել սեփականաշնորհված հողերը: Հենց հողերի նկատմամբ սեփականության իրավունքի հարկադիր կարգով դադարեցնելու պահանջով էլ քաղաքապետը դիմել է դատարան:  Ավելացնենք, որ քաղաքապետը հիմնականում դատի է տվել այն մարդկանց, ովքեր 2008թ. ՏԻՄ ընտրություններում իրեն ձայն չեն տվել, իսկ զավեշտալի է, որ դատի է տվել նաեւ բազմաթիվ մեռած մարդկանց եւ նրանցից հարկ է պահանջում:



Սիսիանի քաղաքապետ Ա. Հակոբջանյանն իր պաշտոնավարության երկուսուկես տարիների ընթացքում՝



ա. բիզնես ոլորտում զբաղեցրել է ղեկավար պաշտոններ (հանքարդյունահանում, էլեկտրաէներգիայի արտադրում եւ այլն), որն արգելված է ՏԻՄ օրենքով,



բ. Սիսիան քաղաքը վերածել է քարուքանդ փողոցներով, փոշու եւ կեղտի մեջ կորած անհրապույր, մարդկանց առողջության համար վտանգավոր գյուղաքաղաքի,



գ. տեղական տուրքերի համար առանց հիմնավորման սահմանել է ամենաբարձր սահմանանիշը, որի հետեւանքով երկու տարվա ընթացքում բազմաթիվ խանութներ ու կրպակներ փակվեցին` զրկվելով ապրուստի փոքրիկ միջոցից,



դ. մանկապարտեզների վարձավճարը նախկին 1000 դրամի փոխարեն դարձրեց 3000 դրամ, այն էլ կասկածելի կերակրացանկով:



ե. համայնքային աշխատողներին ստիպում է պարտադիր մուծումներ կատարել իր ստեղծած «Սիսիան» հիմնադրամին, որի միջոցները երբեւիցե չեն ծառայել Սիսիան քաղաքին:



Այս ցանկը երկար կարելի է շարունակել՝ ներառելով խոշոր չափերի հասնող ընտրակաշառքները, Շաքիի ջրվեժի եւ Սիսիանի ավազահանքի յուրացումը, ձեւական մրցույթների անցկացումը, պետության ու համայնքի միջոցների հաշվին միայն այն փողոցի ասֆալտապատումը, որտեղ գտնվում է իր նորակառույց «ապարանքը», եւ այլն, եւ այլն:



Մեծարգո նախագահ, քանի որ քաղաքապետն ընտրել է իր համաքաղաքացիների հողազավթման, ֆինանսական ճնշման եւ պետության կողմից իրականացվող ծրագրերին դեմ գնալու ճանապարհը, ապա մենք Ձեզ, որպես ՀՀ Սահմանադրությամբ մեզ երաշխավորի, խնդրում ենք.



1. Պաշտոնանկ անել Սիսիանի քաղաքապետ Ա. Հակոբջանյանին:



2. Միջամտել եւ կասեցնել հողազավթման դատական գործընթացը:



3. Հանձնարարել ուսումնասիրելու Ա. Հակոբջանյան համայնքի ղեկավարի գործունեությունը, որտեղ, վստահ ենք, որ համապատասխան մարմինները, փաստաթղթերը համադրելով իրականության հետ, բազմաթիվ հետաքրքիր փաստեր կգտնեն:



Կառլեն Խաչատրյան, Հմայակ Դավթյան, բազմաթիվ հողատերերի անունից