Դարձյալ շեշտվել է Քաշաթաղի ռազմավարական նշանակությունը

Դարձյալ շեշտվել է Քաշաթաղի ռազմավարական նշանակությունը
Մայիսի 18-ին Արցախի ղեկավար Բակո Սահակյանն այցելել է Բերձոր շրջկենտրոն եւ այնտեղ մասնակցել Բերձոր (նախկին Լաչին) քաղաքի ազատագրման 19-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին: Իր ելույթում Բ. Սահակյանն անդրադարձել է Բերձորի ազատագրման ռազմական, քաղաքական նշանակությանը, այն կարեւոր հաղթանակ համարել հայ ժողովրդի համար, հավելելով, որ առանց այդ շրջանի ազատագրման անհնարին կլիներ պաշտպանել մեր երկրի անկախությունն ու ազատությունը:



Արցախի ղեկավարն այնուհետեւ հայտնել է, որ առանց Քաշաթաղի շրջանի հնարավոր չէ Լեռնային Ղարաբաղի՝ որպես անկախ պետության գոյատեւումը: Նա Քաշաթաղի զարգացումը համարել է համահայկական կարեւորություն ունեցող ռազմավարական խնդիր, ընդգծելով, որ պետությունը կանի հնարավորը դրա շենացման ուղղությամբ:



Անշուշտ, գովելի է, որ, ի տարբերություն ՀՀ նախագահների, ովքեր ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում տարվող բանակցություններում Լաչինը դիտում են որպես Արցախը Հայաստանին կապող լոկ միջանցք, ճանապարհ, արահետ, Բ. Սահակյանը գոնե շեշտել է այդ շրջանի ռազմավարական նշանակությունը, ապա հայտնել, որ «առանց Քաշաթաղի շրջանի հնարավոր չէ Լեռնային Ղարաբաղի՝ որպես անկախ պետության գոյատեւումը»։



Սակայն մտահոգիչ է, որ Արցախի քաղաքական իշխանությունները վերջին շրջանում հիմնականում խոսում են Քաշաթաղի եւ Քարվաճառ-Շահումյան շրջանների՝ մեզ համար ունեցած ռազմավարական կարեւոր նշանակության մասին։ Կարելի է ենթադրել, որ Արցախի ղեկավարության համար մյուս շրջանները նման նշանակություն չունեն, եւ կարելի է զիջել հակառակորդին։



Արեգ Վարդանյան