Ժողովրդի իշխանություն

Ժողովրդի իշխանություն
Ինչքան քիչ բան է հարկավոր մեր ժողովրդին գոհանալու համար: Ընդամենը Երեւանի փողոցներից աղբը մի քիչ մաքրվեց, մի քանի ծառ տնկվեց, եւ մարդիկ արդեն պատրաստ են աչք փակել բազում թերությունների վրա ու քաղաքապետի գովքն անել: Ընդհանրապես մեր ժողովուրդը զարմանալի համբերատար ժողովուրդ է: Չեմ կարողանում մոռանալ, թե ինչպես էր ժամանակին մի փոխոստիկանապետ ասում. «Մեր իշխանությունը պետք է այս ժողովրդի ոտքերը լվա, ջուրը խմի»: Եվ այս արտառոց արտահայտությունն ասում էր այն իմաստով, որ մերոնք բողոքավոր չեն, փողոց ելնող չեն, ջարդող-փշրող չեն, թեեւ բազում պատճառներ ունեն ելնելու ու փշրելու: Բայց հենց այս համբերատարությունն ու հարմարվողականությունն են պատճառը, որ մեր երկիրն ու հասարակությունը բարվոք վիճակում չեն: Պաշտոնյաների թալանն ու լկտիությունը հանդուրժել պետք չէ: Ինչպես պետք չէ հանդուրժել, երբ քեզ նվաստացնում են ու հայտնի կենդանու տեղը դնում: Երբ չես հանդուրժում, պաշտոնյաներն ավելի կարգապահ ու օրինավոր են լինում, երկիրդ՝ ավելի ծաղկուն ու բարեկեցիկ: Ջարդող-փշրող հասարակություններում իշխանությունն ավելի շատ է հաշվետու իր հանրությանը, ավելի կախված նրա կամքից ու վերաբերմունքից: Իսկ այսպես՝ պարզապես լավ ու օրինավոր լինելու իմաստը չկա: Ինչպես իմաստ չկա մրցելու, սեփական արժանիքները ցուցադրելու՝ միեւնույն է, ընտրվելու եւ նշանակվելու են (իսկ դրանք երբեմն նույն բանն են) յուրայինները, հավատարիմները եւ պնակալեզները: Ինչ երկար ճանապարհ ունենք անցնելու մինչեւ այդ «քանդող-փշրող» հասարակություններին հասնելը, որոնք իրականում քաղաքացիական հասարակություններ են՝ շատ ավելի առաջադեմ եւ իրենց իրավունքների համար պայքարող: Եվ ցանկացած երկրի սահմանադրության մեջ հենց սա է ժողովրդի իշխանությունը: