Վռամը չի՞ սպանել

Վռամը չի՞ սպանել
Երեկ մեր խմբագրություն են դիմել 2010թ. մայիսին Կոմիտասում կատարված 23-ամյա Խաչիկ Մկրտչյանի սպանության գործով մեղադրյալ Վռամ Բաղդասարյանի ծնողները: Վերջիններս դժգոհ են, որ մամուլում միակողմանի եւ «ոչ ճիշտ տեղեկատվություն» է տարածվել: Սա այն գործն է, որի քննության ժամանակ պաշտոնական լիազորությունները չարաշահելու միջոցով տվյալների ու ապացույցների խեղաթյուրում թույլ տալու համար ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանն ազատվեց պաշտոնից եւ կալանավորվեց։



Սկզբում նշված արյունոտ «ռազբորկայի» ժամանակ կատարված սպանության մեղադրյալ էր Արաբկիրի նախկին թաղապետ Հովիկ Շահինյանի քրոջ որդին` Արսեն Ահարոնյանը, սակայն  ամիսներ առաջ գործում շրջադարձ եղավ, ու սպանության մեղադրանք առաջադրվեց «ռազբորկայի» մասնակից Վռամ Բաղդասարյանին:



Խմբագրություն դիմած վերջինիս ծնողները պնդում են, որ իրենց տղայի վրա ուզում են բարդել սպանությունը, որ իրենց տղան թեեւ մասնակցել է «ռազբորկային», սակայն ինքը չի կատարել սպանությունը, քանի որ իր մոտ չի եղել այն զենքը, որի կրակոցից մահացել է 23-ամյա երիտասարդը: Վռամի մայրը՝ Անահիտ Աբրահամյանը, նամակներով դիմել է Սերժ Սարգսյանին, ՀՀ գլխավոր դատախազին, ԱԱԾ-ին՝ հայտարարելով, որ նշված դեպքի ժամանակ իր որդու մոտ չի գտնվել այն ատրճանակը, որից արձակված գնդակից մահացել է 23-ամյա երիտասարդը:



«Միգուցե մեր ղեկավարությունը հաշվի կառնեն մեր բողոքները եւ ճիշտ կդատեն: Ամեն մարդ ինքն իրա արածի համար պատասխան տա: Ես էդ եմ ասում»,- մեզ հետ զրույցում ասաց Անահիտ Աբրահամյանը՝ շարունակելով. «Ես համոզված եմ, որ իմ տղան չի սպանողը: Նրա մոտ չի եղել էդ զենքը: Ուրիշ զենք ա եղել»:



Մամուլում, նաեւ մեր թերթում գրվել է, որ Վռամ Բաղդասարյանը Լեւոն Սարգսյանի՝ Ալրաղացի Լյովի սիրելի թիկնապահն է եւ նրա միջնորդությամբ է Վռամն ազատվել մեղադրանքից: Մեր այս դիտարկմանն ի պատասխան՝ Վռամի հայրը հայտարարեց. «Ես չգիտեմ ով է նման հերյուրանքներ տարածում: Մի բան գիտեմ, որ տղաս 2007թ.-ից աշխատել է որպես Արաբկիրի նախկին թաղապետ Շահինյան Հովիկի օգնական, Շահինյան Հովիկը տղայիս հարսանիքի քավորն է: Աշխատել են իրար հետ, ես էլ եղել եմ Արաբկիրի փոխթաղապետ: Իսկ Սարգսյան Լյովիկի հետ ընդհանրապես առնչություն չի ունեցել տղաս: Հովիկ Շահինյանի օգնական էր աշխատում թաղապետարանում, Լեւոն Սարգսյանի ախրանի պե՞տն էր: Ո՞նց կարող է նման բան լինել»:



Ծնողների խոսքերով՝ սպանությունից եւ Հովիկ Շահինյանի քրոջ տղայի խոստովանական ցուցմունքից ամիսներ անց Վռամին ներկայացված սպանության մեղադրանքի հիմքում Արսեն Ահարոնյանի հորեղբոր որդու՝ Հայկ Հակոբյանի ցուցմունքն է, ով թեեւ զինվորական է, Նուբարաշենի 6-րդ վաշտի հրամանատարը, սակայն «ռազբորկայի» մասնակից է եղել, նույն մեքենայի մեջ է եղել ու ցուցմունք է տվել, որ վնասել է գլուխը, սակայն գործով անցնում է ընդամենը որպես վկա: «Հիմա էլ Արսենի հարազատները սուտ ցուցմունքներ են տալիս դատարանում, թե իբր իրենց ասել են՝ Վռամն ա, իբր Շահինյան Հովիկն ա ասել»,-ասում է Վռամի հայրը, ով ԱԱԾ նախկին աշխատակից է: «Երեւի ինքը գիտեր, որ իրա քեռին պետք է իրեն ինքնապաշտպանության հոդվածով ազատեր, բայց որ դրեցին դիտավորյալ սպանության հոդված, մտածեցին՝ չի լինում, բարդեցին Վռամի վրա»: Սպանության մեջ մեղադրվող Վռամի հոր՝ Սամվել Բաղդասարյանի խոսքերով՝ Արսեն Ահարոնյանի հայրն ասել է, թե ինքը մաքրել է մատնահետքերը զենքերի վրայից: «Եթե գիտեիր, որ տղայիս վրա պիտի բողոքես, ինչի՞ համար ես զենքի վրայից մատնահետքերը մաքրել: Հիմա էլ չի գալիս դատարան, որ ցուցմունք տա»: Մեր հարցին՝ երբ Ձեր տղան որոշակի շրջանակների  հետ էր շփվում, մտավախություն չունեի՞ք, որ մի օր նման բան կարող է լինել, Վռամի հայրը այսպիսի պատասխան տվեց.



«Տղայիս քավորն է Հովիկը, ես ի՞նչ իմանայի, որ նման ընթացք կունենա, նման բաներ կսարքեն տղայիս գլխին: Իմ տղան հետո՝ դատախազությունում է իմացել, որ Խաչիկը մահացել է ոչ թե ՏՏ-ի, այլ «Մակարովի» կրակոցից, ու հետո իր փաստաբանին ասել է, որ իր մոտ ՏՏ տեսակի զենք է եղել, ոչ թե «Մակարով»:



Մասնակիցներից Պետրոս Գրիգորյանն ասել է, թե իր մոտ ընդհանրապես զենք չի եղել, բայց բալիստիկ եզրակացությունը ցույց է տվել, որ իր գոտկատեղի վրա նշված զենքի վառոդի, յուղի հետքեր են եղել, ականատես է եղել, որ իր մոտից զենքն ընկել է, կռացել-վերցրել է: Էդ բոլորն անտեսում են ու ուզում են տղայիս վրա սպանություն բարդել: Անցյալ դատին Պետոյի դատապաշտպանը միջնորդեց, որ իրեն համաներմամբ ազատ արձակեն, քանի որ իր վրա խուլիգանության հոդված են դրել, որի վրա համաներումը տարածվում է»: Միջադեպի ժամանակ Արսեն Ահարոնյանը եւ նրա ընկեր Պետրոս Գրիգորյանը հրազենային վնասվածք էին ստացել։ Նրանց վրա կրակել էր Խաչիկ Մկրտչյանը:



«Դուք, որպես հայր, ինչպե՞ս եք գնահատում արյունահեղ ռազբորկաները, որոնց մասնակից է եղել նաեւ Ձեր տղան, եւ չե՞ք կարծում, որ պետք է պատասխան տա»,- հարցրինք Սամվել Բաղդասարյանին: «Շատ վատ գնահատական եմ տալիս՝ ո՞նց պետք է գնահատեմ: Մարդ է մահացել: Բայց թող իմ տղան իր արարքի համար պատասխան տա,  ոչ թե սպանության, որն ինքը չի կատարել: Ոչ թե արյուն վերցնի իր վրա, որը չի արել»: Այժմ Վռամ Բաղդասարյանը, ծնողների խոսքերով, հրաժարվում է մեղադրանքից ու ցուցմունք տալուց: «Դատախազությունում առերեսման ժամանակ Հովհաննես Շահինյանն ասել է, թե՝ Վռամը եկել ինձ ասել է՝ ես եմ սպանողը: Բայց Վռամը Շահինյանին ասել է՝ Դուք ստում եք, Դուք ինձ ասել եք՝ Վռամ, քո վրա վերցրու սպանությունը, ես քեզ կազատեմ, Վռամն էլ ասել է՝ գնա քրոջդ տղուն ազատի, ինչի՞ համար ես իմ վրա վերցնեմ: Շահինյանը դատախազությունում հայտարարել է, թե՝ ես քեզ նման բան չեմ ասել, Վռամն էլ պատասխանել է, թե՝ ես էլ քեզ չեմ ասել, որ ես եմ սպանել»:



Մեր հարցին, թե գործում ի՞նչ դերակատարություն է ունեցել Հովիկ Թամամյանը, սպանության մեջ մեղադրվողի հայրը պատասխանեց. «Թամամյան Հովիկը չեմ իմանում ինչ առնչություն պետք է ունենար էդտեղ, եթե կա Արաբկիրի բաժին, կա քննիչ, կա դատախազ»:



Նշենք, որ Վռամ Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի (սպանություն), 6-րդ (շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) եւ 10-րդ (շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) կետերով։ 235 հոդվածի 1-ին (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) եւ 258 հոդվածի 4-րդ մասերով։ Ի դեպ, 104 հոդվածի 2-րդ մասը` սպանությունը, պատժվում է ազատազրկմամբ 8-15 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ։