Հանցագործությամբ ինքնահաստատվում են

Հանցագործությամբ ինքնահաստատվում են
Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժնի կողմից կատարված ուսումնասիրություններից պարզվել է, որ հանցագործ անչափահասները հիմնականում գողություններ են անում: Արձանագրվել է կողոպուտի միայն մեկ դեպք:



«Սակայն վերջին երկու տարիներին գողության դեպքերը կտրուկ նվազել են, իսկ դրան հակառակ՝ աճել են հանրությանը դիտավորյալ վնաս պատճառելու դեպքերը: Վերջին երկու տարվա 6 դեպքերից 3-ը տարբեր աստիճանի մարմնական վնասներ պատճառելու դեպքեր էին»,- Կապանի քաղաքապետարանում կայացած երեխաների իրավունքների պաշտպանությանը նվիրված քննարկմանը հայտարարեց  Կապանի բաժանմունքի անչափահասների գործերով բաժնի պետ Զառա Վարդանյանը:



2009-ից սկսած՝ անչափահասների շրջանում հանցավորության կտրուկ նվազում է արձանագրվել: 2009-2011թթ. ընթացքում գրանցվել է հանցագործության 6 դեպք, մինչդեռ 2008-ին եղել է 6, 2007-ին՝ 9 դեպք: Հիմնականում օրինախախտները 16-18 տարեկան են: Իրավապահները գտնում են, որ պատճառը ինքնահաստատման ձգտումն ու հասակակիցներից տարբերվելն է:



Ի դեպ, Կապանի  տարածաշրջանում անչափահասների կողմից կատարված հանցագործություններում բացակայում են բռնի, առանձին դաժանության դրսեւորումները: Օրինազանց  անչափահասների արարքների պատճառը սոցիալական վիճակը չէ. երկու դեպք է արձանագրվել, որ հանցագործության կատարմանը նպաստել են չափահասի ազդեցությունը եւ խմբայնությունը, սակայն այս դեպքերում էլ դրականն այն է, որ արարքներում բացակայում է նախապատրաստվածությունը:



Արձանագրվել են նոր թմրանյութի իրացման դեպքեր:  Հանցագործությունը կատարվել է նախկինում դատապարտված չափահաս անձի ազդեցության տակ, եւ անչափահասի կողմից դրսեւորվել է ինքնահաստատման վարքագիծ: