Սիրահարների այգում փոքրիկներն էին

Սիրահարների այգում փոքրիկներն էին
Երեկ՝ հունիսի 1-ին, Երեխաների պաշտպանության օրը, Սիրահարների այգում Հայաստանի երիտասարդական հիմնադրամի «Բազե» ակումբը կազմակերպել էր «Պաշտպանենք երեխաներին տարին ոչ մեկ օր» խորագրով լուսանկարչական աշխատանքների մրցույթ-ցուցահանդես, որին ներկայացվել էին ավելի քան 50 հեղինակների մոտ 100 լուսանկարներ:



Ժյուրիի անդամ Զավեն Սարգսյանը նշեց, որ դժվար էր աշխատելը, որովհետեւ նկարների մեծ մասը սիրողական մակարդակի ֆոտոներ էին, որոնք երեխաների հարազատների կողմից էին արված: Զավեն Սարգսյանն ասաց, որ ժյուրին ավելի շատ գնահատել է այն լուսանկարները, որոնցում բարձրաձայնվել է ինչ-որ խնդիրների մասին. «Որովհետեւ երեխաներն այսօր ցավալիորեն այնքան էլ պաշտպանված չեն ու խնդիրներ ունեն»:



Լավագույն 3 լուսանկարների հեղինակները պարգեւատրվեցին պատվոգրով, հուշամեդալով եւ գրքերով: Ցուցահանդեսի փակման օրը՝ հունիսի 3-ին, կամփոփվի նաեւ «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգը, որի հաղթողը որոշվելու է ըստ այցելուների քվեարկության: Իսկ այգում կազմակերպված տոնը երեխաների համար ավելի տոնական դարձավ «Երեւանյան պինգվին» պաղպաղակի գործարանի շնորհիվ, որը բոլոր ներկաներին հյուրասիրում էր իր արտադրանքը:



Սիրահարների այգում, փոքրիկներից բացի, պակաս ոգեւորված չէին նաեւ նրանց տատիկներն ու պապիկները: Թոռնիկների հետ պաղպաղակ ուտող Սուրեն պապը, հիշելով իր մանկության օրերը, անհամեմատելի համարեց իր ժամանակի եւ այսօրվա երեխաներին, զուգահեռ անցկացնելով. «Դա ոնց որ սովետական իշխանությունն ու էսօրվա մեր իշխանությունը»: