Ջուրն էլի պղտորվեց

Ջուրն էլի պղտորվեց
Երկու օր է, ինչ Քաջարանի եւ Կապանի բնակիչներին մատակարարվում է պղտոր ջուր: Նշենք, որ եթե Կապանի ջրամատակարարումն իրականացնում է «Հայջրմուղկոյուղու» հարավային  մասնաճյուղը, ապա Քաջարանի ջրամատակարարումը համայնքային ենթակայության է: Քաջարանում երեկ ընդհանրապես ջուր չի եղել: Քաղաքապետ Վարդան Գեւորգյանի խոսքով, ձնհալից ու գարնանային անձրեւներից ջուրը պղտորվել էր, եւ նույնիսկ քարերը փակել էին ջրատարը:



Ինչ վերաբերում է Կապանի ջրամատակարարմանը, ապա կայանի սարքավորումները չեն հասցնում ֆիլտրել ջուրը: Այդ իսկ պատճառով ջրամատակարարման գրաֆիկում փոփոխություն է կատարվել, եւ բնակիչներին ջուրը մատակարարվելու է ժամով: Մեր տեղեկություններով, վաղը Մեղրի է ժամանելու «Հայջուր»-ի տնօրեն Պատրիկ Լորենը:



Նա խոստացել է ուրբաթ լինել Կապանում եւ քննարկել ստեղծված իրավիճակը: Հիգիենիկ եւ հակահամաճարակային կենտրոնի Սյունիքի մասնաճյուղի տնօրեն Լենա Մալինցյանը տեղեկացրեց, որ չնայած պղտորությանը, «ջրի մեջ որակական փոփոխություններ չկան»: Այնուամենայնիվ, սանիտարական գլխավոր բժիշկը սպառողներին խորհուրդ է տալիս ջուրն օգտագործել եռացրած վիճակում: